l

lifestyle

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ

Ողջույն, Ձեր անձնական գիդ Կամոբլոգն այսօր հրավիրում է Ձեզ զբոսանքի Երևանի ամենահին՝ Աբովյան փողոցում: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020 նախագծի շրջանակներում բացահայտում եք ինձ հետ միասին քաղաքի գլխավոր փողոցների պատմամշակութային արժեքներն ու ժամանցային հատվածները: Փողոցները բացահայտում ենք առաջին հայկական սուրճի՝ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻ հետ միասին, այնպես որ պատրաստեք Ձեր դառը սուրճը և միացեք ինձ: Լայքերն ու քոմենթները ողջունելի են...

  • Kamo Tovmasyan

Սիրելի հետևորդներ, եթե բաց եք թողել, առաջարկում եմ նաև կարդալ ԱՐԱՄԻ և ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցների մասին պատմող իմ հոդվածները, դրանք մեծ արձագանք են ստացել: Այս նախագիծը ստեղծվեց այն պահին, երբ հասկացա, որ ամռանը հանգստանալու ենք Հայաստանում: Միշտ ցանկացել եմ ներկայացնել նաև հայաստանյան տուրիզմը, ու կարծում եմ, հիմա հրաշալի առիթ է անդրադառնալու Հայաստանի քաղաքներին ու հանգստավայրերին: Երևանին նվիրված 8 հոդվածներից հետո պլանավորվում է Դիլիջանին, Սևանին, Ջերմուկին, Գյումրուն նվիրված հոդվածներ: Ի դեպ ինձ հարկավոր է պրոֆեսիոնալ գիդ, ով մեզ հետ կշրջի բոլոր քաղաքներով ու մեր հոդվածներն ավելի հետաքրքիր կդարձնի, քանի որ Երևանը ինքս շատ լավ կարող եմ ներկայացնել, բայց արդեն մյուս քաղաքներին ու շրջաններին ծանոթ չեմ: Եթե կարծում եք, որ կարող եք օգտակար լինել, դիմեք ինձ: Իհարկե գործնական հիմունքով, էս դարում ամեն կատարած աշխատանքի համար պետք է վճար պահանջել, հիշեք, անցան էն ընկերական, ծանոթով ու հավեսի համար տարիները: 

Շնորհակալություն մեր գործընկեր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը, որը այս շարքի հովանավորն է: Շարքն ամբողջությամբ ոչ կոմերցիոն է, սակայն այն ավելի հետաքրքիր դարձնելու համար մեզ ամեն դեպքում գործընկեր էր հարկավոր, ու ուրախ ենք, որ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ դուր եկավ մեր հոդվածների շարքը: Իրոք ներկայացնել հինավուրց քաղաքը առաջին ու համեղ հայկական սուրճի հետ միասին՝ կրկնակի հաճույք է:

Երբ 13 տարեկանում առաջին անգամ ինքս կենտրոն իջա (այն ժամանակ Նոր Նորքում էի բնակվում), սկսեցի բացահայտել Երևանի փողոցները: Առաջինը հենց Աբովյան փողոցն էր, քանի որ տրոլեյբուսի վերջին կանգառը "Շրջանայինում" էր: Այս փողոցն ինձ համար սկսվում էր "Կուկուռուզնիկով"՝ Երիտարդական պալատով: ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել էին բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Կառույցի գումարները հատկացվում էին Մոսկվայից: Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Մարտին Զաքարյան և Հրաչյա Պողոսյան: 1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։ Շենքում գործում էր դահլիճ, որն ուներ 1000 նստատեղ իսկ ամենավերևի հարկում կար պտտվող հատակով սրճարան, որը Մոսկվայի Օստանկինո հեռուստաաշտարակից հետո երկրորդ պտտվող կառույցն էր Միությունում: Բարում տեղադրված էր քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի «Ադամ և Եվա» ոսկեզօծ քանդակը, սպասասրահում՝ Թոմ Գևորգյանի «Գարուն» քանդակը: Պալատը զարդարում էին Արմինե Կալենցի՝ Հայաստանը պատկերող որմնանկարները, Նելի Ասատրյանի գոբելեն աշխատանքը, Մարտին Զաքարյանի վիտրաժները, Զորիկ Ստեփանյանի պատրաստած Հայաստանի փայտե քարտեզը: 80/90-ականների երիտասարդները կհիշեն անկասկած այստեղի դիսկոտեկը, դե այն ժամանակ դիսկոտեկ էր կոչվում հենց: Ես չեմ եղել, քանի որ փոքր էի, ինձ ներս չէին թողնում: 2005թ.-ին պալատը քանդվեց: 

