Kamancha
l

lifestyle

Ինչպես Դրախտում! MAKADI SPA հյուրանոցը Հուրգադայում Interco Travel-ի հետ

Մեր ֆոլլոուերները նախորդ երկու շաբաթների ընթացքում հետևում էին մեր ճանապարհորդությանը դեպի Հուրգադա՝ վրացական INTERCO ընկերության հետ: Հաջորդ փոստում ես կներկայացնեմ Հուրգադան ամբողջությամբ, իսկ այս փոստում կպատմեմ թերևս ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ RED SEA HOTELS ցանցի MAKADI SPA հյուրանոցի մասին, որտեղ մենք հանգստանում էինք: Թե ինչու Հուրգադա մեկնելիս պետք է ընտրել հենց այս հյուրանոցը կամ RED SEA HOTELS ցանցի մեկ այլ հյուրանոց՝ կարդացեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ասեմ անկեղծ, մոտ մեկ տարի վրացական ԻՆՏԵՐԿՈ ընկերությունը մեզ համոզում էր մեկնել Եգիպտոս, ի դեպ, երևանյան տուր-գրասենյակներից ևս հրավերներ էինք ստացել, բայց ես ինքս չեմ ցանկացել երբեք հանգստանալ Եգիպտոսում՝ ունենալով բացասական կարծիք. ապահով չէ, կեղտոտ է, շատ են հայերը, ինչը, կոնկրետ իմ դեպքում հանգիստն ավելի լարված է դարձնում...ԿամոԲլոգի 10-ամյակի միջոցառմանը ԻՆՏԵՐԿՈ ընկերությունը նվիրեց մեզ ուղևորություն դեպի Հուրգադա, ու այդպես ստացվեց, որ ես չկարողացա էլ մերժել ու պլանավորեցի այցելել Եգիպտոս Օգոստոս ամսին: Ընկերության թռիչքներն իրականացվում են Թբիլիսիից, ու դա էլ հիանալի առիթ էր հերթական անգամ վայելելու Թբիլիսին, Բաթումին, հետո արդեն մեկնելու Եգիպտոս: Ուզում եմ նշել, որ ԻՆՏԵՐԿՈ ընկերության փաթեթները կարող եք ամրագրել մի շարք երևանյան տուր-գրասենյակներում, կամ կարող եք պարզապես միանալ ֆեյսբուքյան էջին և հղել ձեզ հուզող հարցը: Ընկերությունն առանձնանում է մատչելի գնային առաջարկով (իսկ մենք գիտենք, որ շատերն այսօր ճանապարհորդում են Թբիլիսիով, քանի որ գները համեմատաբար մատչելի են), ինչպես նաև բացառիկ պայմանագրերով հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսին հենց RED SEA HOTELS ցանցն է, որի հոյուրանոցներում կարող եք հանգստանալ միայն ամրագրելով INTERCO ընկերության փաթեթները: 

