ԿինոՊարկը հրաշալիորեն պատրաստված էր նախադիտմանը, ինձ մնում էր միայն դիմավորել հյուրերին, առաջարկել նրանց լուսանկարվել այս սուպեր ստենդի մոտ սուպեր կերպարներով, իսկ նրանք ովքեր պահպանել էին դրես-կոդը նաև ընտրում էին կապույտ/կարմիր կոկտեյլներից մեկը՝ պատրաստված ԱՆԴԱԿՈ ընկերության կողմից: Երաժշտական մասը վստահվել էր DJ Alen Hertz-ին... դե էլ ինչ պատմեմ, ինքներդ տեսնում եք, թե որքան լուրջ էր պատրաստված ամեն ինչ, ԿինոՊարկի թիմը նույնիսկ ինձ զարմացրեց, կարծում եմ հրաշալի ստացվեց երեկոն:
Սա արդեն երկրորդ ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ հանդիպումն է ԿինոՊարկում՝ Իդրամի ու IDBank-ի հետ միասին: Հավանաբար ևս մեկ պրեմիերա կիրագործենք միասին, դա կլինի Ջեյ Լոյի նոր մելոդրամը Փետրվարի 14-ին:
Արդեն այսօրվանից ԿինոՊարկում կարող եք դիտել «Մատրիցա. Վերակենդանացում» ֆիլմը, տոմսեր կարող եք գնել տեղում, կամ նախապես՝ բջջային հավելվածով, այդ թվում և վճարելով Իդրամով:
Իհարկե շատ մեծ սպասելիքներ «Մատրիցա. Վերակենդանացում» ֆիլմից չունեինք: Այսօր համաշխարհային կինոն ցույց է տվել մեզ ամեն ինչ ու դժվար է զարմացնել, ինչպես 90-ականներին, երբ առաջին Մատրիցան հայտնվեց: Սկզբի առաջին հատվածը դանդաղ էր առաջ գնում, երկխոսություններն ավելի շատ էին քան էքշնը, մեզ ծանոթ Մորֆիուսի տեղն անկասկած երևում էր, բայց ֆիլմի ֆինալը անսպասելի հաջողված էր: Կիանու Րիվզի խարիզման փրկում է ֆիլմը, նաև լավ երաժշությունը, իհարկե Տրինիտին ու մեր պատանեկության հիշողությունները. իրականում ֆիլմը հենց ճանապարհորդություն է դեպի մեր պատանեկություն, կարծում եմ հենց դա ենք մենք փնտրելու կինոթատրոններում:
Ինչպես հիշում եք, առաջին ՄԱՏՐԻՑԱՆ հայտնվեց 1999թ.-ին, նկարահանել են այն Վաչովսկի եղբայրները: 22 տարվա ընթացքում Վաչովսկի եղբայրները փոխել են իրենց սեռը և չորրորդ Մատրիցան նկարահանել է նրանցից մեկը՝ հիմա արդեն Լիլի Վաչովսկին: Ամենամեծ հիասթափությունը Լորենս Ֆիշբերնի բացակայությունն էր, վերջինս խոստովանել է, որ Լիլին պարզապես իրեն չի առաջարկել նկարահանվել նոր ֆիլմում: Ֆիլմը տևում է մոտ 2/5 ժամ, լեգենդար այս մարտաֆիլմի ֆանատները մեծ բավականություն կստանան: