l

lifestyle

Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին! Առաջին հարցազրույցը «Ну-ка, все вместе!» շոուն հաղթող Սյուզաննա Մելքոնյանի հետ

Դիտեցի՞ք ֆինալը: Այ քեզ Սյուզաննա, այ քեզ հաղթանակ: Սյուզաննա Մելքոնյանն այս ամսին շատերիս մտքում էր, դե «Ну-ка, все вместе!» շոուի ֆինալն էլ՝ ահավոր լարված: Ով է Սյուզաննան, ինչպես հայտնվեց «Ну-ка, все вместе!» շոուի ֆինալում և ինչ է սպասվում երգչուհուն ապագայում: Հաղթանակից հետո առաջին հարցազրույցը կարդացեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Դուք հանդիպել էիք նրան հայկական տարբեր հեռուստամրցույթներում, ակումբներում, սակայն այս հաղթանակը նորովի մեզ բացահայտեց մեր իմ այսօրվա հերոսուհուն: «Ну-ка, все вместе!» շոուն հրաշալի առիթ է ծանոթանալու, իմ դեպքում՝ սրճելու այս անզուգական երգչուհու հետ:

Ինչի՞ց սկսենք, հաղթանակի՞ց, սպասումների՞ց, մանկությունի՞ց, կարծում եմ Դու հիմա աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, բայց մինչ հաղթանակից խոսելը ուզում եմ պատմես ինձ Քո մասին:
-Ես ծնվել եմ Ուկրաինայում, այնուհետև տեղափոխվել եմ Ռուսաստան, իսկ 90-ականների վերջերին էլ, երբ 8 տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Հայաստան, որպեսզի մասնագիտական կրթությունս հայրենիքում ստանայի, դա շատ կարևոր էր ծնորղներիս համար: Սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում, Երվանդ Ղազանչյանի սանն եմ եղել: Մինչ ԲՈՒՀ ընդունվելը, արդեն 16 տարեկանից մասնակցել եմ տարբեր երաժշտական հեռուստամրցույթների: Գուցե կհիշես ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ-4 մրցույթը, որտեղ Իվետա Մուկուչյանի և Հայկ Պետրոսյանի հետ միասին ֆինալում հայտնվեցինք:


Ահա թե ինչ է նշանակում հեռուստացույց քիչ դիտելը: Այսօր կփնտրեմ քո մասնակցությամբ կատարումներ YouTube–ում, հետաքրքիր է, թե ինչպես ես մասնակցել հայկական հեռուստամրցույթներին:
-Իրականում հայկական և միջազգային մրցույթնեը բավական շատ են եղել: Մասնակցել եմ ԻՔՍ ՖԱԿՏՈՐ-3 մրցույթին, նաև ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼ հեռուստամրցույթի առաջին շրջանի ֆինալիստներից էի: Ներկայացրել եմ Հայաստանը Նովորոսիսկում տեղի ունեցած «Морской узел» մրցույթում ու գրավել առաջին հորիզոնականը: Նույն տարում էլ «Но́вая волна́» մրցույթում 2-րդ հորիզոնականում հայտնվեցի:

Հիշեցի ելույթդ, 2017-ին էր կարծեմ, երգեցիր Բիոնսեի Stand up for love-ը, Կիրկորովն էլ առաջինը բարձրացրեց 11 գնահատականով ցուցատախտակը, փաստորեն դա Դու էիր:
-Մինչ «Но́вая волна́» մրցույթին մասնակցելը իմ բենդն ունեի և տարբեր ակումբներում ելույթ էի ունենում իմ համերգային ծրագրով։ «Но́вая волна́»-ից հետո մի փոքր փոխվեց ձևաչափը և ես սկսեցի աշխատել տարբեր երաժշտական բենդերի հետ որպես սոլիստ` շարունակելով գործունեությունս ռեստորանային և ակումբային ֆորմատում:

Իսկ ո՞րն է եղել վերջին միջազգային մրցույթը, որին մասնակցել ես այս հաղթանակիցդ առաջ:

2019թ.-ի ամռանը Ռումինիայում ներկայացրեցի Հայաստանը Golden Stage փառատոնում՝ արժանանալով «Լավագույն կատարում» մրցանակին:

Իսկ հետո սկսվեց համավարա՞կը:
-Ինչպես բոլորը, մենք ևս համավարակի ընթացքում ստեղծագործական ու տեխնիկական դժվարությունների առջև հայտնվեցինք: Գուցե հենց դա դարձավ պատճառը, որպեսզի հավաքեմ ուժերս և մտածեմ ապագա քայլերիս մասին:

Ինչպե՞ս հայտնվեցիր «Ну-ка, все вместе!» շոուի մասնակիցների կազմում:
-Դիմեցի հեռուստաշոուի թիմին ինչպես բոլոր ցանկացողները, դրական պատասխան ստացա և հայտնվեցի 100-յակի առջև: Իրականում շատ արագ ու անսպասելի էր ամենը, իսկ հիմա առավել ևս այս ամենին դեռ չեմ հավատում:

Որ հենց Դո՞ւ հաղթեցիր:
-Ոչ, պարզապես ևս մեկ անգամ հասկացա, որ երբեմն պետք է կատարես որոշիչ քայլեր ու ապացուցես, որ ԴՈՒ կարող ես: Պարզապես տեղում դոփելը ոչինչ չի փոխի կյանքումդ:

Հետաքրքիր է, շոուի կատարումներն ինքնե՞րդ եք ընտրում, եթե այո, ինչու Roxette, Սելին Դիոն և Rag'n'Bone Man:

-Նախընտրական փուլում բոլոր մասնակիցներից պահանջում էին համերգային կատարումներ, իսկ ես էլ արխիվում ունեմ ահռելի մեծ քանակության օրինակներ: Երգերն ընտրվեցին շոուի երաժշտական պրոդյուսերի կողմից: Բոլոր երեք երգերն էլ որոնք կատարեցի, բավական բարդ երգեր են վոկալային առումով, ես էլ սիրում եմ բարդություններ: Իսկ քեզ ո՞ր կատարումը դուր եկավ ավելի շատ:

It Must Have Been Love–ը շատ հաճելի էր լսել, Դիոնի I Surrender–ն իրոք բարդ գործ է, բայց կարծում եմ այցեքարտդ շոուից կմնա հենց Rag'n'Bone Man-ի Human–ը. ֆանտաստիկ կատարում էր:

Սելին Դիոնն ինձ համար իսկական լեգենդ է: Միշտ եմ ցանկացել կատարել Դիոնի I Surrender-ը մեծ բեմում ու ինձ համար դա կաևոր կատարում էր: Ցանկություններիցս մեկն է՝ հայտնվել Սելինի մենահամերգին, նա ֆանտաստիկ երչգուհի է:

Մասնակիցների թվում շատ էին հայերը, միանգամից երեք հայ երգիչներ ֆինալում: Ինչպե՞ս էին Ձեր հարաբերությունները:

-Մենք հանդիպեցինք արդեն ֆինալում, Անահիտ Ադամյանին ես վաղում եմ ճանաճում, միասին նույնիսկ մասնակցել ենք հեռուստանկարահանումների, իսկ Գարիկը Զաբելյանը կարծես փոքր եղբայրս լիներ: Արփիի հետ ավելի քիչ շփվեցինք, նկարահանումները բավական լարված են ու նրա հետ հասցրել եմ միայն բեմում շփվել: Ինչպես տեսաք, նա երրորդ հորիզոնականում հայտնվեց, չէ՞ որ դա հրաշալի է, միանգամից երկու հայ շոուի ֆինալի եռյակում:

