l

lifestyle

Բիոնսեի շոուն, Հայերը ցուրտ Ստոկհոլմում և միշտ արևոտ Փարիզը

Միանգամից ասեմ, երբեք չգնաք հանգստանալու Ստոկհոլմ: Ցուրտ, անիմաստ թանկ ու մոխրագույն: Նույնիսկ Բիոնսեի ու Ջոյ Զիի շոուն չփոխեց մեր բացասական կարծիքը քաղաքի հանդեպ, բայց քանի որ ամեն ինչ արդեն ամրագրված էր ու վճարված մեզ մնում էր միայն հետևել հայտնի անեկդոտին, թուլանալ ու հաճույք ստանալ: Եթե պատրաստվում եք մեկնել Ստոկհոլմ, պահեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջի պատին, քանի որ այստեղ բոլոր անհրաժեշտ հասցեներն են....

  • Kamo Tovmasyan

Առաջին անգամ մեր թիմը որոշեց մեկնել ճանապարհորդության առանց հովանավորի, քանի որ հաճախ էին գրում մեզ, որ նույնիսկ արտերկրում մենք անդադար գովազդում ենք հայկական բրենդեր: Այս անգամ որոշեցինք պարզապես մեկնել Փարիզ, ապա Ստոկհոլմ, որպեսզի ձեզ ներկայացնենք Ջասթին Թիմբերլեյքի ու Բիոնսեի շոուները..Ջեյ Զիին հա մոռանում եմ: Ամեն ինչ ամրագրեցինք, ամեն ինչ հաստատեցինք ու վերջին օրերին Ջասթինը տեղափոխեց փարիզյան համերգը, տոմսերը վերավաճառեցինք, բայց էլ չէինք կարող ներկա լինել համերգին: Որոշեցինք ամեն դեպքում գնալ Փարիզ, գիտեք, Փարիզը միշտ էլ ակտուալ է, արևոտ ու հյուրընկալ:

Այս ամսին Փարիզի Grand Palais-ում հետաքրքիր ցուցահանդես կա՝ Արտիստներ և Ռոբոտներ: Ինձ հետաքրքիր էր, բայց թիմիս ոչ, նրանք անվանեցին սա Ծխածների ցուցահանդես: 

Տոմսի արժեքը 14 եվրո էր, ու իրականում բացի մի քանի հետաքրքիր սրահներից ոչ մի առանձնահատուկ բան չկար այստեղ, դուրս գալուց պահանջեցինք վերադարձնել մեր փողերը, բայց աշխատողներից ոչ ոք հայերեն չգիտեր...

Հիանալի ցուցադրություն կար Foundation Louis Vuitton ժամանակակից արվեստի թանգարանում: Այ այստեղ արժեր վճարել 14 եվրո:

Գլխավոր սրահում Տակաշի Մուռակամիի աշխատանքներն էին, սակայն մնացած 7 սրահներում ոչ պակաս աշխատանքներ էին ցուցադրված: 

Հրաժեշտ տալով Փարիզին մեկնեցինք Ստոկհոլմ...

Մոտ 1 մլն բնակչությամբ Սկանդինավյան ամենամեծ քաղաքը Մելարեն լճի շնորհիվ մշտապես քամիների և սառը օդի կենտրնում է: Այն կառուցված է 14 կղզիների վրա և նույնիսկ ամռանը ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է +22: Որպեսզի չշփոթվեինք, 100 կրոնը մոտ 10 եվրոյի է վերածվում, այսինքն ցանկացած գնման դեպքում վերջին 0-ն հանվում է: Գործում են տրամվայներ, որոնցից իհարկե դժվար է օգտվել ուղղությունները չիմանալու պատճառով, այնպես որ ամենահեշտ տարբերակը դա տաքսին է, կենտրոնական հատվածում մինիմալ արժեքը կազմում է մոտ 10-15 եվրո: Իմ գնահատականը՝ երբեք մի մեկնեք Ստոկհոլմ, պարզապես մի մեկնեք:

Շատ հետաքրքիր հյուրանոց էինք ամրագրել, նախ ասեմ, որ հյուրանոցները բավական թանկ էին, ինչպես Ստոկհոլմում ամեն ինչ, մոտ 6 օրվա համար 700 եվրոյով ամրագրել էինք կենտրոնական հատվածում գտնվող GENERATOR հոսթելը: Պարզվեց հոսթելն ավելի լավ հյուրանոց է, քան մեր փարիզյան հյուրանոցը: Տեսել եք Մարայա Քերիի գովազդը, որտեղ նա գնում է հոսթել...այ նման հոսթել էր, պարզապես հիացած ենք: Առաջին հարկում մեծ լաունժն էր, որտեղ ֆուտբոլ էինք դիտում, խաղասրահներ, բար, ռեստորան...այ նման վայր է պակասում Երևանին:

Քանի որ Ստոկհոլմում ցուրտ էր, առաջինը, որ փորձեցինք գտնել դա լողավազանն էր: Պարզվեց այս քաղաքում գրեթե չկան բացօթյա լողավազաններ: Եզակի օրինակ էր HIMLEN հյուրանոցի 8-րդ հարկում գործող Selma City տերմո-լողավազանը, որը մեղմ ասած շատ փոքր էր, ջուրը 40 աստիճան էր, մուտքը 50 եվրո: Եվ նորից հիշում եմ հայտնի անեկդոտը, որը խորհուրդ է տալիս թուլանալ ու հաճույք ստանալ:

Կա ևս մեկ լողավազան, որն արդեն քաղաքային լողավազան է, մուտքի արժեքն է 10 եվրո, գտնվում է այն կենտրոնից մի փոքր հեռու, հիշեք անվանումը՝ Nya Vanadisbadet

Համերգի օրը....նախ պարզեցինք, որ Բիոնսեի ու Ջեյ Զիի համերգի տոմսերը ամենաթանկն են՝ 250 եվրո, այն դեպքում, երբ ասենք Բեռլինում նույն շոուն, որը 3 օր անց պետք է լիներ առաջարկում էր գնել տոմսեր 100 եվրոյով: Այսինքն Ստոկհոլմում հավանաբար հարկերն այնքան շատ են, որ տոմսերի գները եռակի թանկ են: Դե, հասկացաք, արդեն գնել էինք տոմսերը...թուլացեք և...

Ուրեմն 1 ժամ սպասեցինք հերթում, երկու ժամ սպասեցինք դահլիճում և 19.00-ի փոխարեն 21.00-ին նրանք նոր բեմ բարձրացան: Ոտքերս արդեն չկային, նոր Nike-երս էլ փարսի պես խփում էին...

Շքեղ շոու, 8-9 հագուստ փոխեց Բիոնսեն, այդքան էլ Ջեյը, ավելի շատ երգեց Ջեյ Զին, իսկ 2 ժամ ռեփ լսելը դա նյարդերի վրա կոնկրետ կարող է ազդել: Նույնիսկ Բիոնսեն ոչ թե երգում էր այլ ռեփ էր կարդում, երգերի արանքում էլ դեպրեսիվ գենգսթա վիդեոներ էին ցույց տալիս: 

Մի խոսքով կամ ես էլ անտրամադիր, կամ էլ շոուն իրոք շատ ծանր էր, ագրեսիվ ու տարիքի հետ չկապեք, ես լավ, բայց 22 տարեկան աշխատողներս էլ չդիմացան: Այո, խոստովանում եմ 1 ժամ հետո դահլիճից դուրս եկանք, համ էլ չէինք կարողանում կանգնել, համ էլ արդեն ականջներս բան չէր լսում:

Մի բան էլ ավելացնեմ, օրինակ Լեդի Գագայի ու Մադոննայի ժամանակ, նաև Ջեյ Լոյի, բեմն այնպես էր կառուցված, որ արտիստը շատ բարձր էր կանգնած, ու բոլոր նրանք, ովքեր գնել էին ամենաթանկ տոմսերը, այսինքն հենց բեմի մոտ կանգնած տոմսերը, շատ պարզ տեսնում էին շոուն: Իսկ այստեղ արտիստը հանդիսատեսի հավասար հարթակում էր ու ոչինչ չէր երևում, նայում էինք էկրաններով, հետո նույնիսկ բարձրացանք աջ տրիբունա ու հասկացանք, որ այնտեղից ամեն ինչ շատ ավելի պարզ է երևում:

Շարունակում ենք...Բացահայտում ենք Ստոկհոլմը: Սա Vasamuseet-ն է, եթե սեր ունեք պատմության ու նավերի հանդեպ, արժե այցելել այստեղ: Տոմսի արժեքն է 12 եվրո:

ՎԱՍԱ-ն XVII-րդ դարում կառուցվել է Շվեդիայի ՎԱՍԱ թագավորական դինաստիայի հրամանով և այն պետք է դառնար գլխավոր շվեդական մարտական նավը: 2 տարի տևած աշխատանքներից հետո ՎԱՍԱ-ն 1628 թ.-ի Օգոստոսի 10-ին դուրս է գալիս ճանապարհորդության և հենց նույն օրը տեխնիկական անսարքության պատճառով խորտակվում է: 333 տարի անց ռազմական նավը դուրս են բերում ծովի հատակից և 1990 թ.-ին նրա շուրջը կառուցում թանգարան: 

Vasamuseet-ն այսօր Ստոկհոլմի ամենաայցելվող թանգարանն է, որն ունենում է 1 մլն այցելու յուրաքանչյուր տարի: Ոչ ֆոտոներում և ոչ էլ վիդեոտարբերակով Դուք չեք կարող նավի իսկական մասշտաբները պատկերացնել, հավատացեք իրականում այն ավելի մեծ է ու աննկարագրելի տպավորիչ: Երկարությունն է մոտ 70 մետր, լայնությունը մոտ 12 մետր, բարձրությունը մոտ 53 մետր:

Սա թագավորական պալատն է, դե այստեղ հասկանալի է, ինչպես են ապրել, ինչպես են սնվել.....կարծում եմ բոլորդ եղել եք տարբեր քաղաքներում նման պալատներում, ոչ մի արտառոց բան...

Եթե երաժշտության հանդեպ սեր ունեք այցելեք ABBA. The Museum: Լեգենդար շվեդական խմբին նվիրված մեծ թանգարան, որտեղ խմբի ստուդիան է, ետնաբեմը, տարբեր ֆոտոզոնաներ, տարբեր խաղեր..հետաքրքիր էր, չնայած 25 եվրո չարժեր: 

Սա Gröna Lund's Amusement Park-ն է, որտեղ ատրակցիոններ են, ոչ այնքան համեղ ռեստորաններ և այլն: Մուտքը՝ 12 եվրո, ատրակցիոնների այցելությունը 35 եվրո բոլորը միասին:

Սա ֆոտոյի թանգարանն է՝ FOTOGRAFISKA-ն: Այս օրերին, ցավոք հատուկ ցուցադրություն չկար, բայց տարվա ընթացքում լինում են անվանի նկարիչների աշխատանքների ցուցադրությունը, այնպես որ մեկնելիս ճշտեք, թե տվյալ շրջանում ինչ ցուցադրություններ են ընթանում և այցելեք: 

Ասեմ, որ Ստոկհոլմում ոչ միայն ուրբաթ-շաբաթ օրերն են ակումբային, այլև չորեքշաբթի: Աշխատանքային շաբաթը կիսվում է, ու մարդիկ դա ևս տոնում են: Ամենուր փարթիներ են after-work խորագրով: Շատ մեծ ուշադրություն է հատկացվում դրես-կոդին, շորտերով տղաների ներս չեն թողնում, շատ տեղերում մինչ 22 տարեկան տղաներին ներս չեն թողնում, ուշադիր կարդացեք պայմանները: Ամենահայտնի բացօթյա ակումբը Trädgården-ն է, նաև սիրված է Södra Bar-ը, ամենագլամուրայինը՝ Josefina-ն է, բացօթյա սրճարաններից կնշեմ F12 Terrassen-ը և Strömterrassen-ը: Բոլորի հղումները տրված են, ինքներդ արդեն հետևեք միջոցառումների ցանկին և այցելեք:

Սա հին քաղաքի ամենահին բարն է՝ Skeppsbron 44 հասցեում գործող SKEPPSBAR-ը, որի տնօրենները մեր հայրենակիցներն են:

Հենց այստեղ ծանոթացանք Արամի և Հռիփսիմեի հետ, ովքեր տարիներ առաջ եկել են Ստոկհոլմ, բայց թավշյա հեղափոխությունից հետո սկսել են մտածել Հայաստան վերադառնալու մասին: 

Եվ վերջում, թերևս ամենագեղեցիկ վայրը, որտեղ դուք կարող եք հայտնվել Ստոկհոլմում: Մետրոն Ստոկհոլմում կոչվում է Tunnelbana, այն բաղկացած է 100 կայաններից, որոնցից 47-ը ստորգետնյա են և դրանցից մի քանիսը փորված են ժայռերի մեջ: Ավելի քան 100 դիզայներներ, ճարտարապետներ և նկարիչներ են մասնակցել 64 տարվա պատմություն ունեցող Tunnelbana-յի ստեղծման ընթացքին, որի արդյունքում Ստոկհոլմի մետրոպոլիտենը համարվում է Եվրոպայում ամենագեղեցիկը:

Տոմսի գինը հիմա կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ Մենք վճարելով մոտ 15 եվրո ունեցանք 4 անգամ օգտվելու հնարավորություն: Իմանալով ստոկհոլմյան մետրոպոլիտենի գեղեցկության մասին, Մենք փորձեցինք տեսնել տարբեր կայաններ, սակայն ընթացքում հասկացանք, որ իրականում պետք է կոնկրետ տեղեկացված լինել, թե որոնք են լավագույնները, քանի որ մնացած գծերը մեր մետրոյից առանձնապես չէին տարբերվում: Դուք պարզապես պետք է հարցնեք աշխատակցին, թե որտեղ է պետք գնալ, չնայած, որ նրանք միաձայն պնդում էին թե բոլոր կայաններն էլ գեղեցիկ են, այնուամենայնիվ այս ֆոտոներում պատկերված կայանները մի քանիսն են:

Դե ինչ այսքանը, կարծում եմ հետաքրքիր անկյուններ կարողացա ներկայացնել, հուսով եմ ձեր ճանապարհորդությունն ավելի հետաքրքիր կանցնի:

back-top