l

lifestyle

Աշխարհահռչակ կոմպոզիտորներ, հայ անվանի ֆուտբոլիստներ և Օլիմպիական չեմպիոններ: Ինչպիսինն էր ՀայՓոստի երկրորդ Ֆիլատելիստական աճուրդը

ՀայՓոստը երկրորդ անգամ կազմակերպեց Ֆիլատելիստական աճուրդ երեկո, որը տեղի ունեցավ «Մեցցո» ակումբում: Աճուրդի նպատակն էր պահպանել և զարգացնել հայկական ֆիլատելիան: Ֆիլատելիստական երկրորդ աճուրդին ներկայացվեց 17 լոտ, որտեղ ներառված էին 2021թ.-ի նամականիշերի տարեկան լյուքս հավաքածուն, ստորագրված առաջին օրվա ծրարներ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր», «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան», «Սպորտ. Հայ Օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմաներին, «Հայոց այբուբեն» հուշանվերը և այլն:

  • Կամո Թովմասյան

Ֆիլատելիստական աճուրդի շրջանակում ցուցադրվեց նաև «Անվանի երաժիշտներ»  նամականիշերի թեմատիկ հավաքածուն: Ոսկեփայլ դաջվածքով գեղեցիկ հավաքածուն ՀայՓոստի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Առլուպայի համագործակցության արդյունքն է: Այն ներառում է տարբեր տարիներին թողարկված 12 նամականիշ, որոնք ներկայացնում են հայ և համաշխարհային նշանավոր երաժիշտներին՝ Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Չուխաջյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Կոմիտաս, Արմեն Տիգրանյան, Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան, Մոցարտ, Ղազարոս Սարյան, Բեթհովեն: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով նամականիշերը՝ կարելի է վայելել անվանի երաժիշտների ստեղծագործությունները:

«Անվանի երաժիշտներ»  նամականիշերի թեմատիկ հավաքածուն ուներ առաջին օրինակի հավաստագիր, որը երեկոյի ավարտին ստորագրվեց և գնորդին հանձնվեց ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի  և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից:

ՀայՓոստի կողմից թողարկված նամականիշները ամբողջ աշխարհին պատմում են Հայաստանի հարուստ ժառանգության մասին, դրանք արտահայտում են հայ ժողովրդի նվաճումները ամենատարբեր բնագավառներում:

back-top