Երևանի առաջին փողոցը կառուցվել է համաձայն 1856 թվականի Վ․ Նազարևի գլխավոր հատակագծի։ Սկիզբ է առել Երևանի բերդի հյուսիսային դարպասներից ու Ղանթարի շուկայի հրապարակից ուղղվել է դեպի հյուսիս-արևելք՝ Նորք տանող ճանապարհի սկիզբ։ Այդ պատճառով ստացել է Կրեպոստնայա (Ամրոցային) անունը։ 1869 թվականին բուլվարից հյուսիս ընկած մասը անվանափոխվել է ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի՝ կոչվելով Աստաֆևսակայա կամ Աստաֆյան։ Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էին Աստաֆյան փողոցը, իսկ «Պլանի գլուխ» ասելով հասկանում էին և մինչև այժմ էլ այդպես են ենթադրվում փողոցի վերևում գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը։ 1920 թվականի ամռանը Աստաֆյան փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անվան։ Քանդակի բարձրությունը 9 մետր է, ճարտարապետն է ՀՀ ժողովրդական ճարտարապետ Գևորգ Թամանյանը, իսկ քանդակագործը՝՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Ստեփանյանն է: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, տեղադրվել է այն 1950 թ.-ին: Քչերը գիտեն, որ ևս մեկ Խաչատուր Աբովյանի հուշարձան գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ։ 

Քանդակները Աբովյան փողոցում շատ են, կներկայացնեմ դրանց մի մասը միայն: Վիկտոր Համբարձումյանի բրոնզե հուշարձանը գտնվում է Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի հարևանությամբ, տեղադրվել է 2009 թ.-ին։ Ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան, քանդակագործ՝ Տարիել Հակոբյան: Արձանի հեղինակները կոմպոզիցիայի հիմքում դրել են Գրիգոր Նարեկացու խոսքը՝ «անմատչելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր», այսինքն՝ դեռևս չբացահայտված շատ բաներ կան տիեզերքում։ Վիկտոր Համբարձումյանին նվիրված կիսանդրի կա նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Երևանի աստղադիտարանն ունի 6 սմ տրամագծով աստղադիտակ, դիտողական և չափիչ գործիքներ ու սարքեր։ Ուսումնական դիտումներ են անցկացնում համալսարանի ֆիզիկայի, մեխանիկա-մաթեմատիկական և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողները։ Կառույցն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Երևանի աստղադիտարանի շենքը կառուցվել է 1933 թվականին (նախագծվել՝ 1921 թվականին ճարտարապետ Ա. Թամանյանի կողմից)։ Շենքի ճարտարապետական հորինվածքը ներառում է ուղղանկյուն հատակագիծն և շարժական գմբեթը՝ գլանաձև, միմյանց համակցված ծավալներով։ 

Երևանի պետական համալսարանի՝ 19-րդ դարի կառույցը Աբովյան 52 հասցեում, որտեղ տեղակայված են Աստվածաբանության, Բանասիրության, Պատմության, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետները: Աստաֆյան փողոցում գտնվող սեւ շենքը սկզբում ուսուցչական սեմինարիա էր: 1923 թ-ին Երեւանի պետական համալսարանին հատկացվեց շենքի առաջին հարկը: Շուրջ 100 տարի «Սեւ շենքը» ծառայում է որպես գիտակրթական կենտրոն: Խորհրդային տարիներին` վերակառուցման շրջանում, Աբովյան 52 հացեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ է ստանում: 

Այսպես ասած ՇՐՋԱՆԱՅԻՆԻ ամենահայտնի հատվածներից է "կտորների փողոցը": Այս հատվածում կարելի է գտնել տասնյակ սրահներ, որտեղ վաճառվում են գործվածքներ, աքսեսուարներ, կար ու ձևի համար անհրաժեշտ ամեն ինչ: Բոլոր դիզայներները, ոճաբանները, դեկորատորները օգտվում են հենց այս սրահներից:

Ինքս կտորներ չեմ գնում, ուստի չեմ ուզում ոչ պրոֆ խորհուրդ տալ, այս հարցում արդեն ինքներդ պետք է կողմնորոշվեք,. թե որ սրահներից գնումներ կատարել:

90-ականներին այստեղ վաճառվում էին գրքեր, մեծ ունիվերմագ էր, գիշերներն էլ՝ կներեք գոզանոց: 2005թ.-ին բացվում է ՄԵՏՐՈՆՈՄ կենտրոնը, որը քաղաքի այս հատվածին նոր ու ցիվիլ տեսք է հաղորդում: Այս օրերին կենտրոնը չի գործում, այդ պատճառով ներսում նկարահանումներ չկատարեցինք, սակայն թե որպես գետնանցում, թե որպես շոփինգ կենտրոն, այն միշտ մարդաշատ է, լուսավոր ու հաճելի է նույնիսկ պարզապես անցնել այստեղով: 

