l

lifestyle

Նորքի շատրվանները, ամենամեծ լողավազանը, ամենամեծ ձիարձանը ու Հարրի Փոթերի սրճարանը

Առասպելական Հայկը, լեգենդար Գայը, Հայաստանի ամենամեծ լողավազանն ու ամենամեծ մոլը, վերակառուցվող 135-րդ դպրոցն ու այս ամենը Նոր Նորք վարչական շրջանում: Շարունակելով երևանյան փողոցների շարքը, այսօր ներկայացնում եմ Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածները: Ինքս այստեղ եմ մեծացել ու ապրել մոտ 25 տարի, բայց ինձ համար էլ անսպասելի բացահայտում էր այն, ինչ նկարեցինք....

  • Սարգիս Մկոյան
  • Կամո Թովմասյան

Նոր Նորք վարչական շրջանն ընդգրկում է Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածները և Ջրվեժի «Բանավան» ու «Մայակ» թաղամասերը։ 

Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը՝ ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։ Իհարկե Դուք հասկանում եք, որ անհնար է մեկ փոստում ներկայացնել ողջ շրջանը: Ես առանձնացրել եմ միայն առաջին երկու զանգվածների ամենահետաքրքիր անկյունները:

Բնակվել եմ 2-րդ զանգվածում, մոտ 25 տարի, բայց փոքրուց հասկանում էի, որ պետք է կենտրոնում ապրել, չնայած, որ մայրս համոզում էր թե այստեղ օդն ավելի մաքուր է: Երբ սկսեցի գումար վաստակել, մոտ 13 տարեկանից, ամեն օր տրոլեյբուսով կենտրոն էի իջնում, ու պատկերացնում, թե ինչպես եմ մետրոների հարակից հատվածներում սովորելու, աշխատելու ու անցկացնելու ժամանցս: Հետո վաճառեցի բնակարանս և տեղափոխվեցի Մաշտոցի պողոտա: Հենց այդ ժամանակ հասկացա, որ սա այն չէր, ինչի համար պետք էր պայքարել: Իրական երազանքները պետք է լինել գրեթե անհասանելի, DREAM BIG, եթե հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել:

 

Ամենահանգիստ վայրը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է, որը գտնվում է համայնքի 1-ին զանգվածում՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքում: Այգին անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով 2015-ին։ 

Քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանը տվյալ այգում:

Այ այսպիսի հետաքրքիր հատված նույն այգում, նույնիսկ ես եմ առաջին անգամ տեսնում: Չգիտեմ հիմա ոնց, տարիներ առաջ այս այգում չափազանց շատ էին ոստիկանները, քանի որ այստեղ, ինչպես և այս հատվածի բոլոր այգիներում գիշերները ինչ ասես, թե չէին կատարվում: 

Հայկ նահապետի արձանն է, դժվար լինի մեկը, ով չի տեսել արձանը կամ ծանոթ չէ Հայկի և Բելի առասպելին: Քանդակը կոփածո պղնձից է, բարձրությունը 3,5 մետր է։ Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան: 

Քանդակը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, 1975 թ. տեղափոխվել է ներկայիս վայրը։

Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն Աստված Հայկ նահապետ:

Ի դեպ, սանդուղքները 90-ականներին չկային, առաջին անգամ եմ տեսնում: 

1-ին զանգվածի խորհրդանիշը՝ Գայի հուշարձանը, որը տեղադրվել է 1977թ.-ին: Մեր մանկության ամենասիրած զբոսանքի վայրերից մեկը: Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։

Հայկ «Գայ» Բժշկյանցը հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարն է եղել, ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատարը, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից: Իր դիվիզիայի կարմիր բանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ մականունով, որն ավելի հեշտ էր արտասանվում:

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից։

Ի դեպ, հայտնեմ Նիկոլ Փաշինյանին, որ Նոր Նորքում բացառապես բոլորը կրում էին դիմակ:

Գայի հուշարձանը գտնվում է Նանսենի անվան այգում: Ես առաջին անգամ էի այստեղ ու Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն ինձ համար իսկական բացահայտում էր: Ճարտարապետն է Ալբերտ Սոխիկյանը: Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի բևեռախույզ է եղել, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել է Նանսենյան անձնագրեր։ Նա մինչև իր մահը զբաղվել է փախստականների հարցով, որից հետո Լիգան ստեղծել է Նանսենի միջազգային ակադեմիան Լիլլեհամերում և շարունակել է Նանսենի գործունեությունը։ 1938 թվականին կազմակերպությունը պարգևատրվել է Նոբելյան մրցանակով։

Նաեւ Նանսենի այգում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին: Թանգարանը և եկեղեցին կառուցվել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ: 2014 թվականի հոկտեմբերի 11-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվել են եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Սուրբ Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքար, տնօրհնեքի կարգ է կատարվել երիցատանը։ Թանգարան-հուշահամալիրի շինարարական աշխատանքները սկիզբ են առել 2012 թվականին։ Այնուհետև սկսվել են եկեղեցու, երիցատան և հարակից հուշարձանախմբերի կառուցման աշխատանքները։ Հուշահամալիրի տարածքն ընդգրկում է եկեղեցին, երիցատունը՝ հարակից հանգստյան տաղավարով, մոմավառության խորանը՝ զարդաքանդակներով։  

Այստեղ կան շուրջ երեսուն հուշարձան և խաչքար՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին:

Շատ հետաքրքիր էր այստեղ 6 տարի առաջ տեղադրված լրագրողի արձանը, որը անկեղծ ասած ոչ մի կապ չուներ այս հատվածում առկա արձանների հետ, միանշանակ իր տեղում չէր գտնվում: Եթե ուշադիր նայեք, կնմանեցնեք Գագիկ Շամշյանին, բայց հեղինակ Ալբերտ Սոխիկյանը նշել է, որ Ժան Մարեին է պատկերել:

Արձանները հետաքրքիր անվանումներ ունեին՝ «Իմ սիրտը լեռներում է», «Ջհանգիր աղա», «Սատարում»:

Ահա և Կառլեն Լազարի Եսայանի հուշարձանը: Նա մեծանուն բարերար է եղել, ՀՀ վաստակավոր բժիշկ։ 

Այգու վերջում տիպիկ 90-ականները հիշեցնող մի կրպակ գտանք, որտես ամեն ինչ նորոգում էին:

Հրաշալի կառույց՝ Հարրի Փոթերի սրճարանը, որը ցավոք չէր գործում: Մուտքը կամուրջ էր, որը բացվում է...տարօրինակ է, որ երբևէ չեմ լսել այս սրճարանի մասին, հետաքրքիր կլիներ այցելել:

Հենց այստեղ իմ սիրտը կոտրվեց: Սա իմ մանկության կինոթատրոնն է, որը փաստորեն այսօր փլատակ է: Ամբողջ գումարս ծախսում էի ամեն օր այստեղ գալով ու հնդկական ֆիլմեր դիտելով: 80-90-ականների հնդկական ֆիլմերի մեծ գիտակ եմ: Կային ֆիլմեր, որ 6-7 անգամ էի դիտում, նույնիսկ չգիտեմ, թե որտեղից էր սկսվել հնդկական կինոյի հանդեպ ֆանատիզմը:

Գայի հուշարձանի դիմաց Նոր նորքի հայտնի շատրվաններն են: Ցավոք դրանք այսօր չէին գործում: 

Մինչ օրս հիշում եմ, թե ինչպես էինք այստեղ ջրոցի խաղում, այ հենց ջրի հոտն էլ զգում եմ հենց հիմա: 90-ականներին Արամ Ասատրյանը հենց այստեղ է ներկայացրել իր հայտնի "Հայ եմ Ես, Հայ ես դու" երգը, շատ լավ հիշում եմ: Նա ասաց. "Մասիվցիներ ջան, իմ նոր երգը առաջինը հիմա Դուք եք լսելու": Ասեղ գցելու տեղ չկար, դե բառերն էլ շատ հեշտ էին, ու բոլորը երգի կեսից սկսեցին գոռան Հայ եմ Ես, հայ ես դու, վախ քո ցավը տանեմ ես......հենց այդ օրը ես հասկացա, որ երբեք չեմ սիրի հայկական 6/8-ը:

Տեսեք ինչ սիրունա, երևի հենց 80-ականների նկարա, ջան......

Սա իմ դպրոցն է՝ 135-րդ դպրոցը: Դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին։ Եղել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի առաջին միջնակարգ դպրոցը։ Վերջերս տեղեկացա, որ այն հիմնովին վերակառուցվում է ու տեսեք ինչ շքեղ տեսք է ստանում: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամ է հատկացվել դպրոցի կառուցման աշխատանքների համար: Աշխատանքը կավարտվի մինչև տարեվերջ: 

Իսկ ահա ես առաջին դասարանում: Եթե կարող եք, գուշակեք, թե որտեղ եմ: 1 ա դասարան, դասղեկ՝ ընկեր Պայլոզյան: Առաջին դասարանում բանաստեղծություններ էի գրում, հանդեսի ժամանակ ընկեր Պայլոզյանը բանաստեղծություններիս տետրը վերցրեց ու ասաց. Վերջին զանգին նորից կբացեմ այս տետրը և բոլորի մոտ կկարդամ, թե 10 տարի առաջ ինչ լավ բանաստեղծություններ ես գրել: Վերջի զանգին սպասեցի, սպասեցի, բայց նա մոռացավ տետրը բացել: Դաժան մանկություն (հահահա....)

Ճիշտն ասած մտածված հիմա չեմ ուզում պատմել դպրոցի մասին ավելին, կարծում եմ, երբ այն արդեն բացի իր դռները ես կխնդրեմ տնօրեն Գարեգին Ներսեսյանին ներկայացնել դպրոցը իմ հետևորդներին, այնպես որ հիմա դեռ մի քանի կադրեր եմ ցույց տալիս:

Մինչև 9-րդ դասարանը գերազանցիկ էի, հետո հոգնեցի արդեն, բացի այդ 90-ականներին դասարանի միակ տղա-գերազանցիկ լինելն էդքան էլ ողջունելի չէր: Հիմա փոշմանում եմ, ուզում եմ դպրոցականներին հուշել, որ դպրոցից հետո Դուք նոր կյանք եք սկսելու, ու շատ կարևոր է, որ դպրոցում լավ սովորեք, անկախ բոլոր խնդիրներից: Հետո, երբ ինչ-որ էական հաջողության հասնեք, կհասկանաք, որ զուր եք ուշադրություն դարձրել, թե ով ինչ կմտածեր: Մինչ 5-րդ դասարանը երգչախմբի մենակատարն էի, ընկեր Ղազարյանը հենց հատուկ հյուրեր էր ունենում, ինձ այլ դասերից հանում էր և դահլիճում երգացնում էր, ես էլ անջատված որտեղ ու երբ պատահի երգում էի: 

Ես փոքրուց շփվող տեսակ չեմ եղել ու չեմ սիրել կապեր պահել անցյալի հետ: Կխաբեմ, եթե ասեմ, թե եբևէ կարոտել եմ դպրոցական տարիներս, չնայած բոլոր համադասարանցիներիս հիշում եմ անուններով: 

Ավարտական գրությունն է տնօրինության կողմից: Պատմությունը շատ զավեշտալի է: Ավարտական հանդիպմանը ես չմասնակցեցի, ուսուցիչներն ու տնօրենն էլ՝ Յաշա Դադասյանը մտածել են, թե գոհ չեմ եղել գնահատականներիցս ու այսպիսի գրություն են փոխանցեց ծնողներիս: Իրական պատճառը շատ տխուր էր, այն ժամանակ դե....Ավարտական հանդիպմանը բոլոր տղաները պետք է կոստյումով լինեին, իսկ ես չունեի կոստյում, ու որոշեցի խաբել, ասացի թե հիվանդ եմ ու տանը մնացի: Հիմա շատ թանկ կոստյումներ ունեմ, բայց էլ ոչ ոք չի կանչում ավարտական հանդեսի (հահահահա): Այ այսպիսի տխուր պատմություն 90-ականներից:

1999 թվականից Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 դպրոցը անվանակոչվեց Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան։ Հերոսի հուշարձանը դպրոցից մի փոքր հեռու է տեղադրված, ահա այս պուրակում, ի դեպ հենց իմ շենքի հարևանությամբ, որտեղ բնակվել եմ:

Դպրոցի վերևում ֆուտբոլի հին դաշտ կար, որն այժմ վերածվել է շատ գեղեցիկ ու ֆունկցիոնալ մարզադաշտի:

Եվս մեկ հիշողություն 90-ականներից: Ամենաառաջին էլեկտրոտեխնիկայի սրահներից մեկը, եթե ոչ առաջինը: Համենային դեպս ես հենց այս սրահն եմ հիշում, որտեղ առաջին անգամ հեռակառավարմամբ հեռուստացույցներ և CD-նվագարկիչներ էին վաճառում: Շատ թանկ էր, գալիս էինք, նայում, բայց մեկա գնում էինք շուկա՝ ավելի էժան պատենդներ գնելու համար: Զոդիակը հրաշալի մի գովազդ ուներ՝ Մի եղիր պասիվ, այցելիր մասիվ: Փաստորեն սրահը դեռ մինչ օրս գործում է:

Մոռանանք մութ ու ցուրթ 90-ականները և տեղափոխվենք ներկա ժամանակաշրջան: Առաջին անգամ այցելեցի ՀԻԼԼԶ կենտրոն: Այստեղ՝ հանրակացարանների հարևանությամբ, նախկինում հայտնի լողի դպրոցն էր, որտեղ ես ինքս էլ եմ գնացել դասընթացների: Այժմ ՀԻԼԼԶ-ը մի ահռելի, գերժամանակակից կենտրոն է, որն ավելի մեծ է քան ինձ թվում էր, ավելի ֆունկցիոնալ ու շքեղ: Հավանաբար Մեգամոլից հետո, սա երկրորդ մասշտաբային կառույցն է Նոր Նորքում: 

Մոռացա նշել, որ ՀԻԼԼԶ-ում Հայաստանի ամենամեծ բացօթյա լողավազանն է: 

Եվս մեկ դպրոց Նոր Նորքի երկրորդ զանգվածում: Սա անգլիական թեքումով 139-րդ դպրոցն է: Դպրոցը հիմնադրվել է 1968 թվականին։ 2002 թվականին անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունով։ Հուշարձանը տեղադրվել է 2003 թվականին։ Քանդակագործը Համլետ Մատինյանն է: Կարծեմ այստեղ էլ սովորել է Նազենի Հովհաննիսյանը, պետք է նրան համոզեի, միասին այս հոդվածը գրեինք:

Ի դեպ, նկատեցի բազմաթիվ նորակառույց շենքեր, որոնք առաջին անգամ էի տեսնում: Հաճելի է, որ այս հատվածում նույնպես կառուցվում են ժամանակակից ու արդի ոճով բնակելի շենքեր: Նկարում տեսնում եք նաև Նոր Նորքի զինվորական կոմիսարիատը: Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, երեկվանից ստանում եմ նույն բովանդակությամբ նամակներ սադրիչներից. Կամո, իսկ Դուք ծառայել եք թե ոչ, ինչու ոչ մի լուսանկար չենք տեսնում զինվորական համազգեստով: 

Իմ ծառայության տարիներին շատ առիթ չկար լուսանկարվելու: Չկային բջջայիններ, հիշում եմ, Սարչապետ գյուղում, որտեղ ծառայել եմ, փոստն աշխատում էր ամեն հինգշաբթի, մենք շաբաթը միայն 1 օր, 1 անգամ էինք կարողանում զանգահարել տուն: Ես չեմ ծառայել սահմանին, ուստի հարկ չեմ համարում անդադար խոսել բանակի թեմայ շուրջ: Բայց մի օր, երբ հարմար առիթ լինի, կպատմեմ շատ ցավալի պատմություն բանակային ընկերության, իրականության ու դավաճանության մասին:

Ռայկոմի շենքն էր, փաստորեն ոնց կար, տենց մնացել է: Գիտեք քանի ժամ էինք սպասում, մինչ 1 կնիք դնեին կամ 1 փաստաթուղթ ստանայինք: Սովետ, լռիվ սովետ.....

