l

lifestyle

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2020! ԱՐԻ ԿԱՍԿԱԴ

Սիրում ե՞ք Կասկադը, հաստատ բոլորս էլ ունենք շատ հիշողություններ Կասկադի աստիճանների, սրճարանների, քաղաքի ամենամարդաշատ հատվածի հետ: Լավ ու վատ հիշողությունները կապ չունեն, մեկա Կասկադը միշտ ձգումա, նույնիսկ հիմիկվա խայտառակ վիճակում Կասկադում ոչ քովիդի հետք կա, ոչ ռեստորանային կրիզիս...չնայած, չէ, երեկ մի քանի ռեստորաններ Պարետը փակել էր: Առաջարկում եմ միասին շրջել Կասկադում, տեսնել ինչ կա չկա այնտեղ, համ էլ կհյուրասիրեմ Ձեզ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻ սառը ու համեղ թեյ:

  • Kamo Tovmasyan

Եկեք անկեղծ ասենք, բոլորս գալիս ենք ԿԱՍԿԱԴ՝ մարդկանց տենալու, սրճարաններում նստելու, սնվելու, շփվելու համար...լավ, մաքսիմում աստիճաններով բարձրանալ-իջնելու՝ եթե ինքդ Քեզ հույս ես տալիս, թե իբր որոշել ես նիհարել: Ամեն դեպքում սկզբում պետքա պատմեմ Կասկադի պատմությունը, մի քանի փաստեր, որոնք բոլորս պետքա իմանանք Կասկադի մասին: Իմ այս շարքի գործընկերն է ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը, որը ամռանն ընդառաջ հիշեցնում է իր 4 համերով սառը թեյերի մասին: Զբոսնենք Կասկադում, վայելենք սառը թեյ ու վերհիշենք պատմությունը...

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից: Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թ.: Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից: 

Նախագծելով Կասկադը հեղինակները` ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը` հյուսիս-հարավ ուղղությամբ: Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր: 

Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Ամերիկահայ մեծ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002թ. նախաձեռնեց Կասկադի վերականգնումը: Գաֆեսճէանի նախաձեռնությամբ՝ Կասկադի կառուցումը նորից կյանք առավ: Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր բարերար` Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը:

 2009թ. նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով Կասկադ համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Ներկայումս Կասկադը՝ ի դեմս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, ծառայում է ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնս ներկայացնելու առաքելությամբ: Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ` այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից: Ջերարդ և Քլեո Գաֆէսճեանները անձամբ կտրեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական բացման ժամանակ, 2009թ․-ին: Ես ներկա եմ եղել բացմանը, նոր-նոր էի բացել ԿամոԲլոգն ու իմ առաջին նկարահանումներից էին, ափսոս չեմ պահել արխիվումս:

 

Նախորդ տարի, հայտնվեց Կասկադ համալիրի ավարտուն տարբերակի երկու օրինակ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խնդրանքով Tarberak ճարտարապետական ստուդիայում մշակել էին Կասկադի վերնամասի կոնցեպտ: Նպատակը ներդրող գտնելու համար նախագիծ ունենալն էր։ 

Եվս մեկ կոնցեպտ: Կասկադի համահեղինակ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը քաղաքային նոր իշխանությանը ներկայացրել էր իր ծրագիրը: Մխիթարյանը նախատեսում է կենտրոնական մասում կառուցել ունիվերսալ համերգային դահլիճ: Կասկադի ձախ մասում նախատեսվում է հյուրանոցային համալիրի կառուցում, իսկ աջ կողմում, 3000 մարդու համար նախատեսված բաց դահլիճ: Մեկ այլ տարբերակով ճարտարապետը առաջարկում է հյուրանոցների փոխարեն կառուցել թանգարան, իսկ աջ կողմում`1500 նստատեղ ունեցող Շառլ Ազնավուրի անվան դահլիճ: Գործելու է նաև բաց շարժասանդուղք:

Դեղձ, լիմոն, ազնվամորի....որ համն եք նախընտրում: Կա նաև սև հաղարջի տարբերակը: Փորձեք ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻ սառը թեյերի տեսականին տանը, կամ պարզապես զբոսնելուց: 

Թամանյանի արձանը ներկայացվել է 1974 թվականին, հեղինակ Արտաշես Հովսեփյանը աշխատել է քանդակի վրա մոտ 4 տարի։ Երեք քարերը, որոնց հենվել է Թամանյանը, խորհրդանշական են. ձախ կողմի քարը` հին ճարտարապետությունն է, աջինը` նոր ժամանակաշրջանինը, իսկ մեծագույն ճարտարապետ Թամանյանը կամուրջ է կերտում այդ երկու ժամանակաշրջանների միջեւ։ Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ 

Աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։

Թերևս Կասկադը սկսվում է այս հայտնի ցայտաղբյուրից....

Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնը ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն: Հավաքածուում ներկայացված են Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։ 

2005 թվականին Գաֆեսճյան արվեստի թանգարանի Երևան բերած նոր արձանների թվում էր կոլումբիացի անվանի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի 1985-1986 թվականներին կերտած «Հռոմեացի զինվոր» բրոնզե քանդակը, որը ներկայացնում է մարտի պատրաստ գլադիատորին։

Կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոն համակցելով տարբեր անվադողեր, ստեղծում է կենդանիների արտասովոր քանդակներ: «Առյուծ 2» քանդակում նա օգտագործել է չժանգոտվող պողպատից հիմք՝ արտահայտելու չորսոտանի կենդանու դինամիկ կերպարը: Առյուծի վերջույթները մշակված են մոտոցիկլետի անվադողերի կտորներից, իսկ «մորթին»՝ շրջված անվադողերից: 

Մինչ վերջերս արգելվում էր այստեղ լուսանկարել, ինչը իհարկե աբսուրդ է: Ընթացքում հայտնվեցին գերհզոր սմարթֆոնները, որոնք փոխարինեցին պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներին, ու հավանաբար տնօրինությունը հասկացավ, որ արգելել անցորդներին բջջային հեռախոսով նկարել՝ պարզապես անհեթեթություն կլինի....

Ֆեռնանդո Բոտերոյի կերտած «Ծխող կինը» բրոնզե քանդակը Գաֆեսճյան արվեստի թանգարանի տարածքում տեղադրվել է 2012 թվականի օգոստոսի 27-ին։ Այդ քանդակը կրկնօրինակներից մեկն է. մի քանիսը գտնվում են աշխարհի տարբեր քաղաքներում։ Հիշում եմ, տեղադրման ընթացքում մեծ սկանդալ էր սկսվել, կարծեմ նույնիսկ ցույցեր էին կազմակերպում այսպես ասած էրոտիկ, ինչպես մամուլում էին գրում՝ այլասերված քանդակի դեմ:

Սա մոռացա ում աշխատանքն է....

Սա Ջոանա Վասկոնսելոսի աշխատանքն է: Ապրում և աշխատում է Լիսաբոնում: Նրա արվեստի հիմքում առօրյա իրականության և կենցաղում օգտագործվող առարկաների կիրառումն է՝ կոնտեքստից դուրս: Նրա արվեստանմուշները հաճախ սոցիալական գաղափար ունեն՝ ուղղված ժամանակակից հասարակությանը, կոլեկտիվ ինքնությանը, այդ թվում կնոջ դերակատարմանը հասարակության մեջ և ազգային պատկանելության խնդիրներին: 

Իմ ամենասիրած գործերից: Ռոբերթ Ինդիանայի հայտնի LOVE-ը բազմաթիվ օրինակներ ունի, 7 տարի առաջ դրանցից մեկը հայտնվեց նաև մեզ մոտ:

Սա ամենամեծ տարբերակն է, որը տեղադրված է Նյու Յորքում:

Փիտեր Վոյտուկի «Կիվին» ժամանել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն Նյու-Յորքից, որտեղ տեղադրված էր Բրոդվեյում։

Բրիտանացի քանդակագործ Բարրի Ֆլանագանը հայտնի է իր դինամիկ, մոնումենտալ բրոնզե քանդակներով: 70-ականների վերջին Ֆլանագանը սկսեց ստեղծել նապաստակների, սաղավարտների և ձիերի ֆիգուրատիվ քանդակներ` օգտագործելով այնպիսի ավանդական նյութեր, ինչպիսիք են բրոնզը, ոսկեջուրը և մշակված քարը:
Ֆլանագանի հինգ հայտնի աշխատանքները ցուցադրված են Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։

Ներկայացնել բոլոր քանդակները անհնար է, բացի այդ, կան դեռ հենց կենտրոնի ներսում տեղադրված աշխատանքներ....

Ահա այսպիսինն է Կասկադն այսօր....

Ահա այստեղ, 90-ականներին գործում էր ամենահայտնի երևանյան ակումբներից մեկը՝ ԿԱՍԿԱԴ ակումբը: Այն ամենամեծն էր, ամենաթանկն ու ամենաթույնը: Առաջին պրոֆեսիոնալ հայ դիջեյները, էլեկտրոմյուզիքը, հսկայական հայելիները որոնց դիմաց պարում էինք ու իհարկե կռիվները: Ակումբը բացել էր քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի որդին, ամեն ինչ խիստ էր, որակով ու անմոռանալի....

Կասկադի աստիճանների թիվը 572 է։ Վստահ եմ բարձրացել եք, գոնե կյանքում մեկ անգամ: Մենք դեռ 1997թ.-ին ենք բարձրացել, նկարն էլ վկա:

Իսպանացի քանդակագործ Ժաումե Պլենզայի այս աշխատանքները Ձեզ ծանոթ կլինեն, եթե եղել եք Նիցցայում:

 

 Նիցցայի գլխավոր հրապարակում այս գունավոր մարդուկները երեկոյան շատ գեղեցիկ են...

«Երեք սուզորդների հարթակ», Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակն է, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Հարթակում տեղակայված է արտացոլող ջրավազանը, որի կենտրոնում՝ Դեյվիս Մարտինի «Երեք սուզորդների» տպավորիչ քանդակն է։ 

 

Հանդիպումների, համբույրների, ժամամադրությունների հայտնի վայրը: Ձախ կողմում տեսնում եք Ազնավուրի տուն-թանգարանը, վերևում Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանն է, աջ կողմում տեսնում եք «Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է» հուշակոթողը: Ինչպես ասացի այս օրերին կենտրոնը փակ է, ցավոք չկարողացա ներս անցնել ու ցույց տալ Ձեզ այն հետաքրքիր սրահները, քանդակները, ժամանակակից արվեստի գործերը, որոնք ներսում են ներկայացված, հուսով եմ, երբ Դուք այցելեք, արդեն կենտրնը կգործի: 

Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան, գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի սկզբնամասում՝ Կասկադ համալիրի վերևում։ Կառուցվել է 1967 թվականին՝ որպես Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված խորհրդանիշ։ Օբելիսկի ընդհանուր բարձրությունը կազմում է 65 մ։ Ճարտարապետներն են Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գուրզադյանը։ Այն վերջնամասում ավարտվում է թեթևակի ընդգծված երեք կամարաձև ելուստներով։ Կոթողի այսպիսի ավարտը կիրառվել է դեռևս ուրարտական ժամանակաշրջանում և խորհրդանշել է արքայական թագը։ Հաջորդ 15 մ բարձրություն կազմող ոճավորված սոսին, որը մեծ մասամբ ընկալվում է որպես ցորենի հասկ, անցյալում պատմամշակութային նշանակություն է ունեցել և Կենաց ծառ է խորհրդանշել։ Հուշարձանի վրա գրված են Եղիշե Չարենցի տողերը՝ «Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ»։

