l

lifestyle

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Ողջույն ես Ձեր անձնական գիդն եմ՝ ԿամոԲլոգը և այսօր ինձ հետ միասին նորովի եք բացահայտելու քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը: Ներկայացնելու եմ պատմամշակութային, ժամանցային ու պարզապես հետաքրքիր անկյունները, ու եթե հյուրեր ունենաք արտերկրից, հենց այս ուղեցույցով կարող եք զբոսնել Թումանյանով: Իհարկե վերջին երկու ամիսների ընթացքում շատ սրահներ չեն գործում, ինչի արդյունքում սիրված փողոցը մեր նկարներում մի փոքր մոխրագույն տեսք ունի, բայց արդեն մայիսի 4-ից Թումանյան փողոցը նոր գույներ ու շունչ կստանա: Բացահայտեք ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը առաջին հայկական սուրճի՝ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ միասին: #welcometoYerevan2020

Վերջին կիրակին է, որ փողոցը գրեթե դատարկ է: Արդեն վաղվանից չեն գործում սահմանափակումները, որոշ սրահներ այսօր արդեն իսկ պատրաստվում էին բացել իրենց դռները, ես էլ՝ բնակվելով այս հատվածում, պատրաստեցի իմ սիրած դառը սուրճը և Թումանյան փողոցի հակառակ ծայրից սկսեցի նորովի բացահայտել անվանի հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվիրն անվանված փողոցը: Նշեմ, որ բառացիորեն յուրաքանչյուր սրահ, ժամանցավայր կամ անկյուն հնարավոր չէ ներկայացնել այս փողոցում, այն բավական երկար է՝ 1 400 մետր: Ես ընտրել եմ այն վայրերը, որտեղ ինքս լինում եմ ու խորհուրդ եմ տալիս Ձեզ: Չեմ տեղադրում ոչ մի հղում, հեռախոսահամար, քանի որ այս շարքը բացարձակ կոմերցիոն չէ, այն ամենն ինչ կարդում եք ու վայրերը, որոնք ես ներկայացնում եմ, նկարահանվել են առանց պայմանավորվածության և ոչ գովազդային հիմունքներով: Նպատակն իրոք քաղաքի ներկայացումն է, այլ ոչ թե գովազդը:

Տասնիններորդ դարում ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը կոչվել է Դոկտորսկայա (Բժշկական), քսաներորդ դարի սկզբին՝ Ալավերդյան, ապա Լենինի փողոց, իսկ 1961թ.-ից արդեն Թումանյան փողոց: Թումանյան փողոցում են գտնվել Գեթսեմանի մատուռը, Սբ. Անանիա առաքյալի անապատի մատուռը, Պողոս-Պետրոս եկեղեցին, նաև Սուրբ Գայանեի օրիորդաց կրթարանը, Սողոմոնյանի գինու և կոնյակի գործարանը, 1880-ականներին Վ. Պապաջանյանի կողմից լույս տեսնող «Պսակ» թերթի խմբագրությունը, Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցը և քաղաքային ԶԱԳՍ-ը։ Փողոցը կառուցապատված է եղել սեփական և եկամտաբեր տներով, որոնց մեջ կային խանութներ։ Թումանյան 1 հասցեն իրականում Խանջյան փողոցի հատման վայրում է, ես պարզապես հակառակ կողմից եմ սկսում, քանի որ այն ավելի ակտիվ է: Եթե ուշադիր եք ու դուք էլ Ձեր սուրճն եք պատրաստել, ուրեմն գնացինք....

Սարյանից մինչ Խանջյան ձգվող փողոցը սկսվում եմ լեգենդար Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանով: Ասեմ, որ հիմա փակ են բոլոր թանգարանները, սրահների մեծ մասը, այդ պատճառով նկարահանումներ մենք միայն դրսից ենք կարողացել իրականացնել: Առաջիկայում կփորձենք ներկայացնել պատմամշակութային կենտրոնները ներսից ևս: 1953 թվականի ապրիլին Թումանյան փողոցի սկզբնամասում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվել է Հովհաննես Թումանյանի թանգարանը, որի 54 աստիճանները խորհրդանշում են Թումանյանի ապրած տարիները։ Թանգարանում պահվում է ավելի քան 18.000 ցուցանմուշ։ Առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Հովհաննես Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Առաջին հարկում է գտնվում նաև Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակ սենյակը։ 

