l

lifestyle

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ

Նույնիսկ եթե այս տարի ամռան ընթացքում տուրիստների հոսք չլինի, միևնույնն է կարծում եմ ձեզանից շատերին կհետաքրքրի իմ նոր նախագիծը` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020-ը, որը բացահայտում է երևանյան փողոցները յուրօրինակ, ժամանցային տեսանկյունից: Եթե Դուք ունեք արտերկրից հյուրեր, պլանավորում եք նրանց ժամանցը Երևանում կամ պարզապես ինքներդ հայտնվելով այս կամ այն փողոցում ցանկանում եք ավելի ռեալ կողմնորոշվել` իմ նոր ուղեցույցն անկասկած կօգնի Ձեզ: Առաջին փողոցը՝ ԱՐԱՄԻ փողոցն է: Կիսվեք Ձեր էջերում, վստահ եմ այս շարքը Ձեզ պետք է գալու: Մինչև ամառ կներկայացնեմ Երևանի տասը ամենաակտիվ փողոցներում գտնվող ամենահետաքրքիր ժամանցավայրերը և օգտակար հասցեները: Դիմավորեք Ձեր նոր գիդ Կամոբլոգին: #welcometoYerevan2020

Պատկերացրեք ունեք հյուր արտերկրից ու փորձում եք ներկայացնել նրան Երևանը: Գառնի-Գեղարդ գնացիք, Սևանում ձուկ հյուրասիրեցիք....մեկ ա երեկոյան պետք ա ինչ-որ կերպ զբաղեցնել հյուրին Երևանում: Ես ներկայացնում եմ Երևանը՝ ըստ գլխավոր փողոցների ու առաջարկում եմ Ձեր հյուրերին, կամ ինչու չէ հենց Ձեզ, ծանոթանալ տվյալ փողոցում գտնվող թանգարաններին, ցուցասրահներին, ռեստորաններին, խանութ-սրահներին` այսպես ասած իմ ոճով, իմ աչքերով ու փորձով: Եթե շարքը հետաքրքիր ստացվի, իսկ դա պարզ կլինի Ձեր քոմենթներից, այն շարունակական կլինի, և միգուցե նաև կհայտնվի անգլերեն տարբերակով: Նշեմ նաև, որ ամռան ընթացքում բացվում և փակվում են նոր ժամանցավայրեր ու սրահներ, այնպես որ այս ցանկը հնարավոր է արդեն հաջորդ տարի ակտուալ չլինի: Ի դեպ այս շարքը բացարձակ գովազդային չէ, այն ամբողջությամբ ոչ կոմերցիոն է, ուստի տեքստը գրված է առանց համաձայնության, այնպես ինչպես ինքս եմ տեսնում, զգում եմ ու ցանկանում եմ ներկայացնել: Նաև հասկանում եք, որ հնարավոր չէ բառացիորեն ամեն սրահ, սրճարան ու խանութ ներկայացնել, ես ընտրում եմ լավագույնները, այն վայրերը, որտեղ ինքս եմ սիրում այցելել, կարող եմ խորհուրդ տալ: Եվ այսպես, առաջին փողոցը ԱՐԱՄԻ փողոցն է, այն հիմա ամենասիրված փողոցներից է ու այժմ միասին սկսում ենք յուրահատուկ տուր ԱՐԱՄԻ փողոցով` ԿամոԲլոգի հետ միասին:

Արամի փողոցի լայնությունն ի սկզբանե 10 մետր է եղել, այն հիմնվել է 1837թ.-ին, Երևանի ամենահին փողոցներից է: Նախկինում այն կոչվել է Ցարսկայա, Արամ Մանուկյան և Սպանդարյան փողոց: Երբ Գորբաչովի կառավարման շրջանում սկսվեց կոոպերատիվ շարժումը, Արամի փողոցի սկզբնամասում բացվեցին Երևանի առաջին կոոպերատիվ խանութները։ 

Արամի փողոցը սկսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետնամասից՝ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտից և ձգվում մինչև Սարյանի փողոց։ Սակայն այսօր այն ընդլայնվել է և Գլխավոր պողոտայից՝ Կառավարական 3 շենքի մոտից հասնում է մինչև Խանջյան փողոց։ Քանի որ ես նախատեսում եմ առանձին փոստ նվիրված Վերնիսաժի հարակից տարածքին, Արամի փողոցի շարքը ես կսկսեմ Արամի 1 հասցեով, որտեղ տեղակայված է....

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Այո, Հայաստանի ազգային պատկերասրահի հասցեն Արամի 1 է: Այն երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Դոնատելլոն, Ռոդենը, Ռուբենսը, Կանդինսկին, Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք: Ինչպես գիտեք, նախորդ ամսին այստեղ մեկնարկվել էր «Դալի և Պիկասո» երկար սպասված ցուցահանդեսը, սակայն սահմանափակումների պատճառով այն բացառիորեն մի քանի օր ցուցադրվեց: Դեռ չկա ինֆորմացիա այն մասին, թե արդյոք «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կշարունակվի ցուցադրվել, մայիսին կամ գուցե հունիսին: Տեղեկությունների համար կարող եք հետևել պատկերասրահի կայքին: 

www.gallery.am

Ֆադեյ Քալանթարյանի տունը

Արամի 9 հասցեում է գտնվում Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը։ Շենքը կառուցվել է 1906 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Սկզբում այն պատկանել է արքունի խորհրդական, հաշտարար, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին։ 1917 թ. դեկտեմբերին, երբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, նախկինում Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան, Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրում է այն ժամանակ Ցարսկայա փողոցում գտնվող իր բնակարանը։ Այսպիսով, Արամ Մանուկյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է այս շենք։ 1918 թ. նա հանդիպում է հայկական որբանոցի բժշկուհի Կատարինե Զալյանին, շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այս շենքում։ Արամ Մանուկյանն այստեղ ապրեց 1 տարուց քիչ ավելի՝ 1917-1919 թթ։ Նա մահացավ 1919 թ. հունվարին՝ ծանր հիվանդությունից։ 2005 թվականից շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է

Մանկական աշխարհ հանրախանութը

Դիմացի մայթում է գտնվում Մանկական աշխարհ հանրախանութի շենքը։ Այն կառուցվել է 1935-1937 թթ։ Առաջին հարկում գործել են մանկական բաժինները, որտեղ վաճառվել են խաղալիքներ, հագուստ, կոշիկներ, գործել է ապակեղենի բաժին, երկրորդ հարկում եղել է սրճարան, երրորդ հարկում վաճառել են կտորեղեն։ Շենքը վերակառուցվել է 2002-2003 թվականներին։ Ես հիշում եմ, ինչպես էի հայրիկիս հետ գալիս այստեղ գնումների, նա երրորդ հարկից միշտ գնում էր «Кра́сная Москва́» դուխին...դե էն ժամանակ պարֆյում բառ չկար, դուխի և օդեկոլոն:

Վարազդատ Համբարձումյանի խաչքարերի մշակման արհեստանոց

Արամի փողոցի ամենահիշվող ու կոլորիտային հատվածներից մեկը խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի խաչքարերի մշակման արհեստանոցն է Արամի/Կողբացի փողոցների հատման հատվածում: Վստահ եմ բոլորդ այստեղով անցնելիս կանգ եք առել, գուցե լուսանկարվել եք ու հետաքրքրությամբ հետևել եք հենց տեղում պատրաստվող խաչքարերի ընթացքին: Մասնագիտությամբ հագուստի  մոդելավորող Վարազդատ Համբարձումյանը խաչքարագործի ուղին սկսել է 1988 թվականից: Համբարձումյանը հեղինակ է ավելի քանի  400  խաչքարերի: Հայկական մշակույթի պահպանման  գործում ունեցած ավանդի համար ժողովրդական վարպետը 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից  արժանացել է նախարարության  բարձրագույն պարգեւի` «Ոսկե մեդալի»: 

1982 թվականին չորս քանդակից բաղկացած «Մայրություն» արձանաշար է տեղադրվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի/Պարթև Մարգարյանի անվան ծննդատան մոտ (քանդակագործ՝ Յուրի Մինասյան)։ Ծննդատան հասցեն Մաշտոցի 22 է, բայց քանդակներ Արամի փողոցի կողմից են տեղադրվել:  

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Անցնում ենք Մաշտոցի պողոտան ու տեսնում ենք Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Իրականում թանգարանի հասցեն  է Մաշտոցի 17, բայց մուտքը Արամի փողոցից է, այնպես որ ես ներառեցի թանգարանը այս փոստում: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Այս տունը Չարենցի մտերիմների հիշողության մեջ մնաց իբրև հյուրընկալ օջախ, ուր հաճախ վայելում էին չոր մրգերի ու արեւելյան քաղցրավենիքների «դաստախունը»: Մյուս հարկաբաժիններում ցուցադրվում են Չարենցի և նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ և այլն։ Մուտքի արժեքն է 500 դրամ, բայց քանի որ հիմա բոլոր թանգարանները չեն գործում, ու միգուցե հետո փոփոխություն տեղի կունենա թե տոմսի արժեքի, թե աշխատանքի ժամերի հարցում, այս ինֆոն ես չեմ գրում, կարծում եմ ամռանը փոփոխություններ տեղի կունենան:

Ֆեյսբուքյան հասցե՝  

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

(010) 531412

 

Նախորդ տարվա հունիսի 1-ին TASHIR Group-ը ներկայացրեց այն շքեղ այգին, որտեղ կարծում եմ բոլորդ եղել եք: 90-ակականներին Մալիբուի այգի էին ասում, հետո՝ Սարյանի այգի: Արամի/Մաշտոց փողոցների հատման վայրից սկսվող այգին արդեն իսկ հասցրել է դառնալ ժամանակակից Երևանի գլխավոր այցեքարտերից մեկը: Այգում գործող երկու ռեստորանները կներկայացնեմ Մաշտոցի պողոտան ներկայացնող փոստում, քանի որ հասցեով ռեստորանները համարվում են Մաշտոցի փողոցում: Այգու բացման շնորհանդեսին կարող եք հետևել այստեղ

Արամի 64 հասցեում բացված ԲՈՒԼՎԱՐ ՊԼԱԶԱՆ հետագայում արդեն ձևավորված նորակառույց շքեղ շենքերի, վերաբացված այգու ու շատ թանկ տների շրջանի առաջնեկն էր: Այստեղ, առաջին երկու հարկերում բիզնես կենտրոններ են, խանութ-սրահներ, առաջին հարկում գործում է Ալյասկա ռեստորանը: Ահա թե էլ ինչ հետաքրքիր սրահներ կգտնեք ներսում:

LADY SPACE

Լեդի Սփեյս միայն կանանց համար նախատեսված մարզասրահն այսօր լավագույններից է իր ոճում: Այն բացվեց 7 տարի առաջ, ու տարբերվեց նրանով, որ քաղաքի ամենագեղեցիկ աղջիկները հենց այստեղ էին գալիս մարզվելու համար: Սրահի հիմնադիրը՝ Անի Հունանյանն ինքն էլ տարբերվում է առողջ ապրելակերպի պրոպագանդմամբ: Լեդի Սփեյսն այս հասցեում դեռ շարունակում է գործել, չնայած...լավ այդ լուրը դեռ պահում եմ որպես անակնալ, կասեմ երբ պատրաստ լինի: Մի խոսքով եթե դուք հարևանությամբ եք տուն վարձել կամ ընտրել եք հյուրանոց ու ցանկանում եք մարզվել, ապա այցելեք Լեդի Սփեյս, Արամի 64, Բուլվար պլազայի երկրորդ հարկ: 

Facebook/ LadySpace

(011) 771771

 

Patrick’s Pastry

Հրաշալի նոր սրճարան Բուլվար պլազայի առաջին հարկում: Patrick’s Pastry-ն համեմատաբար վերջերս է բացվել, այստեղ շատ համեղ կրուասաններ են, համեղ սուրճ, բայց ամենաձգողը ինտերիերն է ու մթնոլորտը, անպայման այցելեք: Հասցե՝ Արամի 64:

Facebook/ Patrick’s Pastry

044-008 118

WHITE AGENT

Քաղաքի ամենաշքեղ հարսանյաց զգեստների սրահը նույնպես գտնվում է Բուլվար պլազայում, առաջին հարկում: Լեգենդար դիզայներների հարսանյաց բացառիկ զգետսներ, կոշիկներ, աքսեսուարներ: Սրահն իրոք շատ շքեղ է, եթե Դուք Ձեր հարսանիքը չեք պատկերացնում առանց Մանոլո Բլանիկի կոշիկների կամ Զուհաիր Մուրադի հարսանյաց զգեստի, ուրեմն պարզապես վերցրեք Ձեր բանկային քարտն ու հայտնվեք հեքիաթում:

Facebook/ WhiteAgent

055-006 000

EGO CONCEPT STORE

Բուլվար պլազայի ամենաուրախ ու գունեղ խանութը: Երիտասարդների համար, ովքեր հոգնել են զառաներից ու բերշկաներից, բայց օրիգինալ օֆֆ-ուայթն էլ բավական թանկ է: Մի խոսքով այցելեք, ինչ-որ հետաքրքիր նվեր հաստատ կգտնեք, եթե ոչ՝ ուրմեն պարզապես դրական լիցքերով դուրս կգաք: 