Իսկ ինչ կարելի է տեսնել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ներսում: Այստեղ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնն է, հետաքրքիր հուշանվերների խանութ-սրահ, Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակն է, շարժասանդուղքները, որտեղ ներկայացված են հետաքրքիր և յուրօրինակ արվեստանմուշներ Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից: Այստեղ կարելի է տեսնել Ջեննի Փիքֆորդի, Մայլի Քրիստիի, Դանիել Քորդելի, Էն Վրայլինք, Ուիլյամ Լազարդի և այլ հեղինակների ստեղծագործությունները:

«Խանջյան» սրահում է գտնվում հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը: Խորհրդային շրջանում  պատվիրված և Խանջյանի մահից հետո անավարտ մնացած այս հուշարձանի երեք հիմնական տեսարանները պատկերում են հայոց պատմության առանցքային էջերը. «Հայոց այբուբեն» (1992-1994), «Վարդանանք» (1995-1998) և «Վերածնված Հայաստան» (1998-2000): 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի և Դիլլեր Սկոֆիդիո/Ռենֆրո դիզայներական ընկերության հեղինակած Սվարովսկի Բյուրեղյա պալատի ջահերի ընտրանին: Սվարովսկի Բյուրեղյա պալատը շրջադարձային նախագիծ է, որն օգտագործելով սրահատ բյուրեղապակու զգայական գեղեցկությունը, ստեղծել է լույսի և դիզայնի համադրությամբ եզակի օրինակներ: Սվարովսկի Բյուրեղյա պալատ շարքի հիրավի ամենատպավորիչ մտահղացումը՝ «Կասկադ» ջահը, ստեղծվել է 2003 թ. բելգիացի ճարտարապետ և դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից: 

Ի դեպ, եթե բաց եք թողել, կարող եք նաև կարդալ այս շարքի մյուս հոդվածները Արամի փողոցի, Թումանյանի, Ամիրյան, Աբովյան փողոցների մասին: ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՑՅ 2020-ի նպատակը ժամանակակից երևանի ներկայացումն է, բոլոր նրանց համար, ովքեր այս ամռանը որոշել են հանգստանալ հենց այստեղ: Շարքի գործընկերն է ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ու սուրճերի և սառը թեյերի տեսականիով: Նախորդ հոդվածները կարող եք կարդալԱՅՍՏԵՂ:

Կասկադի մյուս այցեքարտը դա ժամանցային հարթակն է՝ տասնյակ ռեստորանները, սրճարանները, որոնք միշտ լի են այցելուներով: Ընտրության հարց է, թե որտեղ պետք է նստել, ինչ պատվիրել ու ինչ ակնկալել: Փորձեմ օգնել այդ հարցում: 

Սկսեք Ապերիտիվոյից, այն ամենասիրվածն է, ամենաերիտասարդականը, ամենահամեղը, ամենանորմալ գներովը: Ճիշտ է Ապերիտիվոն որպես գինեբար է սկսել իր ուղին, բայց այսօր այն շատ ուժեղ է նաև իր խոհանոցով, մուդով ու վայբով: 

Ժամանակին հայտնի Ստուդիո սրճարանի տեղում հիմա թրենդային Ռուբին է, հատկապես աղջիկների սելֆիների սիրված վայրը, նկարից հասկանում եք, թե ինչու: Դիմացի մայթում Մոլոկոն է, նույն շարքից, սիրուն, համեղ, միշտ ակտուալ:

Ես որպես հայկական խոհանոցի սիրահար սիրում եմ հին, բարի Թեմուրնոցը, իր խորովածի, խինկալիների, լահմաջոների, փլավների համար: Միշտ համով, հարմար գներով ու երևանյան:

Հիշում եք, այստեղ գրախանութ էր, իսկ հիմա գերզբաղված Սորրիսո սրճարանը: Ի դեպ, այս անկյունը որպես ռեստորանային հատված երբեք չի աշխատել, ու Սորրիսոյի հաջողված լինելը խոսում է իրոք լավ աշխատանքի մասին: Հիշում եմ, բացման օրը անձրև տեղաց, շատ հյուրեր չկարողացան գալ, նկարահանումներն էլ մի տեսակ անձրևային ստացվեցին, բոլորս նեղվեցինք, թե բա հանկարծ վատ նշան չլինի: Հիմա, երբ ամեն անգամ ինքս չեմ կարողանում այստեղ սեղան գտնել, մտքումս ուրախանում եմ....

Դասական հատվածներից, Պաուլաների գարեջրերը, Շառլի նախաճաշերը, Լիմոնեի ամեն ինչը.....

Այ սենց հին նկարով կպատմեմ Պաուլաներ ռեստորանների մասին, կարծեմ 2012թ.-ն է սա, միանգամից երկու Պաուլաներներ բացվեցին Կասկադում, իմ առաջին նկարահանումներից է: Հայտնի գարեջուրը, նրբերշիկները, ռիբսերը, ամեն ինչ նոր էր, միանգամից դարձավ սիրված ու հիմա էլ այստեղ միշտ մարդաշատ է:

Հեմն է՝ Հեմինգուեյը, Կասկադի ամենալավ փաբ-կաֆեն: Գիշերները տժժում են, ցերեկները սրճարանի հատվածում քննարկում գիշերները:

Ռոմանտիկայի զոհերի համար՝ Կասկադ Բալկոն: Խոհանոցը համեղ էր, տեսարանը սիրուն, մի քիչ կլաուստաֆոբիայի նոպաներ կսկսվեն, բայց չեք փոշմանի այցից:

Ես այս սրճարանը ձմռանն եմ սիրում, տեսեք ինչ գեղեցիկ է......

Ձախ թև, տեսնում եք Քոֆիշոփ Կասկադը, ծանոթացնելու կարիք կարծում եմ չկա. Երևանի բոլոր Քոֆիշոփ քոմփանիները ուր որ բացվեն միանգամից մարդաշատ են: 

Այս հատվածում շատ են արևելյան ռեստորանները: Ճիշտն ասած հենց հիմա գրում եմ, ու մի տեսակ ուզեցի Ալ Մայասի հարիսան, իշլի քյուֆթան ու ֆաթուշը: Շատ լավ տեղ է, համեցեք, կալյան էլ կպատվիրեք անպայման, եթե օրենքը թույլ տա, բան չենք հասկանում էս օրենքից:

Այ սենց գաղտնի տեղեր կան էս հատվածում, որ պետքա իմանալ: Օրինակ սա ՓԻՓԼԶՆ է, առաջին հարկում ծնունդներ նշելու լավ սրահ կա, իմացեք, պետք կգա:

Եվս մեկ հին ու լավ պատմություն ունեցող տեղ՝ ԻԴՆ. Փաբ չեմ ուզում ասել, ակումբ չի, ռեստորանը էն չի ասել....ամեն ինչ մի տեղում: Ժամանակին շատ էինք այստեղ գալիս, առաջին հարկում փարթիներ կային, հիմա չգիտեմ կան թե չէ, հին սերունդը միշտ այստեղա նստում:

Քանի որ ես IQOS եմ օգտագործում, առանձնացնում եմ տվյալ փողոցի այն սրճարանները, որոնք IQOS Friendly են, բայց Կասկադի դեպքում կարող ես օգտագործել որտեղ ուզես, մանավանդ ամռանը, նո սմոք սրճարաններ գրեթե չկան:

Այսօր այսքանը, փորձում եմ շատ հակիրճ լինել, քանի որ հասկանում եմ, երկար հոդվածները չեն կարդացվում: Շնորհակալ եմ լայքելու կիսվելու գժվելու համար, փոխադարձա: Հաջորդը Սայաթ-Նովա փողոցում ենք, 3 օրից, բաց չթողնեք, սպասելու եմ:

_________

back-top