Սա իմ ամենասիրած հատվածներից է, քանի որ իմ երթուղային տաքսին Նոր Նորքից այստեղ էր իջնում, վերջին կանգառն այստեղ էր, ու հենց Ավետիք Իսահակյանի հուշարձանից էլ սկսվում էր զբոսանքս: Հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1965-ին։ Ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան, քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։ Ի դեպ, Ավետիք Իսահակյանի հուշարձան և կիսանդրի կա նաև Գյումրիում: Օղակաձև այգու՝ ներկայումս Երիտասարդության զբոսայգու մասին կպատմեմ Խանջյան փողոցին նվիրված հոդվածում, քանի որ այգին հենց Խանջյանից է սկսվում:

Մտածված հին նկար էմ ընտրել, քանի որ «Երիտասարդական» մետրոպոլիտենի կայարանը ինձ մոտ մանկության հետ է կապված: Առաջին մետրոն, կասետները, որ դիմացը վաճառում էին, ամսագրերը, որ գնում էի ներսից, մետրոյի խոնավ հոտը....այս ամենը 90-ականների հուշեր են, իսկ կայարանը բացվել է 1981 թ.-ին։ Գործարկվել է այն մարտի 7-ին Երևանի մետրոպոլիտենի թողարկման առաջին փուլում, «Բարեկամություն»-«Սասունցի Դավիթ» գծի բացման ժամանակ։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ 

Նախորդ հոդվածից հետո շատերը բողոքում էին, թե այս շարքը գովազդային նյութ է հիշեցնում, քանի որ շատ են սրճարաններն ու խանութ-սրահները: Իրականում ևս մեկ անգամ նշեմ, որ ոչ մի սրահ կամ ժամանցավայր չի վճարում այս շարքում տեղ ունենալու համար, այն բացարձակ ոչ կոմերցիոն է: Ես ինքս, երբ մեկնում եմ որևէ նոր քաղաք, բացի պատմական շենքերն ու թանգարանները, հետաքրքրվում եմ ռեստորաններով ու սրահներով: Կարծում եմ, այսօր դրանք զբոսաշրջության կարևոր մասնիկն են, ու այդ պատճառով էլ ներկայացնում եմ ժամանցային այն վայրերը, որտեղ ինքս հաճախ եմ լինում ու խորհուրդ կտայի այցելել: Հասկանալի է, որ դրանք շատ են, մանավանդ Աբովյան փողոցում, այնպես որ ընտրել եմ մի քանիսը, պարզապես իմ կողմից հաճախ այցելված վայրերը: Սա, ի դեպ Segafredo Zanetti-ն է, որն իր բացօթյա հատվածն այստեղ բացելուց, ինչպես նաև մանկական հատված ավելացնելուց հետո կարծես restart եղավ:

Եվս 2 քանդակներ Օղակաձև այգում:  Նորվեգացի բևեռախույզ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին նույնպես այս հատվածում է, այլ ոչ թե Նանսենի այգում կամ փողոցում: 

Իսկ սա հայ քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի հայտնի «Վերածնունդ», կամ «Նստած Կինը» բրոնզե աշխատանքն է, այն արդեն 48 տարվա պատմություն ունի: 

Շարժվում ենք առաջ: Սա «Ուշացած լուսանկար» արձանախումբն է՝ նվիրված տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին: Տեղադրվել է 2015 թվականին, ես լուսաբանել եմ արձանախմբի բացման շնորհանդեսը: Հուշարձանն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ: Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան, քանդակագործ՝ Դավիթ Մինասյան: 

Աբովյան փողոցում ամենագեղեցիկ շենքերն են, պարզապես հաջորդ անգամ զբոսնելից ուշադիր եղեք, մենք էլ մտածված նկարել ենք հիմնականում հենց շենքերի ֆասադները, որպեսզի ցույց տանք այդ գեղեցկությունը: Աբովյան փողոցի ամենախորհրդանշական հատվածներից է՝ «Փարիզյան սուրճ» սրճարանի հատվածը, որտեղ այսօր գործում է մեկ այլ սրճարան: Իրականում «Փարիզյան սուրճ»-ի կոլորիտը ստեղծել էր ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը, ով անչափ խարիզմատիկ կին էր, ու շատերն այս սրճարան էին այցելում հենց նրան տեսնելու, վերջինիս հետ շփվելու համար: Ցավոք, արդեն մոտ 10 տարի Աշխեն-Վալերի Գործունյանը այլևս գործունեություն չի ծավալում Հայաստանում, կարելի է վստահաբար ասել, որ Նա իր հետ միասին տարավ բոլորիս հայտնի փարիզյան սուրճի բույրը:

Ի դեպ, սուրճի մասին: Հանգստանանք մի փոքր ու վայելենք մի բաժակ Ռոյալ Արմենիա: Հետաքրքիր է, օրեկան քանի բաժակ սուրճ եք խմում, ես՝ մոտ 4: Տեսնո՞ւմ եք նստարանի տակի անձեռոցիկները: Կողքս նստած էին երկու աղջիկներ, ովքեր պայուսակներից հանեցին թաց անձեռոցիկներ, մաքրեցին դիմահարդարումը ու պարզապես նետեցին գետնին... Մտածված չեմ ֆոտոշոփել ու հենց այսպես եմ նկարը տեղադրում, միգուցե նրանք կտեսնեն այս հոդվածը ու կհասկանան, որ աղբարկը 3 մետր այն կողմ էր, կարողա երկար թարթիչների տակից լավ չեն տեսնում: 

8 տարի առաջ, հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանի բացմանը ժամանել էին Մանթաշյանցի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշովը, ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը: Ես լուսաբանել եմ բացման շնորհանդեսը: Ճարտարապետ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյան, քանդակագործ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյան: Ալեքսանդր Մանթաշյանցը զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Հենց հուշարձանի հարևանությամբ՝ Աբովյան 17 հասցեում խորհուրդ եմ տալիս այցելել վերջերս բացված ԳՈՒՐՄԵՆԻԱ գաստրոմարկետ: Ամեն օր այստեղից տեղում պատրաստված կրուասաններ եմ գնում, անչափ համեղ են: 

Աբովյան/Սայաթ-Նովա խաչմերուկում Սուրբ Աստվածածին եկեղեցին է (Կաթողիկե), Երևանի հին մատուռ-եկեղեցիներից է։ Միջնադարյան բազիլիկայի մեջ հետագայում ներկառուցված հին-մատուռը բուն Երևանի ամենահին կառույցն է, որը երբևէ չի ավերվել՝ նույնիսկ 1679 թվականի երկրաշարժի ժամանակ։ 2009 թվականին Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ Աննա եկեղեցու և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ կաթողիկոսի առաջնորդությամբ: Նրա շուրջ խոյանում է եկեղեցական կառույց։ Եկեղեցու հարավային պատին առկա են կրակոցների հետքեր, որոնք ըստ քաղաքային լեգենդի՝ թողել են Երևանը պաշարած բոլշևիկները։ Սակայն Կաթողիկեի 1936 թվականի ապամոնտաժումից առաջ եկեղեցին չափագրած ու արձանագրությունները վերծանած Կաֆո Ղաֆադարյանը պնդում է, որ դրանք կարող էին առաջացած լինել միայն պարսից շահ Աբբասի՝ Երևանը գրավելու մարտերի ժամանակ՝ 1604 թ․, որովհետև մինչ այդ Հայաստանում հրազեն չի գործադրվել, իսկ 1609 թ․ արձանագրած այդ պատը ծածկվել է ժամատան մասերով, հետագայում՝ 1679 թ․ երկրաշարժից, երբ փլվել է ժամատունը, այդ պատը ծածկվել է մեծ եկեղեցու ավանդատների պատերի մեջ ու բացվել համապատասխանաբար միայն 1936-ին։

Չեք հոգնե՞լ, փողոցը շատ երկար է, մի փոքր էլ հանգստանանք ու առաջ շարժվենք: Տարիքն իրանն ասումա, հո զոռով չի...

Սա Աբովյան փողոցի ամենագեղեցիկ շենքերից մեկն է, միշտ երազել եմ այստեղ բնակարան գնել, ու գրեթե ստացվում էր, վերջին պահին տանտերը փոշմանեց: Կարծում եմ 90-ականների սերունդը կհիշի քաղաքի ամենահին թեյատներից մեկը: Այդ տարիներին սա եզակի ժամանցավայրերից էր, որտեղ կարելի էր թեյ խմել, զրուցել, դե սրճարաններ որպես այդպիսին շատ չկային: Գները էժան էին, հարմար էր բոլորիս: Հետաքրքիր է, որ այն մինչ օրս գործում է, ճիշտ է վերջին անգամ 1998 թ.-ին եմ եղել այստեղ, չգիտեմ նույնիսկ ինչ է ներսում կատարվում: Ի դեպ, ևս մեկ, կրկին դեռ 90-ականներից հայտնի թեյարան գործում է հենց դիմացը:

Աբովյան փողոցում նույնպես շատ են հետաքրքիր նկարազարդումները շենքերի դալաններում....

Սայաթ-Նովայից մինչ Թումանյան հատվածն ամենագեղեցիկն է: Նախ հատվածը հաճելի կանաչապատ է, ու կարող ես պարզապես նստել նստարաններին, բացի այդ երկու կենտրոններ կան գործող երեխաների համար, դա ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆՆ է և իհարկե Գեղագիտության ազգային կենտրոնը՝ հիմնադրված 1978 թ.-ին, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով: Հարևանությամբ ԳՈՒՍՏՈ ռեստորանն է, որի բացօթյա հատվածում նստելը շատ հաճելի է:

90-ականների ամենահայտնի ու երևի թե առաջին սրճարաններից մեկը՝ Artbridge: Ներսում գործում էր գրախանութ-սրահ, այստեղ հավաքվում էին, ինչպես անվանումից հասկանում եք՝ art անձինք: Հիշում եմ, որ առաջին սրճարանն էր, որտեղ ամեն ամիս տեղադրվում էին միջազգային ամսագրեր ու մենք հաճախ գալիս էինք այստեղ հենց ամսագրերը թերթելու համար, քանի որ, դրանք դեռ չէին վաճառվում երևանյան կիոսկներում: Այժմ սրճարանը կրկին գործում է, ճիշտն ասած չեմ եղել այստեղ վաղուց, չգիտեմ թե որքանով է պահպանված ձևաչափը, բայց այս վայրի հետ կապված հուշերն իհարկե շատ քաղցր են:

Նորից շենքն եմ ցույց տալիս ու մեկա մի օր այստեղ բնակարան եմ գնելու, բայց իրականում նաև ուզում եմ նշել, որ Աբովյան 20 հասցեում գործող ամենահամեղ սրճարանը Baguette & Co.-ն է, որն ինձ համար փոքրիկ ու ժամանակակից փարիզյան անկյուն է մեր քաղաքում: Իրոք շատ համեղ բագետներ, կրուասաններ, սենդվիչներ, նախաճաշեր, ու շատ հաճելի է արևին նստել ու վայելել այդ ամենը բացօթյա հատվածում: Գները էժան չեն, բայց հիմա ի՞նչնա էժան...

Անցնում ենք Թումանյան/Աբովյան խաչմերուկը: Պետք է պատմեմ այս մարզահագուստի պատմությունը: Իրականում սպարտիվկաներ (սենց ասեմ, որ պարզ լինի), չեմ կրում, բայց այս մեկը, չգիտես ինչու դուրս շատ եկավ, նաև հարմար էր, ու արդյունքում սկսեցի հաճախ կրել: Ամեն սթորիից հետո ստանում եմ մեսիջ, թե որ սրահից եմ այն գնել, ուստի ասում եմ-ահա այստեղից: Նվիրել են, չեմ գնել: Մարզահագուստը հայկական Multi Textile ընկերության արտադրանքն է, վաճառվում է Sport Point սրահում: Սրահը սպորտային բրենդեր է ներկայացնում, այցելեք գնումների: 

Լեգենդար ՄՈՍԿՎԱ կինոթատրոն: Սիրում ենք բոլորս, բայց քչերն են այցելում ֆիլմ դիտելու, քանի որ անկեղծ ասենք, կինոթատրոնը վաղուց ռեբրենդինգի կարիք ունի: Բացվել է այն 1936 թվականին, ընդգրկված է Երևանի Կենտրոն համայնքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Առաջին ցուցադրությունը եղել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը՝ Պեպոն: Կառուցվել է ճարտարապետներ Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով՝ քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։ Այո, 5-6-րդ դարերում այստեղ գտնվել է Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին պատկանող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։ Հայաստանում անցկացված կինոփառատոնները, հայկական ֆիլմերի պրեմիերաները հենց այստեղ են անցկացվում: Հիմա, առաջին հարկում գործում է նարգիլե սրահ և բուտիկ-հյուրանոց: Երկրորդ հարկի բացօթյա հատվածը ՄՈՆՐՈ սրճարանն է, այստեղ ամառները շատ հաճելի է: Կինոթատրոնին կից էլ ԿԱՄԻ ակումբն է և ՄՈՍԿԱՖԵ սրճարանը, որոնք արդեն ավելի քան 10 տարվա պատմություն ունեն: 

