l

lifestyle

ՔԱՅԼԻՐ ami-Ի ՀԵՏ. Հարցազրույց ami shoes կոշիկի բրենդի հիմնադիր Արմինե Խախամյանի հետ

Ընդամենը շաբաթներ առաջ հայկական արտադրության կոշիկների անվանաշարքում հայտնվեց ևս մեկը`ami shoes, և միանգամից անտարբեր չթողեց այն կանանց, ովքեր առանձնահատուկ տեղ են տալիս կոշիկին: Նանե Վարդանյանի զրուցակիցն ապրանքանիշի հիմնադիր Արմինե Խախամյանն է, ով խոսում է կնոջ զգեստապահարանի այս կարևոր ու քմահաճ «բաղադրիչի» մասին:

-         Արմինե’, լավ հիշում եմ այն պահը, երբ առաջին անգամ պատմեցիր քո գաղափարի մասին: Ճանաչելով քեզ բավական երկար ժամանակ` ես չէի էլ կասկածում, որ դու այն կիրագործես...

-         Շուրջ 5 տարի մտածում էի ոճային կոշիկների նոր անուն ստեղծելու մասին և, ի վերջո, արեցի դա: Երբ տարիներ շարունակ ապրում ես մի մտքով և երազանքով, վաղ թե ուշ պահը հասունանում է: Ami shoes-ի կոշիկները կարվում են Հայաստանում, բոլորը ձեռքի աշխատանք են և, որ ամենակարևորն է, բնական կաշվից են և զամշից: Յուրաքանչյուր նմուշ երկար ժամանակ «եփվում է» գլխումս. հաշվի են առնվում մի շարք գործոններ, այդ թվում և այն, թե ինչ կցանկանա կրել մեր հաճախորդը:

-         Իսկ ի՞նչն էր ամենադժվարը:

-         Կարծում եմ` ամեն դեպքում դժվարն առաջին քայլն անելն է, հետո արդեն ինքնաբերաբար հաջորդն ես անում: Դժվարություններ ամեն քայլափոխի են հանդիպում, բայց ոչինչ հեշտ չի տրվում: Երբ ունես հստակ նպատակ և այն իրականացնելու ցանկություն, ապա մնում է միայն շատ աշխատել: Հաջողության բանաձևն ինձ համար այսուհետ մեկն է` գոհացնել հաճախորդին, պահել բրենդի բարի համբավը և միշտ ստեղծել որակյալ արտադրանք:

-         Ինչո՞վ է տարբերվում ami shoes-ը շուկայում առկա մյուս անուններից: Իսկ դրանք այսօր, ինքդ էլ գիտես, որքան շատ են:

-         Միշտ դժվարությամբ եմ կարողացել այնպիսի կոշիկ գնել, որն իր մեջ կամփոփի հետևյալ երեք հատկանիշները` որակ, ճաշակ, հարմարավետություն: Շատ երկար աշխատեցինք, որպեսզի կարողանանք համադրել այս հատկանիշները: Կարծում եմ` յուրաքանչյուր կին հենց այս համադրությունն է փնտրում կոշիկ ընտրելիս: Մենք չենք արտադրում մասսայական սպառման կոշիկ, լավ ճանաչում ենք` ով է մեր սպառողը, իսկ նա պետք է միշտ տարբերվի:

-         Այսօր երևի թե բոլոր բնագավառներում մեծապես կարևորվում է բովանդակությունը վառ փաթեթավորելը: Դու ինքդ դրան մեծ ուշադրություն ես դարձնում. բավական է միայն մտնել ami-ի ֆեյսբուքյան էջն ու տեսնել, որ այդպես է...

-         Այո’, մեծ ուշադրություն եմ դարձնում մատուցմանը. դա առաջին հայացքն է քո ապրանքին: Յուրաքանչյուր բնագավառում կարևորում եմ սպասարկումը և շատ լավ գիտակցում եմ` ինչպես պետք է աշխատել հաջողության հասնելու համար:

-         Դեռևս առցանց եք աշխատում...

-          Այո’, դեռ աշխատում ենք առցանց, առաքումով: Շատ շուտով կունենանք մեր առաջին անկյունը:

-         Արմինե’, քո կարծիքով, ինչպիսի՞ կոշիկներ պետք է տեղ գտնեն կնոջ պահարանում:

-         Իմ համոզմամբ` կոշիկը կնոջ լուքի ամենակարևոր դետալներից է, որը երբեք շատ չի լինում: Կինը պետք է կրի հարմարավետ կոշիկ, որն արդեն կարող է լինել նաև գեղեցիկ, իսկ երբ այդ երկու հատկանիշներն առկա են, ապա... աշխարհն այլևս կնոջ ոտքերի  տակ է (ժպտում է.- հեղ.): Հարմարավետ կոշիկն ինքնավստահություն է տալիս. սա արդեն վաղուց ապացուցված իրողություն է:

-         Ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվել, թե ինչ-որ մեկն աշխարհի ինչ-որ մի կետում հատուկ քեզ համար մեկ օրինակով կոշիկ է կարում, այնքան դրանք համահունչ են եղել քո` տվյալ օրվա  լուքին... Կա՞ կոշիկ ընտրելու փորձված մեթոդ, որ խորհուրդ կտաս կանանց չանտեսել:

-         Ես ինքս հագնում եմ շատ տարբեր ոճի կոշիկներ, սիրում եմ անհամադրելի իրեր համադրել: Եթե շատ կանայք հագուստով են առաջնորդվում կոշիկ ընտրելիս, ապա ինձ մոտ հակառակն է` սկզբից կոշիկն եմ մտովի պատկերացնում, հետո՝ ինչ հագուստի հետ այն համադրել: Իսկ ինչ վերաբերում է կոշիկ ընտրելու մեթոդներին, ապա ասեմ` կինը պետք է առաջին հերթին կրի այն կոշիկը կամ հագուստը, որն իրեն սազում է և հարմար է` իհարկե հաշվի առնելով նաև տենդենցները և ոչ թե այն, թե ինչ է առաջարկում շուկան կամ ինչ են կրում բոլորը:

-         Քայլիր ami-ի հետ... Սա ապրանքանիշի կարգախոսն է: Ինչպիսի՞ն է, քո պատկերացմամբ, այն կինը, ով կրում է ami shoes:

-          Ճաշակով, համարձակ, ինքնաբավ... Կին, ով գիտի` ինչ է ուզում և ինչպես դրան հասնել:

back-top