Երկրորդ հարկում գտնվող վեց սենյակներն ամբողջությամբ կառուցված են Թումանյանի թիֆլիսյան բնակարանի նմանությամբ։ Այդտեղ է գտնվում նաև բանաստեղծի մեծ գրադարանը, որ բաղկացած է մոտ 8000 գրքից։ Երկրորդ հարկում կա նաև ընդարձակ դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների և ներկայացումների համար: Թանգարանն ունի երկու այգի։ Առաջինը ձմեռային այգին է, որը, կարծես, թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես լինի: Երկրորդը թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի հասցեն է Մոսկովյան 40, սակայն այն որոշեցի ներառել ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը ներկայացնող փոստում, կարծում եմ այսպես ավելի ճիշտ է: Հիմա իհարկե բոլոր թանգարանները փակ են, սովորաբար այն գործում է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից: Երեքշաբթի-շաբաթ՝ 10։30-16։30, կիրակի՝ 10։30-15։30: 

Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում է գտնվում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը։ Համալսարանը հիմնադրվել է 1935 թ.-ին: Կան տեղեկություններ, որ ժամանակին այստեղ եղել է Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։ Համալսարանի մուտքի մոտ է գտնվում 1966 թ. քանդակագործ Արա Սարգսյանի կողմից պատրաստված Վալերի Բրյուսովի կիսանդրին, որը ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Դեռ 90-ականներից Բրյուսովը հայտնի էր, որպես համալսարան, որտեղ սովորում են ամենագեղեցիկ աղջիկները, իսկ նրանց ընկերներն էլ ժամերով սպասում էին նրանց դրսում: Իրականում այն տարիներին կին-կարիերիստ հասկացությունը բացակայում էր, և ուսանողուհի, ով անգլերեն կամ ֆրանսերեն է սովորում, մի տեսակ ԻՄՊՌՏՆԻ վիճակ էր ստեղծում ու ոչ այնքան հայեցի: Կարծում եմ հիմա էլ չկա այս ՎԱՈՒ Բրյուսովի աղջիկները.. մոդուլը:

Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում է գտնվում իմ ամենասիրած բարերից մեկը Երևանում: EIGHT18N-ում ինձ շատ հաճախ կարելի է հանդիպել: Ամեն ինչ սկսվում է հենց տիրոջից, ով ընդունում է յուրաքանչյուր հյուրի ու ամեն ինչ անում է, որ քեզ լավ զգաս այստեղ: Թույն կոկտեյլներ, լավ մյուզիք, շատ լավ մարդիկ: Ասեմ, որ այս հատվածը տարիներ շարունակ ձախողված էր, բացվել են այստեղ մի քանի սրճարաններ, բիստրոներ և խանութներ: Իսկ այ EIGHT18N-ը այս փոքր անկյունը մի քանի ամսում դարձրեց քաղաքի ամենաթույն վայրերից մեկը: Այսօր ախտահանում էին տարածքը, վաղվանից գործելու է բացօթյա հատվածը, եթե լինեք Երևանում, Թումանյան փողոցում, եկեք միասին խմելու..... 

Սա արդեն Թումանյան 37 հասցեն է, որտեղ նախորդ տասնամյակում գործում էր ֆրանսիական NafNaf բրենդի սրահը, իսկ հիմա՝ LUXOR հարսանյաց զգեստների ու աքսեսուարների սրահը: Իր ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, ապրանքատեսակները եվրոպական առաջատար բրենդերից, ոճը՝..ինչպես բնութագրեմ, ճոխ, շքեղ, փայլուն, մի խոսքով այնպես, ինչպես մեր հարսիկները սիրում են: Եթե Ձեր հյուրը եկել է Հայաստանից հարսնացու տանելու (վստահ եմ, մինչև հիմա այդ սովորույթը մնացել է) , արդեն գիտեք, թե որտեղից կարող եք հարսի զգեստը գնել:

Ուրեմն մի քանի տարի առաջ Կիևի օդանավակայանում ուշանում ենք ինքնաթիռից բառացիորեն 2 րոպե ու մեր տոմսերը չեղյալ են համարում: 1000 դոլար հենց տեղում վճարում ենք, որպեսզի 4 նոր տոմս գնենք, ու հենց հասնում եմ Երևան շաաաաատ երկար փոստ եմ գրում այն մասին, որ կյանքում էլ չեմ օգտվի Ուկրաինայի միջազգային ավիաուղիներից: Բայց, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք, ու ամեն տարի նորից գալիս եմ այս գրասենյակ, գնում եմ տոմսեր ու մեկնում եմ Կիև: Կարծիքս չեմ փոխել, ավիաընկերությունն ունի մի շարք ներքին խնդիրներ, օրինակ վերջին անգամ ճամպրուկիս կողպեքը պարզապես ջարդված էր, ճիշտ է ճամպրուկում միայն հագուստ էր, վերցնելու ոչինչ չկար: Ամեն դեպքում, բոլոր մինուսների հետ մեկտեղ, հաճելի է, որ մեզ մոտ գործում է այս ավիաընկերությունը ու անհամբեր սպասում եմ, թե երբ են նրանք նորից չվերթներ իրականացնելու, ինձ հարկավոր է տոմս սեպտեմբեր ամսվա համար: Կիևում Время и Стекло խմբի վերջին համերգն է, պետք է գնալ: Թումանյան 37:

Սա ամենաերևանյան, ամենասիրված բացօթյա հատվածն է, իհարկե կռահեցիք՝ Ջազզվե Թումանյան: Առանց այցելուների, համամիտ եմ, շատ տխուր նկար է, բայց ամեն ինչ դեռ առջևում է, կարծում եմ մայիս ամսին Դուք բոլորդ դեռ կունենաք հնարավորություն այցելելու իրական, մարդաշատ ու ավելի գունեզ Ջազզվե: Թումանյան 35:

Մեր լավ ընկերներն են՝ ԱՅԲՈԼԻՏ սրահ Թումանյան 35 հասցեում: Ներսում համ խանութ-սրահ է, որտեղ կարող եք գտնել հեռախոսներ, սարքեր, աքսեսուարներ, համ սերվիս կենտրոն է. Այբոլիտը հենց հայտնի է դարձել իր ԳԱՆՔ ՏԵՂՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱՆՈՐՈԳԵՆՔ մոդուլով: Խնդիր ունենաք հեռախոսների հետ-իմացաք ինչ պետք է անեք....

Թումանյան փողոցը նաև հետաքրքիր է իր դալաններով, յուրաքանչյուր դալանում նկարազարդումներ են, տարբեր ոճերի....

Այ այս խանութ չգիտեմ պետք է այցելեք թե ոչ, ես ու ընկերուհիս ամեն անգամ անցնելուց մի կերպ ենք մեզ զսպում, որովհետև այստեղ ամեն ինչ այնքան համեղա, որ չի լինում ուղղակի 1 թխվածք գնել ու վերջ: Շատ, շատ, շաաաաատ համեղ թխվածքներ են, անպայման գնեք եփած խտացրած կաթով թխվածքը ու չաղացեք, հո մենակ ես չեմ չաղանալու: Թումանյան 33՝ Mom's Little Bakery:

Ուզում եմ հիշել, թե որ թվականին եմ նկարել PIXEL-ի բացումը: Երևի մոտ 8 տարի առաջ էր: Իրենց ոլորտում ամենահին "գելերից են", հուսով եմ չեն նեղանա, որ այսպես եմ գրում, նկատի ունեմ, որ իսկական մասնագետներ են այն ամենի, ինչը կապ ունի հեռախոսների, սարքերի, աքսեսուարների հետ, ներսում նաև սերվիս կենտրոնն է, ու նաև Pixel-ը հայտնի է իր ամենալավ ակցիաներով ու հարմար գներով: Սենց տխուր ու փակ նկարից բան չեք հասկանա, շուտով այն նույնպես կբացվի ու պատրաստ կլինի ձեզ ընդունել իր սրահում՝ Թումանյան 33 հասցեում:

Դիմացի փողոցում ամենահին իտալական ռեստորանների մեկն է՝ Ai Leoni-ն, որը, կարծեմ դեռ 90-ականներից գործում էր: Երբ դեռահաս էինք, գիտեինք այս ռեստորանը, որպես քաղաքի ամենաթանկ ռեստորան, հիմա հասկանում եմ, որ այն ժամանակ պարզապես ռեստորանային մշակույթը դեռ ձևավորված չէր: Նույն՝ Թումանյան 40 հասցեում գործում է Mr. Gyros հունական արագ սննդի վայրը: Ավելի հայտնի է, թերևս Թումանյանի խինկալիանոցի հարևանությամբ՝ 21/1 հասցեում գործող Mr. Gyros-ը, բայց ես հենց այս Mr. Gyros-ն եմ սիրում, այն ինձ մոտ լավ հուշերի հետ է կապված: 

Հարևանությամբ Bonapart նոր խանութ-սրճարանն է և բոլորին հայտնի The Club-ը: 2005 թ.-ին գալիս այստեղ ընթրելու, սիրում էի այստեղի ղավուրմայով սենդվիչը, առաջին բուֆիկներով սրահը, որտեղ միշտ տեղ չկար: Առաջին խանութը ռեստորանի մեջ, որտեղից գրքեր ու հուշանվերներ էինք գնում.....կայֆա որ մինչև հիմա այն գործումա, պետքա մոտ օրերս այցելել:

Շատ հաճելի էր, ի դեպ, տեսնել մեր ամենաառաջին հաղորդավարուհուն՝ Սեդա Սերոբյանին, ով նկարահանվել է Violet սրահի գովազդային շարքում:

The Club-ը երկու մուտք ունի, դրանք տարբեր հատվածներ են տանում: Այս մասից հայտնվում էիր կարծես թե թեյարանում...մի խոսքով հասկացա, երբ ազատ ժամանակ ունենամ կպատվեմ 2000-ականներին գործող թրենդային վայրերի մասին:

ՄԵՅԴ-Made in Armenia. Հայ դիզայներների հագուստ և աքսեսուարներ Թումանյան 33 հասցեում: Վստահ եմ, շատ աղջիկներ Երևանում փնտրում են հայ դիզայներների խանութ-սրահներ, Մեյդն ամենահայտնի սրահներից է, երկորրդը գործում է Մեգամոլում: Ինչու եմ ասում աղջիկները, որովհետև տղաների համար հայ դիզայներները լավ հագուստ չեն ներկայացնում ու թող ինձ ներեն բոլորը, ուրա չկա?

Ներսում տասնյակ դիզայներների հագուստ և աքսեսուարներ: Սրահը հիմնել են 4 անվանի հայ դիզայներներ՝ Ֆաինա Հարությունյանը, Արևիկ Սիմոնյանը, Արամ Նիկոլյանը և Harmony բերնդը: Հարևանությամբ էլ գործում է երեխաների թրենդային հագուստ ներկայացնող ԴԵ ՍԱԼԻՏՏՈ սրահը, այստեղից հետո կարող եք նաև Ձեր երեխային հագուստ ընտրել այնտեղից:

Այ այստեղ ֆրանսիական մյուզիքա միանում...լսում եք? Չէ, հիմա չի լսվի, որովհետև դրսի սրճարանը վաղվանիցա գործելու: Թումանյան/ Փարպեցի անկյունը փոքր Փարիզ է մեր քաղաքում, ի շնորհիվ այս սրճարանի: Դրսում միշտ ֆրանսիական երաժշտություն է, քաղաքի ամենահամեղ կրեպերը, շատ եմ սիրում այս հատվածը:

Դիմացն էլ միշտ թարմ ու լավ ծաղիկներ են վաճառում....

Հոտը զգում եք? Շատ համովա է, հավատացեք ինձ, ավելի համովա քան Էյֆելյան աշտարակի տակ պատրաստվող կրեպերը: Ես միշտ պատվիրում եմ խտացրած կաթով ու խնձորով կրեպ:

Queen Cake-ը ամենահայտնի թխվածքի սրահներից է Երևանում: Եթե նույնիսկ դուք Թումանյան 31 հասցեի սրահում չեք եղել, հաստատ եղել եք Բաղրամյան պողոտայում գործող շաաատ հայտնի Queen Cake սրահում, դեպի Ամերիկյան համալսարան տանող աստիճանների դիմացի մայթում: Շատ հաճելի սրահա, ու այստեղ բացի արդեն պատրաստի տեսականին գնելուց կարող եք նաև պատվերներ տալ, հանդիպել քննարկումների համար, այն օֆիս-սրահ է: 

Հիմա մտածում եմ, ճիշտ կլինի արդյոք գրել, որ Հայաստանում սուշիի կուլտուրայի պրոպագանդել է հենց Sushitoria-ն?: Համենային դեպս առաջիններից էր հաստատ, ես ինքս հենց այստեղ եմ սկսել սիրել սուշի: Հենց ՍԱՍ սուպերմարկետի դիմաց՝Թումանյան 38: 

Հարևանությամբ՝ Թումանյան 38 հասցեում գործում է ևս մեկ հայ դիզայների՝ Անուշ Սահակյանի սրահը: Անուշը հայնտնի է բնական քարերով պատրաստվող զարդերի շարքով, վերջին տարիներին ներկայացնում է նաև աքսեուարներ և հագուստ:

Սա հին նկար է, քանի որ Թումանյան 38 հասցեում գործող PASTRAMI-ն հիմա միայն առաքմամբ է գործում, իսկ ես ուզում էի ձեզ փոխանցել իրական տպավորութունը: Ամենաօրիգինալ, համեղ ու իր տեսակով եզակի վայր, որտեղ համեղ բուրգերներ են, հենց իսկական փաստրամիով սենդվիչներ, աղցաններ, ես գարեջուր չեմ սիրում, բայց գերմանական գարեջրի սիրահարները այստեղ կարող են նաև խմել....մոռացել եմ որ հայտնի գարեջուրն էր, անպայման կհիշեմ, ու կավելացնեմ: Պատվիրեք նռան հատիկներով աղցանը, Շեֆ-բուրգերը, բզկտված մսով բուրգերը (ես այդպես եմ պատվիրում, ասում եմ ինձ իմ սիրած բզկտված մսով բուրգերից) և իհարկե հենց փաստրամիով կապ չունի ինչ, սենդվիչ կամ բուրգեր: Բարի ախորժակ, ես դիմացն եմ ապրում, որ գաք հրավիրեք՝ կմիանամ Ձեզ:

Ռեկլամնայա պաուզա: Հայկական ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ սուրճի հետ միասին Թումանյանի բանաստեղծություններն ավելի արտահայտիչ ես կարդում: Մարքեթինգ, դեվելոփմենք, քոնթենթ մենեջեր, քնսալթինգ բրիֆինգ ու լիքը նման բաներ, որ թրենդի մեջ լինեմ: 

Դեռ Թումանյան 38 հասցեում ենք, այստեղ շատ են հետաքրքիր սրահները: ԿՈԿՉՅԱՆ բրենդը հայկական օրիգինալ զարդեր է ներկայացնում, ափսոս սրահը դեռ փակ է, տեսականին չենք կարողացել նկարել, բայց դուք կարող եք գտնել ու ծանոթանալ ինստագրամում, ֆեյսբուքում, իրենց կայքն էլ ունեն: Հայկական զարդեր գնելու ցանկության դեպքում կարող եք այցելել:

Ուրեմն նույն հասցեում կա մի փոքր սրահ, որը կարող է պարզապես անցնելով բաց թողնեք, ու անկեղծ ասած մինչ օրս ես անվանումն էլ չէի ֆիքսել, բայց ամեն ամիս այստեղից գնում եմ սկրաբեր ու օճառներ: Սրահը կոչվում է NATURA SIBERICA, շատ մեծ ու իրոք լավ տեսականի կա, խորհուրդ կտամ գնել զեյթունի և նռան օճառներ, շոկոլադով և սուրճով սկրաբեր...իրականում դուք որ այցելեք Ձեզ անհրաժեշտ շատ օրինակներ կգտնեք, գներն էլ շատ հարմար են: 

Հասանք Մաշտոց: Ես այս հատվածում եմ բնակվում, այնպես որ ինձ հաճախ կարող եք տեսնել այստեղ պարզապես զբոսնելիս:

Ինչպես կարող եմ չպատմել լեգենդար ՄԵՂԵԴԻ սրճարանի մասին, ճիշտ է, վերջին անգամ այստեղ 15 տարի առաջ եմ եղել, երբ ակումբից հետո, գիշերվա 3-ին ոլոռով ձվածեղ էինք ուզում: Ինչ էժան էր այստեղ ամեն ինչ, ինչ կայֆ էր դեռ 90-ականներին հանդիպել այստեղ, քանի որ ուրիշ էլ տեղ չկար նստելու....Մի ամբողջ պատմություն: Հիմա էլ սրճարանը գործում է, հիմա էլ տեղ ու դադար չկա, գները չգիտեմ նորից էժան են, թե արդեն թանկացրել են, բայց ՄԵՂԵԴԻԻ հատվածը միշտ ժամանակից դուրս է:

Այս հատվածում ևս մի հին ու հայտնի սրճարան կա՝ MAGNOLIA: Երկու տարի առաջ սրճարանը ամբողջությամբ ռեբրենդինգի վերածվեց՝ պահելով միայն անվանումը: Հիմա այն վերջին տենդենցներին համապատասխան, շատ հարմար դիվաններով և նստատեղերով, այս հատվածի ամենացիվիլ ժամանցավայրերից է: Գիտեք ցիվիլ ինչ նկատի ունեմ, ընտանեկան մթնոլորտ է, երբեք չես լսի բարձր հահահիհիներ, գոռոցներ, անիմաստ կենացներ:

Գիտեք արդյոք, որ ներկայիս Օպերայի և բալետի թատրոնի շենքի տեղում, ձիթենյաց այգիներում եղել է Գեթսեմանի մատուռը: Համաձայն Նոր կտակարանի, ձիթենյաց այգիներում այն վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ 1930-ական թվականներին, երբ տեղում պետք է կառուցվեր Օպերայի և բալետի թատրոնի շենքը, Ալեքսանդր Թամանյանը որոշեց տեղափոխել մատուռը։ Վերացվեց նաև մատուռին կից գերեզմանոցը` 17-18-րդ դարերի տապանաքարերով։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930 թվականին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից։ 

Թատրոնին կից լինելու պատճառով, այստեղի հրապարակը կոչվել է «Թատերական հրապարակ», 1991 թվականից վերանվանվել է «Ազատության հրապարակ»։ Հրապարակը շրջապատող այգում Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանն է։ Հրապարակում 1957 թվականին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի բրոնզե և գրանիտե արձանները։

 