Սիրում եմ այս արձանը, այն կոչվում է ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ: Տեղադրվել է 70-ականներին: Այս աշխատանքը հիշվել է, քանի որ քանդակագործը կին է՝ Հռիփսիմե Սիմոնյանը: 

Հարևանությամբ գտնվող արվեստի դպրոցում դաշնամուրի դասերի եմ գնացել: 21 տարեկանում դիտեցի Միխայել Հանեկեի ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ դրաման Իզաբել Յուպերի մասնակցությամբ: Առավոտյան առանց որևէ մեկից խորհուրդ հարցնելու եկա այստեղ ու տնօրենի սենյակ մտնելով պահանջեցի ինձ հատկացնել ամենախիստ ուսուցչուհուն, ով ինձ դաշնամուրի դասեր կտա: Ֆիլմն այդքան մեծ ազդեծություն էր ունեցել ինձ վրա, եթե դիտել եք ֆիլմը կհասկանաք ինձ: 3 դաս հետո թողեցի դաշնամուրը, քանի որ մայրս վստահ էր, որ մի օր դաշնամուրի փականը կընկնի ձեռքերիս ու կկոտրի ձեռքերս: Մայրս միշտ վախենում էր, որ ես կխեղդվեմ լողի գնալուց, կջարդեմ ողնաշարս ըմբշամարտի գնալուց, քիթս՝ բոքսի գնալուց և ինչպես արդեն ասացի՝ ձեռքերս, դաշնամուրի գնալուց: Արդյունքում ես արդպես էլ չսովորեցի լողալ ու մեքենա կամ հեծանիվ վարել: Ծնողներ, երբեք նման սխալներ չգործեք:

Այո 2-րդ զանգվածի զբոսայգում բարեփոխումներ են արվում....գունավոր հովհանոցների տեսքով, որոնք երևի արդեն 10 տարի է բոլոր երկրների բնակիչներին հոգնեցրել են:

Զբոսայգին շատ մեծ է ու այն պարզապես մի քանի հովհանոցներով դժվար կլինի բարեփոխել:

Հուսով եմ, երբ հաջորդ անգամ առիթ լինի այստեղ գալու, բարեփոխված կլինեն նաև շատրվանները:

Փոխարենը ավելի քան բարեփոխված է ու հաճելի, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող ամենագաղտնի անկյուններից մեկը՝ ԴԵԼԻՍ փակ ակումբում:

Ակումբը միայն քարտատերերի համար է, այստեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ: Այս տարի իհարկե բացառություն է, հասկանալի պատճառներով, բայց հիշեք, որ Նոր Նորքում էլ կարող եք կտրվել կենտրոնի աղմուկից այ այս հանգիստ, գաղտնի անկյունում:

Եվս մեկ տպավորիչ ու գեղեցիկ հուշարձան՝ Տորք Անգեղի հուշարձանը: Տեղադրվել է այն 1982թ.-ին, հեռվից այն շատ մեծ է թվում, իրականում հուշարձանը մոտ 5 մետր է: Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, դրվագող` Ներսես Չարխչյան:

Տորք Անգեղ, նաև Տուրք կամ Անգեղյա, հայ առասպելաբանության մեջ աստված կամ դյուցազն, Հայկի ծոռը։

Ի դեպ, նկատեցի նաև, որ հենց Գայի պողոտայում տարիներ առաջ բացված ԿԱՐԱՍ ազգային սսնդի կետն այսօր էլ գործում է: Հրաշալի է:

Դեռահաս տարիքում, բակի ընկերներով դրսից հիանում էինք մեքենաներով ու երազում, որ մի օր կունենանք այնքան գումար, որ կարող ենք թույլ տալ մեզ գալ այս սրահ ու մեքենա գնել: Մեծ տարիքում, յուրաքանչյուրս ունեցանք մեր պատկերացումը երազանքի հետ կապված: Ցավոք ես այդպես էլ չգտա սեր մեքենաների հանդեպ: 

Դե ինչ, հասանք ՄԵԳԱՄՈԼ: Նոր Նորքի ամենամասշտաբային կառույցն ամենամեծ մոլն է Հայաստանում:

Իրականում այս նյութի միտքը հենց երեկվա իրադարձություններից ծնվեց: Հավանաբար գիտեք, որ երեկ կեղծ ահազանգ եղավ, թե Մեգամոլում ռումբ է դրված: Ժամեր անց արդեն մոլը կրկին սկսեց գործել բնականոն հունով, իսկ ես էլ որոշեցի այցելել ու տեսնել, թե ինչ է կատարվում Մեգամոլում կեղծ զանգից հետո: Ճանապարհին էլ ցանկություն առաջացավ ստեղծել Նոր Նորքին նվիրված այս նյութը: Մեգամոլում հսկայական մանկական խաղահրապարակն է, "Սինեմա Սթար" կինոակումբը, ֆանտաստիկ շատրվանը ու ամենամեծ ՍԻԹԻ սուպերմարկետը: Ցավոք այս պահին դեռ չեն գործում մանկական սրահը և կինոթատրոնը...