Facebook/ EgoConceptStore

055-690 690

THE MUSE

Չեմ կարող չառանձնացնել իմ սիրելի ընկեր, դիզայներ Մանե Խաչատրյանի The Muse սրահը: Սրահը գտնվում է Բուլվար պլազայի առաջին հարկում: Ես ինքս երբ ճանապարհորդում եմ, փնտրում եմ տեղի դիզայներների խանութներ, ու վստահ եմ շատերն էլ Հայաստան գալով՝ ցանկություն ունեն հայ դիզայների աշխատանք գնել: Ծանոթացեք Մանեի աշխատանքներին նրա ֆեյսբուքյան էջում, և հաջորդ անգամ այստեղ լինելով՝ չմոռանաք այցելել նրա սրահ:

Facebook/ The Muse

055-250 392

VERDE cleaning

Արամի 70 հասցեում հրաշալի քիմմաքրման սրահ է գործում՝ ՎԵՐԴԵ մաքրում: Արդուկում, օսլայում, լաքաների մաքրում, խոնավ մաքրում, կարող եք դիտել սրահի մասին մեր հատուկ ռեպորտաժը և անհրաժեշտության դեպքում օգտվել ծառայություններից: 

Facebook/ VERDE

(010) 500503

www.verde.am

LEVEL3 by ArmHookah

Արամի 72 հասցեում արդեն LEVEL3 by ArmHookah-ն է: ԼԱՎ նարգիլե, լավ մուդ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ ասեմ ընկերներիս մասին, որ շատ գովամ կմտածեք գովազդում եմ, բայց ոչ, պարզապես խորհուրդ եմ տալիս երեկոյան ժամերին, հատկապես ամռանը գալ այստեղ ու ծխել լավ նարգիլե: Բացման վիդեոն դիտեք այստեղ:

Instagram/ Level3

077-190-000

DARGETT

Նույն՝ Արամի 72 հասցեում է նաև գործում Դարգեթը: Հայկական սուպեր գարեջուր, ամեն տեսակ խորտիկներ գարեջրի հետ, ներքևի հարկում հաճախակի կազմակերպվում են երաժշտական երեկոներ, բացօթյա հատվածում երբեք տեղ չի լինում: Ինչպես Սարյան փողոցի ակտիվացման հարցում մեծ դեր ունեցավ ԻնՎինոն, Արամիի դեպքում էլ, փողոցն ինչ-որ առումով ակտիվացավ հենց Դարգեթի շնորհիվ:

Facebook/Dargett

096-870 870

DRAGON GARDEN

Հենց հարևանությամբ, արդեն Արամի 76 հասցեում է գտնվում Դրագոն Գարդեն ընտանեկան ռեստորանը: Ասիական խոհանոց ներկայացնող ամենաշքեղ երկհարկանի ռեստորանը Երևանում: Ամռանը հաճելի է բացօթյա հատվածում նստել, բայց ներսում ևս զով է, մանվանադ նոր սրահի երկրորդ հարկում՝ պատուհանների մոտ: Բացման վիդեոն դիտեք այստեղ:

Facebook/ DragonGarden

044-75 75 88

EAT & FIT

Արամի 80: Սա միակ վայրն է, որտեղ ես չեմ եղել բայց խորհուրդ եմ տալիս: Eat & Fit-ը երևի անվանումից հասկացաք, որ պրոպագանդում է առողջ ապրելակերպը: մեր Գալյանը բոլորին խորհուրդ ա տալիս այցելել Eat & Fit, պարզապես մեր ընդանուր ընկերներն իմ պես ուտող են. միս, կծու, յուղոտ...բայց ինչ խոսք, եթե չեք ուզում իմ պես փոր գցած ման գաք ամռանը ավելի լավ է վեգան դառնալ: 

Facebook/Eat&Fit

044-588 080

SIMONA

Որտեղ կարելիա խմել ու լավ երաժշտություն լսել Արամի փողոցում: Նկատի ունեմ ավելի բարային ու ակումբային ոճն ընտրողների համար: Երևի թե միակ տեղը Սիմոնա բարնա, Արամի 80 հասցեում՝ Eat & Fit-ի հենց տակ: Մյուզիք, մուդ ու կոկտեյլներ մինչ լուսաբաց: 

