l

lifestyle

ԿԱՄԱՐ ռեստորանի բացումը Ամիրյան 4/3 հասցեում

Նոր հայկական ռեստորան, որտեղ կարծես ճանապարհորդում ես Շիրակի, Արագածոտնի, Սյունյաց մարզերի խոհանոցային պատմությամբ: Հին հայկական բացառիկ ուտեստներ, հեղինակային լուծումներ, մատուցման հետաքրքիր ձևաչափ. այս ամենը մեզ սպասվում էր նորաբաց ԿԱՄԱՐ հայկական ռեստորանում, որն օրերս բացեց դռները Ամիրյան 4/3 հասցեում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ: 

Այս տարի տասնյակ նոր ռեստորանային նախագծեր են բացվել ու դրանց մեծ մասն էլ լուսաբանվել է մեր կողմից, սակայն ԿԱՄԱՐ ռեստորանը առանձնահատուկ ոգևորությամբ եմ ներկայացնում, քանի որ այն իրոք հենց առաջին այցից գրավում է հյուրընկալությամբ, երևանյան շատ ջերմ մթնոլորտով և հատուկ խոհանոցով: Վայր, որտեղից չես շտապում հեռանալ ու ժամերն էլ աննկատ են անցնում: «Կամարի» կոնցեպտը հին Արևելքի հզոր պետություններից մեկի՝ Ուրարտուի թեման է, որը հայտնի էր իր բարձր քաղաքակրթությամբ, ծիսակրոնական համակարգով, ծաղկուն քաղաքներով ու արվեստով: Ռեստորանում կզգաք հին հայկական միջավայրի շունչն ու կհամտեսեք հետաքրքիր նախապատմություն ունեցող հարուստ խոհանոցի կերակրատեսակներ:

Ամիրյան 4/3 հասցեում է գտնվում ԿԱՄԱՐ ռեստորանը, այն գործում է կեսօրից մինչ կեսգիշեր: Առաջին հարկում գործում է բարը, որտեղ խորհուրդ կտամ փորձել հեղինակային կոկտեյլները, իսկ երկրորդ հարկում արդեն ռեստորանային հատվածն է: Ամենաջերմ անկյունը, տեսնում եք՝ այս փոքրիկ բալկոնն էր, որտեղ միայն մեկ սեղան կարող եք զբաղեցնել, ու արդեն գարնանը կարծում եմ այս հատվածը կդառնա զույգերի ամենասիրելի հատվածը ռեստորանում: Մանավանդ մթնշաղին շատ գեղեցիկ տեսարան է բացվում սրահի բոլոր անկյուններից, երևանյան աշխույժ անցուդարձ բոլոր նրանաց համար, ովքեր սիրահարված են մեր բացառիկ քաղաքին:

Բաց խոհանոցում հետաքրքիր էր հետևել թե ինչպես է թոնիրում թխվում հացը, պատրաստվում գառը, ինչպես նաև հետևել խոհարարների աշխատանքին: Սրահում աչքի է ընկնում նաև գինիների հատվածը, որտեղ ներկայացված են ինչպես լավագույն հայկական, այնպես էլ գինիների մեծ տեսականի ամբողջ աշխարհից: Կցանկանայի նաև առանձնացնել երաժշտական հատվածը: Բացման շնորհանդեսին նվագում էր հայտնի ԿԱԴԱՆՍ անսամբլը, որին անչափ հաճելի էր լսել: Արամ Խաչարյանի գործերից մինչ Պիացոլլա, ողջ երեկո բոլոր հյուրերն իրոք վայելում էին բարձրակարգ երաժշտություն իսկական պրոֆեսիոնալների կատարմամբ:

Ռեստորանն ունի մեկ ընդհանուր սրահ նախատեսված մինչև 90 այցելուների համար, մեկ առանձնասրահ 12 հյուրերի համար, ինչպես նաև փոքրիկ բալկոն 1 սեղանով՝ նախատեսված մեկ կամ երկու զույգերի համար: Ընտանեկան հրաշալի մթնոլորտ, լավ տարբերակ կորպորատիվների կամ մեծ բանկետների, ծննդյան տոների, հոբելյանական երեկոների համար, իսկ սփյուռքահայերի և զբոսաշրջիկների դեպքում էլ անկասկած լավագույն ընտրություններից մեկը հենց քաղաքի սրտում՝ որտեղ ներկայացված է հայկական խոհանոցը, պատմական էլեմենտներ ինտերիերում, թոնիրն ու մանղալը, հայկական երաժշտություն, դե հյուրընկալությունն էլ ամենաբարձր կարևորությունն ուներ այստեղ: Եթե հյուրեր ունեք, միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելվող վայրերի ցանկնում ավելացնել ԿԱՄԱՐ ռեստորանը, այն չի կարող դուր չգալ նույնիսկ ամենաբծախնդիր այցելուներին:

Ռեստորատորներ Արման Լազարյանը և Մանե Հարությունյանը ԿԱՄԱՐ նախագծի հեղինակներն են: Ռեստորանը դեռ օրեր է գործում, սակայն արդեն իսկ կարելի է գուշակել, որ այն դառնալու է երևանյան ամենասիրված նոր ռեստորաններից մեկը: 

Արբի Ղարախանին բրենդ-շեֆն է, ով ստեղծել է մենյուն: Վիդեո տարբերակում նա շատ մեծ հետաքրքրությամբ է ներկայացնում ուտեստները, թե ինչպես են դրանք ընտրվել, թե ինչ պատմություն ունեն, անպայման դիտեք: Ավանդական հայկական խոհանոցը նոր ձեռագրով: Փորձել ենք ԿԱՄԱՐ ֆիրմային սեթը, որն ընտանեկան խմբերի համար խորովածի սեթն է 6 տարբեր մսերից: Շատ համեղ էր ոսկրազտված լցոնված ճուտը, որն առանց ոսկորի էր ու հարմար էր ուտելու համար: Աղի մեջ պատրաստված կրակե հորթը հետաքրքիր կերպ մատուցվեց, վիդեո տարբերակում կարող եք հետևել: 

Ռեստորանի շեֆ-խոհարարն էլ Լենա Մխիթարյանն է: Հետաքրքիր էին ուտեստների անվանումները, որոնք հենց հին հայկական խոհանոցից էին՝ «Քալագյոշ», «Խոխոբ»: Մենյուում հետաքրքրեց սագի տոլման, հորթի սրունքը կանաչ լոբիով, նաև աղանդերը չփորձեցինք, քանի որ արդեն գերհագեցած էինք, բայց դրանք շատ ախորժելի տեսք ունեին:

Հետևեք ԿԱՄԱՐ ռեստորանին ֆեյսբուքում կամ ինստագրամում, որտեղ պարբերաբար ներկայացվում են բոլոր ուտեստները, դրանց պատմությունը, հետաքրքիր դրվագներ հին հայկական խոհանոցային պատմությունից: Սեղանների ամրագրման համար կարող եք զանգահարել 041-333 444 հեռախոսահամարով:

back-top