l

lifestyle

ԴԱԼԻ/ՊԻԿԱՍՈ ցուցահանդեսի բացումը Ազգային Պատկերասրահում

Քիչ առաջ տեղի ունեցավ ԴԱԼԻ/ՊԻԿԱՍՈ երկար սպասված ցուցահանդեսի փակ բացումը ու ես շտապում եմ Ձեզ առաջինը պատմել այս հրաշալի նախաձեռնության մասին: Հիշեցնեմ, որ ցուցահանդեսը կգործի մարտի 7/ապրիլի 26-ը 11.00-ից մինչ 17.30: Տոմսերի գները՝ մեծահասակներ`3000 դրամ, ուսանողներ, թոշակառուներ`1000 դրամ, դպրոցականներ` 500 դրամ, մինչև 6 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքն անվճար է: Մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 56 74 72 հեռախոսահամարով, կամ այցելել www.gallery.am կայք: Տոմսեր առցանց կարող եք գնել www.tomser.am կայքում: 

  • Kamo Tovmasyan

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը յուրօրինակ երկխոսություն է երկու մեծանուն արվեստագետների, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան մուտք է գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին, Պիկասոյի արվեստանոցում: Վերջինիս օգնությամբ Դալին մեկնել է ԱՄՆ, ինչը որոշիչ դեր է ունեցել նրա ստեղծագործական նվաճումների համար: Անկախ այն հանգամանքից, որ Պիկասոն Դալիի համար իդեալ էր, վերջինիս փառասիրությունը խոչընդոտել է նրանց հնարավոր մտերմությանը: Դալիի էքսցենտրիկ պահվածքն ու մեծամտությունը հանգեցրել են Պիկասոյին մշտապես գերազանցելու մոլուցքին: 20-րդ դարի կերպարվեստի խորհրդանիշներ դարձած երկու նշանավոր վարպետները ամբողջ կյանքում, մշտապես շինծու և ցուցադրական «հակակրանք» դրսևորելով միմյանց նկատմամբ, իրականում գնահատել և արժևորել են մեկը մյուսի արվեստը: Հետագայում Պիկասոն կասի, որ հավանում էր Դալիի արվեստը, սակայն չէր ուզում նրան հանդիպել, որպեսզի այդ հանդիպման շնորհիվ նրա անվան շուրջ մեծ աղմուկ չբարձրանա:

Ցուցահանդեսում համադրելով երկու նկարիչների ստեղծագործությունները՝ արվեստասերին բացառիկ հնարավորություն է տրվում տեղափոխվելու նրանց երևակայական աշխարհը: Ցուցադրվում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում և այժմ ցուցադրվում է Հայաստանում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում: Նախագծի ղեկավար՝ Արման Ծատուրյան, համակարգող՝ Մարիամ Դավթյան:

Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լևին, վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին: Հաջորդ տարի, հեղինակավոր «Քրիսթի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը: Մասնավոր հավաքածուների հանրայնացումը շատ կարևոր և արդիական խնդիր է: «Դալի և Պիկասո» նախագիծը քայլ է, որի շնորհիվ արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ստանում ծանոթանալու 20-րդ դարի կերպարվեստի խոշորագույն արվեստագետների ստեղծագործական ժառանգության մի հետաքրքիր հատվածին:

back-top