Facebook/Simona

095-42 66 19

Բանկերն ու բանկոմատները շատ կարևոր են ցանկացած զբոսաշրջիկի համար: Սիմոնայի հարևանությամբ Acba-Credit Agricole բանկն է: 

Բանկի հենց հարևանությամբ էլ շուտով կբացվի Classic Burger-ը: Հայկական բրենդ է, շատ համեղ է, կնկատեք մոլերում, բայց կարծում եմ այս հատվածում ավելի հաճելի կլինի այցելել ու փորձել:

Pesto Cafe Osteria

Արամի 86. Գիտեք ինչու չեմ սիրում գնալ Pesto Cafe Osteria? Ամեն անգամ ասում եմ, լավ 1 հատ պիցցա ու վերջ: Արդյունքում պատվիրում եմ նաև աղցան, էլի մեկ հատ պիցցա, վերջում էլ պաստա: Իտալական այս ռեստորանը մի քանի ամիս է ինչ գործում է, ամենաշատն այստեղ դուր է գալիս ինձ մատուցողների հանդերձանքը: Նրանք խոհարարների տեսքով են, ու քեզ թվումա է թե խոհարարն անձամբ մոտեցել է քեզ պատվեր վերցնելու: Առաջին անգամ երբ գնացել էի, դե մտածեցի Կամոբլոգն եմ խոհարարն է մոտեցել անձամբ, ինչ հաճելի...հետո հասկացա, որ բոլորին է մոտենում խոհարարը ավելի ճիշտ մատուցողը: Մի խոսքով շատ լավ մարքեթինգ: Ինչ ասեմ, այցելեք, բայց եթե մտածում եք 1 աղցանով պրծնելու եք-սխալվում եք: Զսպել չի լինում:

Facebook/ PESTO

011) 955 555

DIAMOND HOUSE HOTEL

Արամի 86 հասցեում, գրեթե Արամի/Սարյան խաչմերուկում գործում է DIAMOND HOUSE HOTEL-ը: 4 աստղանի հյուրանոցը փաստորեն Արամի փողոցում գործող միակ հյուրանոցն է: Փորձեցի ճշտել գները, մեկ գիշերվա արժեքը մոտավոր սկսվում էր 40 000 դրամից: Հյուրանոցից հետո արդեն Սարյան փողոցն է:

ՅԱՍԱՄԱՆ ռեստորան

Արամի փողոցն ավարտվում է Սարյան փողոցի հատման հատվածում, սակայն կա այստեղ մի փոքր փողոց՝ Եկմալյան փողոցը, որտեղ բացվել է ներկայումս ամենահեղինակավոր ռեստորաններից մեկը, որը չեմ կարող չներառել այս ցանկում: Իրականում ՅԱՍԱՄԱՆ ռեստորան մենք գնում ենք երբ ցանկանում ենք հենց Արամի փողոցով զբոսնել, Եկմալյանն ինքնին շատ փոքր փողոց է, ու շատերը ՅԱՍԱՄԱՆ գնալով շփոթում ու ասում են՝ Արամիի Յասամանը: Ռեստորանի ստույգ հասցեն է Եկմալյան 1/1, Արամի փողոցի վերջնամասից սկսվում է Եկմալյան նեղ փողոցը, որտեղ էլ հենց Յասամանն է: 

Ինչու եմ կարևորում այս ռեստորանը, քանի որ ես ինքս արտերկրից հյուր ունենալու դեպքում առաջին հենց ռեստորանը, ուր շտապում եմ նրանց հրավիրել Յասամանն է: Հայկական խոհանոց, շքեղ ինտերիեր, հրաշալի սպասարկում ու հարմար գներ: Ընտանեկան լավագույն ռեստորանը Երևանում:

Facebook/ Yasaman

(011) 80 33 33

Ընկերներ հուսով եմ Ձեզ դուր եկավ և օգտակար եղավ այս ուղեցույցը: Այս տարի, շատ հայեր, այդ թվում և ես նորովի պետք է բացահայտենք Հայաստանն ու Երևանը, արդեն իսկ պարզ է, որ ամռանը հանգստանալու ենք մեր երկրում: Դա իր դրական կողմերն ունի, խնդրեմ, նույնիսկ ես սկսել եմ մտածել Երևանում կամ Հայաստանի այլ հատվածներում հանգստանալու մասին, գովազդենք մերն ու գնահատենք մեր արժեքները: Հավանաբար այս շարքը շարունակական կլինի: Հետևեք ինձ ֆեյսբուքում և ինստագրամում:

 

 

back-top