Facebook/INTERCO

RED SEA HOTELS ցանցն ունի 17 բարձրակարգ հյուրանոցներ Եգիպտոսի տարբեր քաղաքներում: Մենք հանգստանում էինք ամենաշքեղ հյուրանոցում՝ MAKADI SPA-ում, որը միայն չափահասների համար է: Հուսով եմ ինձ ճիշտ կհասկանաք, ես երեխաներ շատ եմ սիրում, բայց ոչ ինքնաթիռում կամ ամառային հանգստի ընթացքում, իսկ այս հյուրանոցում միայն 18 տարեկանը լրացած անձինք կարող են հանգստանալ: Եվրոպացի 25-50 տարեկան զույգեր էին, ընկերական խմբեր, հայեր չկային, պարսիկներ և արաբներ նույնպես չկային: Ինչում եմ նշում արաբների մասին, ինչպես գիտեք նրանց մեծ մասը լողավազանում լողում է հագուստով, ինչն այստեղ նույնպես արգելված է. անձամբ ինձ դուր չի գալիս, երբ լողավազանում հագուստով մարդիկ են լողում: MAKADI SPA-ն արևելյան ոճի շքեղ հյուրանոց էր, բայց ոչ տխուր ու ձանձրալի: Շքեղ լողավազանները, 6 տարբեր ռեստորանները, ամենօրյա տուրերը ինձ նույնիսկ արդեն վերջին օրը հոգնեցրեց, այդպիսի ռիթմով ես նույնիսկ եվրոպական քաղաքներում չեմ հանգստացել: Հյուրանոցը գտնվում է օդանավակայանից 25 կմ, քաղաքի կենտրոնից՝ 35 կմ հեռու: Լողափի երկարությունը 1000 մետր էր: Կարևոր հանգամանք. եթե դուք հանգստանում եք այս հյուրանոցում, ապա դուք կարող եք անվճար օգտվել ցանցի հարևանությամբ գտնվող մյուս հյուրանոցների թե ռեստորաններից, թե ատրակցիոններից...նույնիսկ եթե հոգնում էիր քո հյուրանոցից, զբոսնելով տեղափոխվում ես հարևան հյուրանոց և հանգստանում այնտեղ:

Այսպիսինն է ստանդարտ համարը, նախ ասեմ, որ անկողինները շատ մեծ են, նույնիսկ կարծես 3 անձի համար լինեն: Գրեթե բոլոր համարներն ունեն բալկոն, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազան կամ Կարմիր ծով:

Անկեղծ ասեմ, գլխավոր առավելություններից էր այն, որ այստեղ միայն եվրոպացիներ էին. Գիտեք, իմ ռեժիմով աշխատող մարդու համար, ով ամեն օր կոնտակտի մեջ է հայտնվում տասնյակ նոր անձանց հետ, շատ կարևոր է հանգստի ընթացքում կտրվել աշխատանքից ու լիարժեք հանգստանալ, իսկ երբ մեկնում ես հանգստի ու հանդիպում ես հայերի, իհարկե նորից խոսք է բացվում հայկական թեմաների, աշխատանքի շուրջ, վստահ հանգստացողներից մեկի եղբայրը բիզնես է սկսում ու քեզ ստիպում են այնտեղից հեռախոսով խոսել ու ներկայացնել ծառայություններ, այդ է պատճառը, որ ես նախընտրում եմ հանգստանալ այն վայրերում, որտեղ հայերը քիչ են, պարզապես բալանսի գալու համար: Հիշում եմ, նախորդ տարի ընկերներով որոշեցինք 4 օրով փախչել քաղաքից, մի գրասենյակում Եգիպտոսի տոմսեր ամրագրեցինք, ու մեզ ասացին-Շնորհավորում ենք, շատ լավ հյուրանոց եք ընտրել, այնտեղ բոլորը հիմա հայեր են, ձեր շոու-բիզնեսի կեսն էլ հենց հիմա այնտեղ հանգստանում է......Ինչ եք կարծում ինչ արեցինք? Հենց տեղում հետ տվեցինք տոմսերը )))))

Մի խոսքով, ինտերնետի ֆոտոները գեղեցիկ են, գրավիչ, բայց պետք է անձամբ փորձել, գնահատել ու հիմա ես արդեն իմ ֆոտոներով կներկայացնեմ այս հյուրանոցի բոլոր առավելությունները, նաև թերությունները: Ինչպես ասացի Օդանավակայանից մեզ դիմավորեցին և ուղեկցեցին հյուրանոց: Այն գտնվում է խիստ հսկման շրջանում, ապահովության մասին հարկ չեմ համարում խոսել, կարծես հսկայական առանձնատուն լիներ, որտեղ մենք հանգստանում էինք:

եղանակը հիանալի էր, համենային դեպս ավելի հով էր քան հիմա Երևանում, այս հյուրանոցների ցանցն ունի փոքրիկ մոլ, որտեղ սրահներ են, դեղատուն, իրականում ցանկության դեպքում կարող եք նույնիսկ դուրս չգալ հյուրանոցից, այստեղ ամեն ինչ կա:

Մեզ հատկացրել էին լավագույն համարը, որտեղ զգեստապահարանը մեր լուսանկարչի ննջասենյակից մեծ էր:

Ափսոս մեկնել էինք միայն շորտերով և շապիկներով, թե չէ այս հսկայական զգեստասենյակում հոլիվուդյան աստղի պես կարող էիր ամեն ինչ տևավորել:

Իրականում մեզ համար համարը շատ մեծ էր, հավատացեք ստանդարտ համարը լիովին բավական է հանգստանալու համար, չնայած սյութ համարն ուներ մի առավելություն...

..դա բալկոնում գտնվող ջակուզին էր, որտեղ կարող ես ողջ օրն անցկացնել ու վայելել հիանալի տեսարան դեպի Կարմիր ծով...Այս տեսարանում ինչն է պակասում, կարող եք ասել? Իհարկե ինտերնետը...հյուրանոցում այն անվճար էր սպասասրահում, բայց վճարովի էր համարներում. Մեկ շաբաթվա համար կվճարեք 25 եվրո ու կարող եք դուրս չգալ հեռախոսից էլ, ջակուզիից էլ...

Ամենակարևորի մասին. Եգիպտոսում ուտելիքը առանց այն էլ այնքան համեղ չէ, որքան մեզ մոտ, իսկ վատ հյուրանոցներում դրանք առավել համեղ չեն ու ավելի ճաշարանային մատուցմամբ: Մակադի Սպայի առավելություններից էր նաև ռեստորանային սնունդը, հյուրանոցում գործում էին 6 տարբեր խոհանոցներ ներկայացնող 6 ռեստորաններ, որոնց առավոտյան 07.30-ից մինչ 00.00-ն պատրաստ էին սպասարկել ձեզ: Ձեր համարում դուք ունեք հատուկ ուղեցույց, որտեղ կարող եք հետևել, թե որ ժամին որտեղ կարելի է սնվել: Իսպանական, իտալական, հատուկ սիֆուդի իրահարների համար ռեստորան, չինական խոհանոց, իսկ այս մեկը եվրոպական միքս խոհանոցով ռեստորանն է, այն ես ամենաշատն էի սիրում, քանի որ կար մեծ ընտրություն: Ընթրիքի ժամանակ անթև մայկաներով և ինչպես ասեմ-տապչկաներով չէր կարելի այստեղ գալ, այնպես որ ունեցեք շորտեր, շապիկներ և փակ կոշիկներ: Ինչպես գիտեք All inclusive սննդի համակարգն առաջինը գործարկել են թուրքերը, որից հետո արդեն եգիպտացիներն են սկսել իրենց հյուրանոցներում նույն համակարգով աշխատել: Սնունդն ինչպես ասացի Եգիպտոսում մի քիչ այլ համ ունի, նկատի ունեմ ամենուր թե երշիկը, թե պանիրը, նույնսիկ սթեյքն այլ համի է, հավանաբար մենք սովոր ենք հայկական համ ու հոտին, բայց այստեղ տեսականին այնքան մեծ է, որ վստահ քաղցած չեք մնա, բայց զգուշացնում եմ քաղցրավենիքները ընտրելիս կեսից կանգ առեք, թե չէ փոշմանելու եք, շատ համեղ են աղանդները, շատ քաղցր, ուզում ես հենց այդպես ափսեով շոկոլադը ամբողջությամբ ուտել: Իհարկե առաջին հերթին պետք է փորձել սիֆուդը, քանի որ այն շատ թարմ է, բազմատեսակ և ասում են համեղ..ես չեմ ուտում սիֆուդ, բայց մեր նկարիչը մեռավ ութոտնուկներ ուտելով: Նշեմ նաև, որ լողավազանի մոտ գտնվող բարը վճարովի է, ռեստորանների մենյուներում կան ուտեստներ, որոնք ևս վճարովի են, պարզապես պետք է չշփոթվել, ու եթե ինչ-որ սուպեր հատուկ ուտսետ չես ցանկանում փորձել, որը չկա all inclusive համակարգում (ասենք ուղտի պոչ), պետք է պատվիրել պարզապես այն ցանկից, որն անվճար է, հավատացեք all inclusive ուտեստների տեսականին անսահմանափակ է, հարկ չի լինի էքստրա ինչ-որ ուտեստ պատվիրել: Ոգելից խմիչքները նույնպես անվճար են, սակայն կրկնում եմ, կան բարեր, որտեղ դրանք վճարովի են, պետք է պարզապես տեղեկացված լինել:

Գլխավոր մեխերից էր 5 տարբեր լողավազանները, որտեղից ինքներդ եք տեսնում, թե ինչ տեսարան է բացվում: Կարող ես լողալ մինչ 18.00, հետո արդեն սկսում են մաքրել, այո ամեն օր մաքրում էին...

Հիմա լողափի մասին, վերջիվերջո եկել ենք Կարմիր ծով: Հյուրանոցն ունի մոտ 1 կմ երկարությամբ լողափ, ինչպես արդեն ասացի, եթե դուք հանգստանում եք Մակադի Սպայում, անվճար կարող եք հանգստանալ նաև հարևան հյուրանոցների լողափներում և նույնիսկ օգտնվել հարևան հյուրանոցների ռեստորաններից, եթե ձերը հոգնեցրել է...լողափն այստեղ քարքարոտ էր, իսկ ջուրը ժամանակ առ ժամանակ հետ էր գնում: Այդ է պատճառը, որ մենք խորհուրդ ենք տալիս ամրագրել տուր դեպի ՄԱՀՄԵԱ և ՕՐԱՆԺ լողափներ, որոնց մասին ես կպատմեմ հաջորդ փոստում և դուք կհասկանաք, թե ինչու:

Կարմիր ծովը ֆանտաստիկ էր, իսկն իմ համար էր, գնում գնում ես դեռ ծնկներիցդ է, եթե լողալ չգիտես շատ հարմար է:

Հիշեք Կարմիր ծովից ոչ մի դեպքում չվերցնեք ձեզ հետ կորալներ: Նույնիսկ փոքր կորալը, որը դուք պոկել եք ծովից, օդանավակայանում մեծ խնդիր կարող է ձեզ համար ստեղծել և մեծ գումարային տույժ կմուծեք, եթե բռնվեք:

Գունավոր ձկները հենց ոտքի տակ լողում են, ֆանտաստիկ տպավորություն էր...

Ափից մոտ 100 մետր գնալով, նոր միայն կարող էիր նորմալ լողալ ծովում:

Ոչ մի խաբնվեք այս լուսանկարին, երեկոներն այսքան տխուր չեն անցնում, կարող եք խմել ռեստորաններից մեկում, որտեղ ամեն օր լայվ կատարումներ են, կարող ես այցելել հարևան հյուրանոցներ, որտեղ ամեն օր թեմատիկ փարթիներ են ու կարող ես վերջիվերջո վերցնել տաքսի ու 25 եվրո վճարելով հայտնվես Հուրգադայի կենտրոնում, որտեղ շատ են ժամանցավայրերը, այդ մասին ես կպատմեմ հաջորդ փոստում, բաց մի թողեք:

Հավատացեք ինձ, ցանկացած ճանապարհորդություն սկսվում է հյուրանոցից: Ճիշտ ընտրված հյուրանոցը ձեր հանգստի ամբողջական տպավորության զգալի մասն է կազմում, երբեք մի խնայեք գումար լավ հյուրանոցում հանգստանալու համար:

back-top