Իսկ հիմա բացում եմ փոքրիկ գաղտնիք: Մեգամոլի հատվածում, 90-ականներին գործում էր հայտնի Նոր Նորքի շուկան: Իհարկե շուկան ավելի փոքր էր, քան Մեգամոլն է այժմ: Շուկայի ետնամասում էլ հայնտի տոնավաճառն էր, որտեղ մենք գնել ենք մեր առաջին հագուստները, ջինսերը, մոդայիկ իրերը: Մեգամոլում գործող ՍԻԹԻ սուպերմարկետը, որն ինչպես ասացի ամենամեծ ՍԻԹԻ-ն է Հայաստանում, տեղային առումով հենց այն հատվածում է, որտեղ ժամանակին շուկայի ետնամասի բացօթյա առևտրային հատվածն էր: 13-14 տարեկանում ես այստեղ վաճառոում էի մրգեր: Սովորում էի 6-7-րդ դասարանում, երկրորդ հերթ էի: Առավոտյան 06.00-ին շտապում էի Գումի շուկա, գնում էի առաջին ձեռք էժան միրգ գյուղացիներից, ապա վերավաճառում էի այն հենց այստեղ: Կեսօրին, որպես կանոն արդեն վաճառած էի լինում ապրանքս, շտապում էի տուն, պատրաստվում էի ու 13.00-ին գնում էի դպրոց: 

Իմ ամենասիրած սրահը Մեգամոլում դա Lovely Garden-ն է, որտեղ բնական ու արհեստական ծաղիկներ են, բույսեր, թփեր: Ներսում լուսանկարել չի կարելի, բայց բոլորիդ խորհուրդ եմ տալիս այցելել սրահ, երբ լինեք Մեգամոլում:

Բաց մի թողեք նաև երկրորդ հարկում գտնվող ԳԻՇԵՐ որմնանկարը, որի հեղինակը Մինաս Ավետիսյանն է: 1973թ.-ին ստեղծված որմնանկարը վերականգվել է իտալացի մասնագետների կողմից և հանդիսանում է պատմամշակութային հուշարձան:

IQOS-ի օգտատերերի համար նաև շատ հարմար է IQOS-ի տաղավարը, որը միակն է Նոր Նորքում:

Հայ դիզայներների սրահներ, միջազգային բրենդային սրահներ, տարբեր սրճարաններ, ընդարձակ ավտոկայանատեղի:

Եվ իհարկե մեծ ֆուդկորտ, որտեղ ներկայացված 10-ից ավել անկյուններից կառանձնացնեմ Տիմատիի Black Star Burger-ը:

90-ականներին, երբ չկային դեռ առաքումներ, թույն ռեստորաններ, բարեր....ամենահաճախ գնվող ուտեստներից էր գրիլը: Շատ անսպասելի էր տեսնել այս հայկական ֆաստֆուդերի հատվածը 3-րդ զանգվածի ճանապարհին, որտեղ միշտ տնական համեղ գրիլ էին վաճառում: Փաստորեն այս հատվածը ևս չի փոփոխվել:

Ինչպես արդեն ասացի, մեկ նյութում հնարավոր չէ ներառել այն ամենը, ինչ կցանկանայի ներկայացնել: Օրինակ հենց Մեգամոլի դիմաց Տիգրան Մեծի քանդակն է, որը ճիշտն ասած ինձ դուր չի գալիս, ուստի չեմ ներառել ցանկում: Ներառված չէր "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնը, այն արդեն 3-րդ զանգվածում է, "Սուրբ Սարգիս" եկեղեցին, այն 5-րդ զանգվածում է......գուցե ապագայում առիթ լինի ևս մեկ անգամ անդրադառնալու Նոր Նորք վարչական շրջանին: Սիրելի հետևորդներ եթե Ձեզ դուր եկավ այս նյութը, խնդրում եմ կիսվել, նաև իմ ֆեյսբուքյան էջում գրել Ձեր կարծիքը: Կառաջարկեմ նաև միանալ ինձ ինստագրամում, այնտեղ սթորիներն այլ ձևաչափ ունեն: Թողնում եմ հղումները:

FACEBOOK

INSTAGRAM

 

back-top