l

lifestyle

24 ժամ Փարիզում. Անհրաժեշտ հասցեներ, վայրեր ու լայֆխակեր

Ես և լուսանկարիչ Կարեն Դավթյանն օրեր առաջ Փարիզում էինք, Կարենն առաջին անգամ էր այստեղ, ես էլ փորձեցի 1 օրվա ընթացքում ցույց տալ Փարիզի ամենահետաքրքիր վայրերը: Կարծում եմ իմ հետևորդների մեջ էլ կլինեն անձինք, ովքեր դեռ չեն եղել Փարիզում ու այս փոստը հենց նրանց համար է, փոքրիկ ուղեցույց ինձ հետ միասին: Այսպիսով, հայտնվել ես Փարիզում 24 ժամով, ու ի դեպ, առաջին անգամ: Ինչ տեսնել, որտեղից գնումներ կատարել, որտեղ սնվել....մի քանի օգտակար խորհուրդ հենց Փարիզից: Գեղեցիկ լուսանկարների հեղինակը հենց Կարեն Դավթյանն է:

  • Kamo Tovmasyan

Դե առաջին հերթին հենց փնտրում ես Էյֆելյան աշտարակը, գրեթե միշտ որոշում ես, որ հետո կբարձրանաս այն, բայց հետոն էլ չի գալիս, գործերը շատ են: Մի քանի տարի առաջ այն ավելի հետաքրքիր էր որպես տուրիստական կենտրոն, հիմա շուրջբոլորը ապակեպատ է, շատ խիստ ստուգումներ են, ու բավական երկար ժամանակ է պահանջվում մինչ վերելակին հասնելը, այնպես որ կարող եք պարզապես հիանալ տարբեր հարթություններից, լուսանկարվել ու անցնել առաջ, մանավանդ, որ ձմռանը վերևում բավական ցուրտ է ու ոչ այնքան հաճելի տեսարան:

Ես ինքս չեմ սիրում մետրո, անիմաստ ժամանակի կորուստ է, բացի այդ մետրոն Փարիզում այնպես չի, որ էժան է, եթե 2-3 ընկերներով եք, պատկերացրեք նույն գումարն եք վճարելու, ինչ տաքսիին: Ավելի ճիշտ ոչ թե պարզապես տաքսի, այլ UBER, այն շատ արագ է աշխատում, թանկ չէ, ու սպասարկում են միայն բարձրակարգ ավտոմեքենաներ: Եթե դուք իրոք մի քանի ժամով եք Փարիզում, ավելի հարմար է տեղաշարժվել UBER-ով:

Փարիզն իրականում այն քաղաքներից է, որտեղ անվերջ կարող ես քայլել, ուստի չմոռանաք Ձեր ամենահարմար կոշիկները, ժամերով քայլելու եք, ճարտարապետությունը, շենքերը, մարդիկ...այդ ամենը տեսնել ու վայելել է պետք, մեքենայով չի լինում գնահատել մթնոլորտը:

Փարիզում արդեն քրիսմասյան տրամադրություն է: Գլխավոր փողոցներով զբոսնելիս ուշադրություն դարձրեք զարդարված շենքերին: Հիմնականում բրենդային սրահների շենքերն են օրիգինալ զարդարանքով:

Փարիզը նաև անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Քաղաքի տարբեր հատվածներում կարող եք հանդիպել հետաքրքիր ԱՐՏ-օբյեկտների, քանդակների, ու եթե հետաքրքրվեք, կպարզեք, որ դրանք իրականում բավական հայտնի արվեստի գործեր են: Օրինակ Շանզելիզեի հարևանությամբ այս առաջին հայացքից պարզապես ոսկե հսկա մատն իրականում հայտնի արվեստագետ Cesar-ի GOLDEN THUMB աշխատանքն է: Այս մատը ողջ տարվա ընթացքում ճանապարհորդում է ու հայտնվում է Աշխարհի տարբեր անկյուններում, իսկ այս շրջանում գտնվում է Փարիզում:

Եթե Դուք կամ Ձեր ուղեկիցը սեր ունի ժամանակակից արվեստի հանդեպ, անպայման խորհուրդ եմ տալիս այցելել Fondation Louis Vuitton: Նորաձևության հետ այն կապ չունի, սա Ժամանակակից արվեստի թանգարան է: Բացի այն, որ կհիանաք շինությամբ, ներսում Ձեզ սպասվում է տարբեր արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ: Տոմսի արժեքը սկսվում է 23 եվրոյից: Հասցե՝ 8 Avenue du Mahatma Gandhi, նախապես ցուցահանդեսներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Դե հասկանում եք չէ, որ ես այս ուղեցույցն իմ ոճով եմ կազմել, այսինքն առանձնացրել եմ այն տեղերը, որտեղ ինքս եմ սիրով այցելում: Եվս մեկ հասցե, որ խորհուրդ կտամ բաց չթողնել: Շանզելիզեի հարևանությամբ` 5 avenue Marceau հասցեում գտնվում է լեգենդար դիզայներ Իվ Սեն Լորանի տուն-թանգարանը: Տոմսի արժեքն ընդամենը 12 եվրո է, իսկ ներսում Դուք կտեսնեք, թե ինչպես է ապրել, ստեղծագործել դիզայները, նրա լավագույն հավաքածուները, դետալներ, աքսեսուարներ: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել:

RIVOLI փողոցն ամենաաշխույժ փողոցներից է: Այստեղ տասնյակ խանութներ են, այստեղ քաղաքապետարանի հրաշալի շենքն է, այստեղից կարող եք քայլելով հասնել մինչ Փարիզի աստվածամոտ տաճար, այստեղ Մառե թաղամասն է: Եթե այցելեք Լուվր, այնտեղից հետո պարզապես թեքվեք դեպի Ռիվոլի փողոց ու զբոսնեք:

Ռիվոլի փողոցում է գտնվում իմ ամենասիրած շոփինգ կենտրոններից մեկը: Le BHV/ Marais առանձին կենտրոններ կանանց ու տղամարդկանց համար: Այստեղ բրենդային հագուստներ են ավելի բարձր գնային առաջարկով, ու եթե այցելեք Le BHV, հետո կարող եք հարևանությամբ գտնել ավելի փոքր բրենդային սրահներ, որոնք ևս հետաքրքիր են:

Մառե թաղամասից կարող եք զբոսնելով գալ մինչ Պոմպիդու կենտրոն: Պոմպիդու կենտրոնը նույնպես ժամանակակից արվեստի թանգարան է, բայց այն կարող եք միայն դրսից գնահատել, ներսում հազարից մեկ է լինում, որ հետաքրքիր ցուցահանդեսներ են կազմակերպվում: Այստեղ երգող շատրվաններն են, Դալիի մեծ պատկերը, ու հենց այս թաղամասում է սևամորթների սրահները, այսպես ասած՝ սևական սթրիթ սթայլ հագուստների փողոցն է սա:

Արդեն ասացի, որ ամենուր կարող եք հանդիպել հետաքրքիր պատկերների, գրաֆիտիների, նկարազարդումների, պետք է ուշադիր լինել ու նկատել գեղեցիկը:

Ես ինքս միշտ նկատում եմ նաև Փարիզի օրիգինալ դռները, տեսեք ինչ գեղեցիկ են:

Չեք հավատա, բայց սա Starbucks սրճարան է: Սա ամենահին ու ամենագեղեցիկ փարիզյան Starbucks-ն է, այն գտնվում է հենց Galeries Lafayette-ի դիմաց՝ 3 boulevard des Capucine հասցեում: Այցելեք ու հիացեք:

Ամեն ձմեռ Փարիզի Grand Palais-ն վերածվում է հսկայական սահադաշտի: Le Grand Palais des Glaces-ն այս տարի գործելու է դեկտեմբերի 13-ից մինչ հունվարի 8-ը: Չեք հավատա, բայց ես ինքս առաջին անգամ կյանքում սահադաշտում հայտնվել եմ այստեղ: Միջավայրն այնքան հաճելի է, որ գայթակղությանը չես դիմանում, նույնիսկ եթե փորձ չունես: Լավ երաժշտություն, տարբեր խաղեր, տաք սուրճ....լավագույն ձմեռային ժամանցավայրը Փարիզում: Տոմսի արժեքը մոտավոր՝ 25 եվրո: Հասցե՝ Avenue Winston Churchill, կայք` www.legrandpalaisdesglaces.com

