l

lifestyle

Նազենի Հովհաննիսյանի "Հավատքի ուժը" իրապատում ֆիլմի առաջնադիտումը

"Մոսկվա" կինոթատրոնում տեղի ունեցավ Նազենի Հովհաննիսյանի հեղինակած  «Հավատքի ուժը» իրապատում ֆիլմի առաջնադիտումը։ Ֆիլմը նկարահանվել է «Աստվածամոր տուն» հիմնադրամի ու «HK productions» ընկերության համագործակցությամբ: Ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Նախագծի պրոդյուսերը Սոֆի Մխեյանն է։ Ստեղծագործական խմբում ընդգրկված են նաև ֆիլմի խմբագիրներ՝  «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղ․ ղեկավար Վահե Բեգոյանը և Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը։ Առաջնադիտմանը ներկա էին հոգևորականներ, արվեստագետներ, երիտասարդներ, ֆիլմի հերոսներն ու փորձագետները։   

  • Kamo Tovmasyan

Ֆիլմաշարի առաջին մասի նկարահանումները տևել են մի քանի ամիս՝ նկարահանող խմբի համար դառնալով յուրօրինակ ուխտագնացություն։
- Մենք՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգ, որպես քրիստոնեությունը ինքնության բաղկացուցիչ մաս ունեցող ազգ, հաճախ մոլորվում ենք ու չգիտենք, թե ինչ ասել է հավատք, և որոնք են սահմանները, որոնք իրականություն են դարձնում դա։ Ֆիլմաշարով մենք փորձել ենք ցույց տալ անհնարինը,այն ինչը տեսանելի չէ․ Տիրոջ կողմից տրված նշանները, վկայությունները, որոնք լինում են յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։ Հայ Առաքելական Եկեղեցում հետևորդներս կփաստենք, որ շատ-շատ պատմություններ կան, որոնց մասին հաճախ ամաչում ենք խոսել։ Եվ ինչու՞ ժամանակակից աշխարհի գործիքների միջոցով չպատմել այն, ինչը մենք պատմում ենք իրար՝ տներում, սեղանի շուրջ,- ասում է Նազենի Հովհաննիսյանը՝ ֆիլմի առաջնադիտումից առաջ։ 

-Մեր առաջին նախագիծն է, որ որոշել ենք անել ոչ թե հեռուստատեսության, այլ համացանցի, օնլայն հարթակների օգտատերերի համար։ Սա շարունակելի ուխտագնացություն է հրաշքի ետևից, որը  հավատքի ուժով, սիրով ու խնամքով ստեղծված մի  հետաքրքիր ֆիլմաշար է դառնալու։ Արդեն իրականացրել ենք բազմաթիվ նկարահանումներ ու այսօր ներկայացնում ենք միայն առաջին ֆիլմը։ Սա Նազենի Հովհաննիսյանի ուխտագնացության, որոնումների մասին է, թե ինչպես կարելի է գտնել Հայ Առաքելական եկեղեցու ժամանակակից հետևորդին, որը խավարամիտ չէ, որը ուսյալ է, առաջադեմ է, հավատում է և իր համար գիտության ու հրաշքի կապը հստակ է,- նախագիծը ներկայացնելիս ասում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։

-Իրապատում՝ ռեալիթի ոճով ենք մատուցել, ինչպես մեր ամենօրյա կյանքում, երբ մենք ներկա ու մասնակիցն ենք լինում շատ հետաքրքիր իրողությունների, որոնք կամ չենք տեսնում կամ որոշում ենք, որ չենք տեսնում կամ կարողություն չունենք տեսնելու։ Կարևոր չէ՝ ես եմ այդ ուխտագնացության տանող անձը, թե այլ մեկը, սա պարզ մի քրիստոնյայի պատմություն է, որն անցնում է իր ուխտի ճանապարհը, որպեսզի նախ գտնի ինքն իրեն։ Մենք ծնված օրվանից փնտրում ենք մեզ, և այնքա՜ն շատ են մոլորեցնող երևույթները։ Աշխարհիկ կյանքում, սակայն, մեր անքակտելի մասն է կազմում հավատը։ Մենք որոշեցինք տգեղի փոխարեն պատմել գեղեցիկի մասին ու դրանով ապրել հանուն, ոչ թե՝ ընդդեմ։ Բողոքելու փոխարեն անել ուխտագնացություն դեպի մեր ինքնություն, դեպի մեր արմատներ։ Եվ ցույց տալ թե՛ մեզ, թե՛ աշխարհին, որ ունենք մի հսկայական ներուժ՝ գիտական ու հավատքի հիմքերով, որի մասին մենք տեղյակ էլ չենք,- լրացնում է Նազենի Հովհաննիսյանը։

-Կարևոր է, որ հրաշքների մասին խոսելիս ամոթի զգացում չունենանք, այլ սկսենք տեսնել դրանք, հրաշքներն ամեն օր կատարվում են մեր շուրջը, Եկեղեցուց ներս, քրիստոնյաների կյանքում։  Մենք գնում են իրական պատմությունների  ետևից, փորձում ենք գտնել իրական մարդկանց, ում կյանքը փոխվել է դրանցից հետո,-պատմում է ֆիլմի խմբագիր Վահե Բեգոյանը։

«Հավատքի ուժը» իրապատում ֆիլմաշարը «Աստվածամոր տուն» հիմնադրամի կողմից աջակցություն ունեցող նախագծերից մեկն է։ Հիմնադրամի աջակցությամբ և Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Խաժակ արք․ Պարսամյանի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք․ Զեքիյանի նախաձեռնությամբ այս տարի փետրվարի 7-8-ը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում անցկացվեց «Հավատք  և գործք» համաժողովը, որին մասկանցում էին աշխարհասփյուռ հայ համայքների ներկայացուցիչներ։

Հիմնադրամը ստեղծվել է  2019 թվականին Երևանում: Այն իր շուրջ է համախմբում աշխարհիկ հայ քրիստոնյա հավատացյալներին, հատկապես՝ երիտասարդներին, որոնք նույնպես ցանկանում են իրենց հավատն ապրել ամեն օր, ամենուր բարի գործեր կատարելով։ Հիմնադրամն աջակցում է կրթական, մշակութային, տեղեկատվական, բարեգործական և այլ ծրագրերի՝ հաղորդակից դարձնելով Հայ Եկեղեցու պատմությանը, ուսմունքին և մշակույթին: Այդ ծրագրերը նպատակ ունեն պահպանելու հոգևոր արժեքները և տարածելու մեր ժամանակներին բնորոշ քաղաքային ոգեղենությունը:

Միացեք նախագծի յութուբյան և ֆեյսբուքյան էջերին, որտեղ յուրաքանչյուր ամիս կներկայացվի իրապատման նոր ուղևորությունը.

YouTube/Հավատքիուժը

Facebook/Հավատքիուժը

 

back-top