Իսկ ի՞նչ հարաբերություններ էին մյուս մասնակիցների հետ:
-Ահռելի մեծ քանակությաբ նամակներ ու բարեմաղթանքներ եմ ստանում այլ երկրների հեռուստադիտողներից, մրցույթի ետնաբեմում ռուս մասնակիցներ անսպասելի ջերմ էին ու անկեղծ: Իհարկե այդ ամենը անհամենամտելի է էմոցիաների և դրական լիցքերի հետ, որն ինձ փոխանցում է հայ հանդիսատեսը թե նամակների, թե հեռախոսազանգերի, թե անձնական հանդիպումների ընթացքում: Ինչպես սկզբում նշեցիր, ես իրոք այժմ ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ:
Առաջին ելույթիդ ընթացքում Լազարևը երգելուցդ առաջ քննադատեց ոճդ, այս թեմայով որևէ քննարկում եղե՞լ է նրա հետ ավելի ուշ:
-Երևի թե նկատի ունես բյուրեղներով գոտին: Տարօրինակ կհնչի, բայց բացի այդ գոտուց, մանցած ամեն ինչ ես էի որոշել, իմ անձնական ոճաբան Նորո Դովլաթյանի հետ միասին: Բյուրեղներով գոտին շոուի ոճաբանի մտահղացումն էր, ու եթե Լազարևը չխոսեր գոտու մասին, չեմ կարծում թե այն նկատվեր հանդիսատեսի կողմից:


Կարևորը հաղթանակը քոնն է, Քեզ մոտ դա հաջողվեց:
-Մրցույթի գործընկեր «Новое Радио»–ն նվիրեց ինձ երգ, որն այժմ ստեղծման փուլում: «Ну-ка, все вместе!» շոուի հաջորդ եթերաշրջանը սկսելու էմ հենց այդ երգով՝ հատուկ հյուրի կարգավիճակում:

Ասա անկեղծ, սպասո՞ւմ էիր որ հաղթելու ես:
-Անկեղծ կասեմ, սա շատ որոշիչ մրցույթ էր ինձ համար: Համավարակից և պատերազմից հետո, երբ գրեթե լճացած վիճակում արտիստը որոշում է կրկին ոտքի կանգնել ու ներկայացնել իր հայրենի երկիրը միջազգային մրցույթում, դա հաղթանակ է՝ պատը ճեղքելու միջոցով: Թե հոգեպես, թե ֆիզիկապես շատ դժվար է վերջին իրադարձություններից հետո ուժ գտնել ու փորձել շարունակել ստեղծագործել, մտածել ապագայի մասին: Եթե հիշում ես, բեմում ես ասացի՝ ցանկանում եմ հաղթել: Շոուի բոլոր մասնակիցներին զգուշացված էր, որ որևէ քաղաքական թեմա չշոշոավի բեմում, այդ պատճառով չկարողացա բեմից նվիրել հաղթանակս բոլոր այն հերոսներին, ում շնորհիվ մենք այսօր շարունակում ենք արպրել և ստեղծագործել: Կարծում եմ յուրաքանչյուրս՝ լինի երաժիշտ, սպորստմեն թե այլ ոլորտի ներկայացուցիչ, այսօր էական հաղթանակը իր հարթակից պետք է նվիրի մեր հերոսներին: Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, այն դարձել էր արդեն կյանքի այս էտապի գլխավոր նպատակ:

Սյուզաննա, ինչպե՞ս ես պատկերացնում վաղվա օրդ, ինչի՞ց ես սկսելու, ո՞րն է Քո հաջորդ քայլը:
-Այս պահին դեռ ստանում եմ շնորհավորանքներ, ինչպես ինքդ ես նկատում՝ հեռախոսս չի դադարում զանգեր ստանալուց: Վայելում եմ հաղթանակի հաճելի շրջանը, իսկ հետո արդեն ի մի կբերեմ այս ամենը, կվերլուծեմ բոլոր այն առաջարկները, որոնք ստանում եմ, սակայն դեռևս չեմ կարող դրանք բարձրաձայնել: Կարծում եմ, այս հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի ինձ համար: Պատկերացնում եմ ինձ իմ սկզբունքներին չդավաճանող երգուհի, պատկերացնում եմ ինձ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցմամբ մեծ բեմում: Իհարկե կատարյալ արդյունքը միշտ տարիների աշխատանք ու համբերություն է պահանջում, բայց ես հենց այն արտիստներից եմ, ովքեր ձգտում են պրոֆեսիոնալիզմի և կատարյալի, թող և ուշացմամբ:

 

Նկարահանման վայր՝ GUSTO ռեստորան

 

back-top