Էս Օպերայի հետ վատ հուշեր ունեմ, դրա համար խորհուրդ չեմ տալիս այցելել, բայց դե գեղեցիկ շենքա, ինչ խոսք:

Օպերայի հենց հարևանությամբ ամենամեծ ZARA սրահն է, այստեղից միշտ գնումներ եմ կատարում, քանի որ տեսականին ամենամեծն է, ու կան հատուկ ապրանքներ, որոնք այլ սրահներում չես գտնի:

Եթե ZARA-ից չեք օգտվում (մի ընկերուհի ունեի, ասում է՝ Ես մոլեր չեմ գնում, դա իմ կլասը չի) կարող եք այցելել Galeries Lafayette: Այստեղ բրենդային հագուստ է, աքսեսուարներ, ամեն ինչ շքեղ է, թանկ ու ոնց որ ընկերուհիս էր ասում ԿԼԱՍՈՎ: ԼՕԼ

Galeries Lafayette-ն ամեն տարի նոր տոնածառ ունի, մեկը մյուսից շքեղ: Եթե նույնիսկ գնումներ չեք կատարելու, այցելեք ու հիացեք այս տարվա տոնածառով:

Galeries Lafayette-ի ու հարևանությամբ գտնվող Printemps կենտրոնի ցուցափեղկերն առանձին պատմություն են: Ամեն տարի հատուկ դիզայներներ ձևավորում են դրանք: Այս տարվա թեման մեղուներն են, կենդանիները, ամեն ինչ հեքիաթային էր ու իրոք գեղեցիկ:

Դե ֆոտոներով այն չի, իրականում ցուցափեղկերը ինտերակտիվ են, երգում են, պարում...

Գիշերային Փարիզով զբոսնելը հաճելի է այնքանով, որ մարդիկ շատ չկան, ու կարող ես հանգիստ վայելել այս գեղեցկությունը....

Ուրեմն 8 անգամ եղել եմ Լուվրում: Այնպես է ստացվել, որ ամեն անգամ տարբեր մարդկանց հետ եմ Փարիզ մեկնել, դե բոլորն էլ ցանկանում են տեսնել Լուվրը: Նախ ամրագրեք տոմս օնլայն, որպեսզի հերթ չկանգնեք, տոմսի արժեքն է 17 եվրո:

Եթե ինձ տանեք Ձեզ հետ, անվճար գիդ կաշխատեմ, քանի որ արդեն ամեն ինչ գիտեմ Լուվրի մասին, բայց ասեմ, որ ամեն անգամ նորովի ես հիանում Աշխարհի ամենամեծ թանգարանով:

Իհարկե ֆրանսիական խոհանոցը համեղ է, բայց կան մարդիկ, ովքեր ամերիկյան են նախընտրում, օրինակ՝ ես: Փարիզի Hard Rock Cafe-ում մեծ բուրգերներ են, խոզի ռիբսեր, իսկական ամերիկյան կոլա....իմ ամենասիրած ռեստորանն է Փարիզում: Ձեզ էլ դուր կգա, եթե սիրում եք ռոք երաժշտություն և նորմալ ուտել: Հասցե՝ 14 Boulevard Montmartre

Փարիզի ամենագեղեցիկ անկյունը անակնկալ պահեք Ձեր ընկերների համար: Վերջում այստեղ բերեք, որ ճանապարհորդությունն ավելի ամբողջական ստացվի: Մոնմարտր թաղամաս, Sacré-Cœur բազիլիկ: Արվեստագետների անկյուն, շատ համեղ ռեստորաններ, փոքրիկ խանութներ, հարևանությամբ սեքս-փողոց տասնյակ սեքս շոփերով, Մուլեն Ռուժը...մի խոսքով Must Visit հատված Փարիզում: Ի դեպ, հենց այստեղից է բացվում Փարիզի ամենաբարձր տեսարանը ու միակ տեղն է, որտեղից Էյֆելը չի երևում......

Սիրելի հետևորդներ, միացեք ինձ ինստագրամում և հետևեք սթորիներին, շնորհակալություն լայքերի և շեյրերի համար:

INSTAGRAM

back-top