l

lifestyle

ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյան նահանգների անկախության 241-րդ հոբելյանը

Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 241-րդ տարեդարձը և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները հաստատման 25-ամյա հոբելյանը:  Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր գնահատական տվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերությանը:

  • Kamo Tovmasyan

Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, որ այս տարվա միջոցառմամբ ԱՄՆ դեսպանատունը երկու առիթ է նշանավորում, մեկը՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:  «Երբ խորհրդածում եմ անկախության շնորհների ու մեծ պարգևի մասին, մտովի ոչ միայն Միացյալ Նահանգներն եմ դիտարկում, այլ նաև Հայաստանը, որն այնքան շատ ձեռքբերումներ է ունեցել 1991թ. իր անկախությունը հռչակելուց ի վեր: Միացյալ Նահանգների պարագայում, ես պատմագրության շնորհիվ կարող եմ միայն պատկերացնել, թե ինչպիսին էր իրավիճակը, երբ մեր հիմնադիր հայրերը անկախություն հռչակեցին, մինչդեռ Հայաստանի պարագայում ես պատիվ եմ ունեցել լինել նորանկախ Հայաստանի Հանրապետության ծննդյան ու առաջին քայլերի ականատեսը», – ասաց դեսպան Միլսը:

Դեսպանը որոշ դրվագներ հիշեց այն օրերից, երբ 25 տարի առաջ նա ԱՄՆ պետքարտուղարությունում զբաղեցնում էր նորանկախ Հայաստանի հետ կապերի գծով պատասխանատուի պաշտոնը և խոսեց մեր երկու ժողովուրդների անշեղ գործընկերության և անկեղծ բարեկամության մասին: «Վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կապեր ենք կերտել դիվանագիտական, զարգացման, ռազմական, կոմերցիոն տիրույթներում ու մեր ժողովուրդների միջև: Մեր հարաբերությունները խարսխվում են այս կապերի վրա և առաջիկա տարիներին մենք կփորձենք առավել խորացնել մեր գործընկերությունը», – ասաց նա:

Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախմբի և ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մեյոյի կատարմամբ հնչում էր ամերիկյան ու հայկական ջազ: Առաջիկա 2 շաբաթների ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախումբը  համերգներով հանդես կգա Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում, և այս ամենն ԱՄՆ դեսպանության «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնության շրջանակում, որն առանձնահատուկ տեղ է գրավում հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը նշանավորող բազմաթիվ միջոցառումների շարքում: Մշակութային բաղադրիչից զատ, որի ներքո կլինեն անվճար ջազ համերգներ,  վարպետության դասեր, ամերիկյան ֆիլմերի ցուցադրումներ, գրքերի ընթերցանություն, նախատեսվում են նաև հանդիպումներ վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Խաղաղության կորպուսի ու դեսպանատան հետ գործակցած համայնքների ու մարդկանց հետ՝ նշանավորելու այն ձեռքբերումներն ու իրական դրական տեղաշարժերը, որ արձանագրվել են բազմաթիվ հայ մարդկանց կյանքում՝ բարեկեցիկ ու ժողովրդավար Հայաստան կերտելու մեր ընդհանուր նպատակը կենսագործելու ճանապարհին:

Անկախություն տոնը, որն ամերիկացիները համարում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրը, նշվում է հուլիս 4-ին՝ նշանավորելով Անկախության հռչակագրի ընդունումը 1776թ. հուլիսի 4-ին:

back-top