Այստեղ է գտնվում քանդակագործ Արա Ալեքյանի հայտնի ՍԱՐԴԸ, որն արդեն 9 տարեկան է: 2015թ.-ին ես հանդիպել եմ քանդակագործի հետ ու հոդված գրել այս աշխատանքի մասին, այն ժամանակ սա ամենաքննարկվող քանդակներից էր: Կփորձեմ գնտել այս հոդվածս, դա իմ լրագրողական կարիերայի ամենաառաջին հոդվածն է եղել:

Ազնավուրի հրապարակն անվանվել է ի պատիվ նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի, չնայած կարծում եմ ներկայացման կարիք չկար։ Հրապարակի համալիրը կազմակերպվել է 1927-1958 թվականներին, երբ կառուցվել են «Երևան» հյուրանոցը, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը և Հայաստանի նկարիչներիի տունը։ Հրապարակի կենտրոնում շրջանաձև տեղակայված են 12 համաստեղությունները խորհրդանշող շատրվանները։ «Համաստեղություն» ջրավազանի ճարտարապետն է Արսեն Մելիքյանը, քանդակագործները՝ Արարատ Հովսեփյանը և Վլադիմիր Աթանյանը։ Ջրավազանը տարիներ շարունակ անմխիթար վիճակում էր, ու այն տեսքը, որը հիմա տեսնում եք ստացվել է Երևանի քաղաքապետարանի և Մոսկաֆե սրճարանի համատեղ ուժերով, երեք տարի առաջ: 

Ի դեպ, 4 ժամանցավայրեր Աբովյան փողոցում, որոնք IQOS friendly-են, այսինքն տվյալ տեղերում կարելի է օգտագործել IQOS: Moscafe, Jazzve, Beer Academy, Martini Royal: 

ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի հենց դիմաց՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքի առաջին հարկում ԶԱՆԳԱԿ գրախանութն է, որը վերջերս է վերաբացվել նորովի: Ես գրքեր հիմա չեմ կարդում, քանի որ շատ զբաղված եմ, ու հետո գրքերը մի տեսակ հանգսիտ նյարդերով մարդկանց համար են, իսկ ես ողջ օրը վալերիանկա եմ խմում, ոնց կարամ գիրք կարդամ: Մի խոսքով, գրախանութն իրոք շատ հաճելի ժամանցավայր է, երկրորդ հարկում կարող ես առանձնանալ ու գիրք կարդալ, առաջին հարկում նույնսիկ բացօթյա թեյարան է գործում: Խորհուրդ եմ տալիս բոլորին: 

Շ. Ազնավուրի հրապարակում, ինչպես ասացի Հայաստանի նկարիչների միությունն է, NAIRI հայկական ռեստորանը, Martini Royal սրճարանը, Grand Hotel Yerevan հյուրանոցը, դիմացն էլ՝ Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնը: Ինչպես ասում են՝ ամեն հյուրի իր ընտրությամբ:

2000-ականների սկզբին այստեղ բացվեց ԱԼԵՆ ԷԼԵՆ համալիրը, որտեղ դիսկոտեկ էր, մարզասրահ, ԱԼԵՆ ԷԼԵՆՆ էլ՝ հասկանալի է, հիմնադրի երեխաների անուններն են: Ինչպես բոլոր երևանյան ժամանցավայրերը, ԱԼԵՆ ԷԼԵՆԸ նույնպես 2 տարի գմփացրեց ու վերջ: Հիմա այստեղ Paparazzi Group-ը միանգամից 3 թույն ակումբ է բացել՝ PAPARAZZI CLUB-ը, VEREV լաունջը և BASEMENT-ը: Կարելի է ասել, միակ գործող դիկո-ակումբները Երաևնում:

Ես երեքից նախընտրում եմ VEREV-ը, քանի որ այն հենց միջին տարիքի մարդկանց դուր կգա, հրաշալի տեսարան է բացվում դեպի ՄՈՍԿԱ կինոթատրոն, ունի շատ պրոֆեսիոնալ բար:

Աբովյան 3 հասցեում վերջերս բացվել էր ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ: Նկարահանման ընթացքում դռները փակ էին, ցուցանակ էլ այլևս չկար, հասկանալի չէր այն չի գործում թե պարզապես ժամանակավորապես փակվել է: Պաշտոնական կայքում դեռ կարելի է վիզուալ չափաձով հայտնվել թանգարանում, ահա այստեղ, բայց ըստ պտտվող լուրերի, ներսում ընթանում են աշխատանքներ ու շուտով այստեղ կբացվի նոր ռեստորան: 

ԴԱԼԱՆ ցուցասրահը շատերդ եք նկատել այստեղ, բայց արդյոք բոլորը գիտեն, որ ներսում գործում է բավական ընդարձակ ու հետաքրքիր ամառային սրահ: Ես ինքս վերջերս եմ բացահայտել:

Տնական հայկական ուտեստներ, տնական սպասարկում, մի խոսքով, կարծես ձեր դաչայում լինես:

Եթե Դուք 30+ եք, ուրեմն պետք է հիշեք Աբովյան/Պուշկին խաչմերուկի այս փոքր պատուհանը, որտեղ համեղ, էժան ու ոչ այնքան ստերիլ պայմաններում պատրաստվող պեռաշկի էին վաճառում: Պատուհանը պահպանվել է, այս տարածքում հիմա ԲԱՍՏՈՒՐՄԱ փոքր ռեստորանն է, կրկին պատուհանի այն կողմում պատրաստում են արդեն բաստուրմայով կարկանդակներ, բացօթյա հատվածում էլ կան նստատեղեր: Երկրորդ հարկում երկու օրիգինալ ժամանցավայրեր են, որոնց առանձին կանդրադառնամ:

Սիրում եմ այս խանութը, որտեղ վաճառվում են վինիլներ, աքսեսուարներ, սիրում եմ նվիրել վինիլներ ընկերներիս: Կարծում եմ օրիգինալ նվեր է:

Երկրորդ հարկում անցնող տարվա ամենաթոփ բարն է՝ ԿՈՆԳԸ, սա Կոնգի զուգարանն է, որը հայկական ինստագրամում անցնող տարվա ամենաշատ լուսանկարված վայրն է: Եթե ուզում ես զարմացնել հյուրերիդ, կամ զգաս քեզ արտերկրում, այցելիր Կոնգ, բայց մուտքի մոտ հաճախ բողոքող ու դրեսկոդը չանցած հայերի ձայներից մեկա կզգաս քեզ Հայաստանում:

Պուշկին/Աբովյան խաչմերուկում ամենահին ու ամենակոլորիտային հուշանվերներների սրահներից մեկն է ԱՂԱՔՍԱԿԸ: Այն այս հատվածի փոքրիկ խորհրդանիշ է դարձել:

Թերմոսումս 4 բաժակ սուրճ էի պատրաստել, 3 բաժակ արդեն խմեցի, ես դառն եմ նախընտրում: Հիմա, երբ կենտրոնի սրճարաններն ու ռեստորանները դեռ ամբողջությամբ չեն գործում, համեմատաբար ավելի հանգիստ է, կարող ես դուրս գալ ու սուրճ խմել հենց դրսում (ես կողքի փողոցում եմ բնակվում), համ հաճելի է, համ էլ ավել գումար չես ծախսում: Ի դեպ, սահմանափակումներից հետո վերանայել եմ ծախսերս, ու սկսել եմ ավելի բյուջետային կերպ ապրել, նույնիսկ ոչ թե գումարի տնտեսման համար, այլ պարզապես հասկանում ես, որ ամենօրյա ծախսերի մեծ մասն իրոք անիմաստ փողը քամուն տալ էր: 

Երևանի ամենաշքեղ (ու ամենաթանկ) հյուրանոցը՝ The Alexander, a Luxury Collection Hotel: Իրականում այն ավելի գեղեցիկ է, երբ անցնում ես այս հատվածում, ու ինչպես տեսնում եք, պահպանվել է այս հասցեում գտնվող կառույցի հիմնական ֆասադը: Բալկոնում երբեմն կազմակերպվում են հայկական բենդերի համերգներ, չզարմանք, եթե այս հատվածով անցնելուց համերգի մասնակից դառնաք:

Հյուրանոցի...կարծեմ 12-րդ հարկում հրաշալի տեսարան ունեցող իտալական ռեստորան է գործում: եթե ցանկանում եք նախաճաշել Արարատի հետ միասին, ապա առավոտյան ժամերին կարող եք համենալ այստեղ:

Եվս մի պատմական ու գեղեցիկ շենք հենց հյուրանոցի դիմաց: Այս սյունազարդ երկհարկանի շենքը կառուցվել է 1884 թվականին: Այստեղ գրախանութ է, հայկական ռեստորան, իսկ առաջին հարկում էլ գործում է խանութ-սրահ, որտեղից կարող եք գնել Սիրուշոյի PREGOMESH զարդերը: 

Աբովյան/Հյուսիսային պողոտա հատվածին կանդրադառնամ հաջորդ հոդվածում: Այստեղից մինչ Հանրապետության հրապարակ հիմնականում սրճարաններ են: Ի դեպ, եթե վաղուց չեք եղել Երևանում, կնկատեք, որ վերջերս մայթի ձախ հատվածը վերափոխվել է ու հիմա քայլելու համար այն դարձել է շատ ընդարձակ ու հաճելի, նկարում տեսնում եք: Այստեղ է 16 տարվա պատմություն ունեցող SQ1-ը, որն առաջին բուրգերներ ու ամերիկյան ֆրիեր ներկայացնող ռեստորաններից էր, այստեղ ասիական խոհանոցի սիրահարների համար Wasabi ռեստորանն է....