Օպերայի աֆիշաների հատվածը 90-ականների ժամադրության ամենահայտնի վայրերից էր: Կհանդիպենք աֆիշաների մոտ...առաջ այստեղ թույլատրվում էին բաներներ տեղադրել, իսկ 2010-ի սկզբին արդեն դրանք փոխարինվեցին ավելի մոդեռն տարբերակներով, որոնք տեսնում եք նկարում:

Դիմացի մայթում Mobile Centre սրահն է, որը սմարթֆոններ ու աքսեսուարներ ներկայացնող ամենահին սրահներից է, բայց քանի որ ևս մեկ, ավելի մեծ Mobile Centre գտնվում է հարևանությամբ, կխոսեմ այս սրահի մասին, երբ ներկայացնեմ Հյուսիսային պողոտան: Հարևանությամբ կարող եք տեսնել Թումանյանին նվիրված ևս մեկ նկարազարդում:

Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկում է գտնվում Համբարձում Սողոմոնյանի Էրիվան գինու և կոնյակի գործարանի շենքը, որը կառուցվել է 1890-1910 թթ. Բորիս Մեհրաբյանի նախագծով և գտնվել է Երևանի Մելիք-Ադամյան փողոցում։ Սակայն 2001 թ. այն ապամոնտաժվել է և վերակառուցվել Կողբացի-Թումանյան փողոցների անկյունում։ Այդ շենքում է գտնվել №3 հիվանդանոցը։ Այսօր այստեղ է գործում «Վան» ստոմատոլոգիական կենտրոնը։

Հասնում ենք Կարապի լիճ և սկսում ենք այն հին ու բարի Cafe RICH-ից: Գրեթե մինչ լուսաբաց աշխատող Cafe RICH-ը կենտրոնի ամենահայտնի սրճարաններից է, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Կարապի լիճ և Ազատության հրապարակ:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լճի մակերեսը 2490 քմ է։ Նրա մի հատվածը՝ 1200 քմ մակերեսով, 2005 թվականից ձմռանը վերածվում է սահադաշտի։ Խորհրդային տարիներին լճում ապրել են սպիտակ և սև կարապներ, որոնք 90-ականների սկզբում դրանք վերացել են։ 2009 թվականին Երևանի քաղաքապետի հրահանգով Կենդանաբանական այգուց «Կարապի լիճ» ջրավազան են տեղափոխվել երկու կարապներ, բայց վաղուց չեմ տեսել այդ կարապներին:

Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ին, ես եղել եմ բացմանը: Այն ժամանակ աշխատում էի Ռուսսկոյե Ռադիոյում և որպես լրագրող եկել էի հարցազրույց վերցնելու քանդակագործ Դավիթ Բեջանյանից: Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան, քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։ Բացման հենց հաջորդ օրվանից մեծ աղմուկ բարձրացավ քաղաքում, քանի որ հանրությունը սովոր էր մոնումենտալ ստատիկ քանդակների, իսկ այստեղ հայտնվում է շաատ ինքնատիպ ու ոչ ստանդարտ մոտեցմամբ աշխատանք: Ինձ միշտ դուր է եկել այս քանդակը....

Երեք տարի առաջ, Կարապի լճի հարևանությամբ բացվել է հայկական վիշապագորգի գույնզգույն և կիսաթանկարժեք քարերով պատրաստված խճանկարը: Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված վիշապագորգի խճանկարը ներառում է մարմարե, գրանիտե, ազուրիտե և տուֆ-ավազաքարե շուրջ 900 հազար կտոր քար: Խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։

Գրազ կգամ շատ քչերդ գիտեք, որ այս քանդակը կոչվում է «Մեղեդի»: Տեղադրվել է 1965-ին, հուշարձանը կառուցված է ալյումինից և գրանիտից, բարձրությունը 1,4 մետր է։

Ինչ ուզում եք ասեք Երևանն այսօր տխուր տեսք ունի, հուսով եմ մայիսի 4-ից, երբ հանվեն սահմանափակումները, քաղաքը նոր շունչ կստանա ու էլի մարդաշատ կլինի: Բացի սպիտակ նիվաների միջից շատ բարձր հնչող հայկական ռաբիսը, մնացած ցանկացած աղմուկ ողջունելի է:

Կարապի լճի հենց դիմաց միանգամից 3 սիրված սնվելու վայրեր: Pizza Hut, KFC և հատուկ քաղցրասերների համար DIPNDIP-ը, որտեղ քաղաքի ամենահամեղ քաղցրեղենն է, փորձեք:

Անցնում ես Տերյան փողոցն ու գրեթե հայտնվում Fifth Avenue-ում: La Galleria-ն և Stefano Ricci-ն լյուքս դասի շոփինգի ամենահայտնի սրահներն են: Արդեն մոտ 15 տարի, եթե ոչ ավել, այստեղ ներկայացված են միջազգային առաջատար բրենդերի հավաքածուները: Հասցեն Հյուսիսային պող. 1 է, սակայն մուտքը Թումանյան փողոցից է:

Տարվա ընթացքում 2-3 անգամ փոփոխվում են ցուցափեղկերը: Դրանք իրոք շատ օրիգինալ են, այ հենց հիմա այսպիսի գարնանային լուծումներով է ցուցափեղկը:

Եթե նկատել եք, օդանակավայանում, առաջին վիզուալ գովազդներից է TUMANYAN KHINKALI old house-ի գովազդը: Դա պատահական չէ, այն իրոք տորիստական ամենահայտնի վայրերից է, որտեղ շատ համեղ խինկալի են տալիս: Հենց տալիս եմ գրում, ոչ թե մատուցում, քանի որ այստեղ գնում ես հենց տնական տրամադրությամբ, մի վայր, ուր համով հաց են տալիս: 

Բացօթյա սրահը երևանյան ամենակոլորիտային հատվածներից է: Այստեղ ավելի հարմար է աղցաններ պատվիրել, բլինչիկներ ու ֆիրմային հսկա էկլերը, իսկ հենց խինկալի պետք է պատվիրել առաջին հարկում գործող սրահներում, այնտեղ ավելի տրամադրում է: Բացեմ նաև փոքրիկ գաղտնիք, քչերը գիտեն, ինքս մեկ տարի առաջ եմ բացահայտել, որ երկրորդ հարկում գտնվող բնակելի տունը այժմ ևս որպես ռեստորան է գործում, ու այնտեղ ևս հետաքրքիր է: Հաջորդ անգամ փորձեք սեղան ամրագրել վերնատան սրահներից մեկում, չեք փոշմանի: Ասեմ նաև, որ ես եղել եմ Լոս Անջելեսում գործող TUMANYAN KHINKALI Factory ռեստորանում, չգիտեմ, երևի օդից ու ջրիցա, բայց Երևանի խինկալին մեկա ուրիշ էր....

Հարևանությամբ գործում է ևս մեկ հայտնի տուրիստական ռեստորան, որը մանավանդ ամառվա ամսիներին միշտ լի է տուրիստներով: ՄԵՐ ԹԱՂԸ հայտնի է իր լահմաջուով, նաև հետաքրքիր ինտերիերով, փոքր բայց սիրված վայր:

Մոտենում ենք Աբովյան/Թումանյան հատվածին: Այստեղ հայկական ԼԱՎԱՇ սիրված ռեստորանն է և հունական ՍՊԱՐՏԱ գիրոսը, որը սկսեցի սիրել Աթենք մեկնելուց հետո: Հունական հայնտի սոուսները, ուտեստները, շատ հագեցնող նախաճաշեր, ինչպես նաև հունական Mythos գարեջուրը: 

Դիմացի մայթում Թումանյանի ամենագեղեցիկ բնակելի շենքերից մեկն է, որի առաջին երկու հարկերում է տեղակայված հայտնի ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇԱՈՒՐՄԱՆ:

Երեք օգտակար սրահներ, MULTI TEXTILE-ը որտեղ ներկայացված է հայկական արտադրության սրբիչներ, խալաթներ, անկողնային պարագաներ, այնուհետև՝ ՆՈՅ կոլեկցիոն կոնյակի և գինու սրահն է և HUAWEI բրենդի երևանյան սրահը:

ՏՈՍՊԻԱ ռեստորանը նախորդ տարի իր մի հատվածում բացեց ապակեպատ փուռ, որտեղ հենց Ձեր աչքի առաջ թխվում է հաց և գաթա: 

Սա արդեն Թումանյան 19 հասցեն է, ETHNOLOFT ռեստորանը ներկայացնում է հայկական և ֆյուժն խոհանոց: Փորձեք աղի մեջ եփված իշխանը, ֆիրմային աղցանը, աղանդերը: Եթե հայկական խոհանոցից տոլման են նախընտրում, հարևանությամբ գործում է նաև The Tolma ռեստորանը:

Դիմացի մայթում ԳԱՐՈՒՆ առողջ սննդի սրճարան-ռեստորանն է: Եվս մեկ սիրված ու հաճելի վայր այս փողոցում, որտեղ կարող եք ճիշտ սնվել, հագենալ ու չգիրանալ:

Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում է գտնվում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Ի սկզբանե այն նախագծված է եղել որպես Սպորտկոմիտեի և ֆիզկուլտուրայի կենտրոնական տուն և երևանցիներին հայտնի է եղել իր լողավազանով։ Շենքը կառուցվել է 1932 թ.՝ ճարտարապետներ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի նախագծով։ Հարևանությամբ CANALLI բրենդային սրահն է:

Այս խաչմերուկն էլ եմ շատ սիրում. Աբովյան/Թումանյան

Թումանյան փողոցի կողմից մուտք կար դեպի ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի Ամառային դահլիճ: Վերջին անգամ այստեղ եղել եմ Գրիշա Աղախանյանի համերգին, 1999 թ.-ին, հետո էլ չեմ հիշում: Մոսկվա կինոթատրոնի Ամառային դահլիճը հայկական ժամանակակից ճարտարապետության եզակի օրինակներից է և ունի նաև պատմական նշանակություն։ Նախագծվել և կառուցվել է 20-րդ դարի անվանի ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտեխցյանի և Թելման Գևորգյանի կողմից։ Դահլիճը ամբողջությամբ կառուցվել է մոնոլիտ բետոնից, երեսապատում չունի, այսինքն` չի թաքցնում իր շինանյութը, ինչը շատ նորարար էր այդ տարիների համար: 

 

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճին կից՝ Թումանյան 17 հասցեում է գտնվում Պետական հանրագիտարանի խմբագրության շենքը։ Տարիներ շարունակ այս շենքում է գործել Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունը։ Շենքը կառուցվել է 1930 թ.՝ ճարտարապետ Ռուբեն Հակոբյանի նախագծով։ Այժմ այդ շենքում է գտնվում Ինեկոբանկը։

Այս հատվածում շատ են տղամարդկանց համար տարբեր բրենդային սրահները: Կառանձնացնեմ nobby. սրահը, որն իր ոճով ու տեսականիով ամենագեղեցիկն է:

Այստեղ է ՊՐԱՀԱ հուշանվերների սրահը, դիմացի մայթում տեսնում եք 1001 մանրուքը, որտեղից ոնց էլ չլինի ինչ-որ բան գնած կլինեք տան համար:

Թումանյան-Նալբանդյան փողոցների հատման խաչմերուկում է գտնվում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Այն հիմնվել է 1963 թվականին, այն տանը, ուր կյանքի վերջին տարիներին՝ 1926-1928 թթ. ապրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։ Այդ շենքում է գործել նաև ազգագրագետ, պարուսույց Սրբուհի Լիսիցյանի Երևանի ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումը, որը հետագայում վերածվեց պարի ուսումնարանի։ Թանգարանի և դիմացի մայթին գտնվող զույգ-շենքերը կառուցվել են 1925-1927 թթ.՝ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։

Չեմ կարող ուղղակի անցնել LUXURY boutique-ի կողքով: Այս փոքրիկ գլամուռային սրահը մեր Ասյան է բացել ու ներկայացնում է մուշտակներ, հագուստ, աքսեսուարներ: Այ տեսեք, եթե Դուք էլ մեր Ասյայի պես ՎԱՌ կերպար եք, ուրեմն հաստատ այս սրահը Ձեզ դուր կգա այցելեք, Թումանյան 18: 

Ձախ կողմում 3 շատ պրոֆեսիոնալ գեղեցկության սրահներ են: BROWUP Total Look, ESTET և Aida Melkonyan studio: Բյութի ոլորտի բոլոր ծառայությունների համար կարող եք ընտրել և այցելել:

Թումանյան փողոցում հենց դեմ դիմաց գտնվում են ասիական խոհանոց ներկայացնող 2 ռեստորաններ: TAO-ն համեմատաբար նոր ռեստորան է, իսկ Old Beijing-ը եթե ճիշտ եմ հիշում, դեռ 90-ականներից է գործում: Երկու վայրում էլ համեղ են ուտեստները, արդեն ընտրության հարց է: 

Թումանյան 9 հասցեում առանձնացնեմ նաև ԼՅՈՒՔՍ նվերների ցանցի սրահը: Ճաշակով ու բազմաոճ տեսականի տարբեր ոճեր նախընտրող անձանց համար:

Սուրճով սկսեցի, սուրճով էլ ավարտում եմ: Պարզա գետնին նստած հարմար չի խմելը, պարզապես էլ երբ կարող եմ այսպես դատարկ փողոցում հանգիստ նստել ու սուրճ խմել, վաղվանից վերջ, արդեն նորին բնականոն կենսակերպին ենք վերադառնում: Սիրելի ընկերներ,  #welcometoYerevan2020 հաշթեգով կարող եք ֆեյսբուքում կամ իմ կայքում գտնել ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! շարքի բոլոր փողոցները: Պլանավորում եմ 10 փողոց ներկայացնել: Եթե հավանել եք շարքը կիսվեք, կարծում եմ ինֆորմացիան բոլորին պետք կգա: Մի քանի օրից կհրավիրեմ զբոսանքի Աբովյան փողոցում: Մաղթում եմ Ձեզ հաճելի շաբաթ, Ձեր նոր գիդ՝ Կամոբլոգ:

__________

 

back-top