Ստեփան Հարությունյան. ահա հայտնի ծաղկավաճառ Կարա Բալայի իսկական անունը: 20-րդ դարի Երևանի բնակիչ Կարա Բալան ծնվել է 1900 թ.-ին, Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։ 1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։ Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ասրյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ասրյանին։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։ Կարաբալան հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ վաճառելով ու նվիրելով) Մահացել է 1970 թվականին։ Վերջին տարիներին Կարա-Բալան ապրում էր Հանրախանութի պահեստում: Մի օր այնտեղ պետք է ստուգումներ կատարվեին, և Հանրախանութի տնօրենը Կարա-Բալային ասաց, որ նա 2-3 օրով ազատի պահեստը: Ցուրտ օրեր էին կանգնած, և նա ցրտահարվեց, Հանրախանութի մոտից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ: Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։ 1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ 

Սա պատմական խանութ է, այս հատվածի բոլոր շենքերը քանդվել են, նախորդ տասնամյակում այստեղ գործող հրաշալի ֆրանսիական ռեստորանը և ակումբը քանդվեց, հիմա էլ, ինչպես տեսնում եք, այս հատվածի վերջին շինությունը խարխուլ վիճակում է, իսկ այ խանութը դեռ գործում է: Ինչ-որ բան կա չէ, որ այն չի հանձնվում, սիրում եմ չհանձնվող մարդկանց տեսակը:

Հենց դիմացը Տիմատին բացեց իր Black Star Burger-ը, որտեղ ռուսական հայտնի բրենգի արտադրանքն է: 

Աբովյան/Արամի խաչմերուկում Մանկական աշխարհ հանրախանութի շենքն է։ Այն կառուցվել է 1935-1937 թթ։ Առաջին հարկում գործել են մանկական բաժինները, որտեղ վաճառվել են խաղալիքներ, հագուստ, կոշիկներ, գործել է ապակեղենի բաժին, երկրորդ հարկում եղել է սրճարան, երրորդ հարկում վաճառել են կտորեղեն։ Շենքը վերակառուցվել է 2002-2003 թվականներին։ 

Աբովյան փողոցի վերջում «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է։ 1921 թվականին կառավարության որոշմամբ այն սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն, 1932 թվականին, Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիայի հիմնադրումից հետո՝ որպես ‎ֆիլհարմոնիկ դահլիճ: 2003 թվականից դահլիճը կրում է հայ մեծ երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը: Առաջին հարկում ճեմասրահն է, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատողների առանձնասենյակները։ Երկրորդ հարկում տեղավորված են երկու մեծ ճեմասրահներ, երեք հարյուր տեղանոց շքեղ դահլիճ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքերով։

Ճիշտն ասեք, դուք էլ է՞իք փոքր տարիքում այսպես անում, որ ջրի շիթն ավելի բարձր լինի: Երևանի ամենահայտնի ու սիրված պուլպուլակն է: Հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանն էր, որն իր ստեղծագործությունն անվանել է «Յոթ աղբյուր»

 

Հանրապետության հրապարակը կներկայացնեմ Արամի փողոցի մասին պատմող հոդվածում: Իրականում այս նկարն եմ ընտրել որպես վերջաբան, պարզապես մարդաշատ փողոցների կարոտից, չքաղաքականացնել, ոչ մի կապ չունի հեղափոխության հետ: 

Ահա այսքանը, նշեմ, որ հոդվածը կրկնակի երկար էր, կրճատել եմ այն, որ չհոգնեք, հիմա համացանցում երկար տեքստերը հոգնեցուցիչ են: Եթե հավանեցիք՝ ֆեյսբուքյան էջում կիսվեք այս փոստով կամ իմ էջում գրեք Ձեր կարծիքը: Ամեն շաբաթ ներկայացնում եմ մեկ փողոց, իսկ ամռանն էլ կներկայացնեմ Հայաստանի մեկ քաղաք, եթե չալարեմ: Գիտեք, էս անորոշության ընթացքում շատ դժվար է ստիմուլ գտնել ու աշխատել: Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը, իր համեղ սուրճով աջակցելու համար ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020 շարքին: Առաջին հայկական սուրճով զբոսնելն ու Ձեզ համար որպես գիդ աշխատելն ավելի հաճելի է....Կհանդիպենք...

______

back-top