l

lifestyle

ԷԼԻ ԵՍ ՈՒ ԴՈՒ...Ինչու է քաղաքը լսում 21-ամյա Yellowheart–ին

ԻՆՉ ԿԱՅՖ ԵՐԳԱ...մտածեցի ես, հետո մյուս օրն էլի ուզեցի լսեմ, հետո գնեցի այթունզից, հետո մարզասրահում լսում եմ՝ ԷԼԻ ԵՍ ՈՒ ԴՈՒ, ինստայի պատին՝ ԷԼԻ ԵՍ ՈՒ ԴՈՒ...Yellowheart, գանգուր մազերով փոքր աղջիկ...ունի յութուբյան ալիք, ՄԵՏՐՈ...այ քեզ բան, սա ավելի լավ երգա, ոնց որ 90-ականներին Ֆորշի ԵՍ ԵՄ ՔՈ ԸՆԿԵՐՆ ԷՐ, հիմա Yellowheart-ի ձայնը, պարզ տեքստերն ու մյուզիքը (համ էլ գարունա դե) ստիպումա զգալ քեզ էլի 20 տարեկան, էլի սիրահարվել ու էլի սպասել ինչ-որ մեկի քամբեքին: 

  • Կամո Թովմասյան

Վաղուց հետաքրքիր նոր դեմք չէի հանդիպել մեր շոու-բիզում, չնայած այս երգչուհին երևի էդքան էլ մեր տիպիկ շոուբիզնեսյան ֆորմատ չի: Մի քանի թույն երգեր, պարզ տեքստեր, հանգիստ մուդ....միանշանակ վառ նոր կերպար ասպարեզում: Պարզվեց Yellowheart-ը սովորում է ԱՄՆ-ում, որոշեցի ծանոթանալ ու ներկայացնել, հիմա էնքան քիչ են նոր դեմքերը ում հետ իրոք ցանկանում ես շփվել ու էլ չեմ ասում նրանց ստեղծագործությունները լսելու մասին: Եթե դեռ չեք լսել նրա երգերը՝ վստահ եմ, հավանելու եք, իսկ եթե Դուք էլ իմ պես ամենուր լսում եք ԷԼԻ ԵՍ ՈՒ ԴՈՒ, ուրեմն դիմավորեք՝ Yellowheart:

Մենք լսում ենք քո երգերն ու պատկերացնում, թե Դու հիմա տխուր սպասում ես նրան մետրոյում, իսկ Դու սվոորում ես ԱՄՆ-ում, պատմիր ուսմանդ մասին:

Էս շրջանում մետրոյի փոխարեն ես միշտ սպասում եմ Ուբեռիս վարորդին)) Հա, սովորում եմ ԱՄՆ-ում՝ երաժշտական քոլեջում։ Երազանքներիցս մեկն էր արտասահմանում սովորելը, ու ինչպես մնացած բոլոր երազանքներս, սա էլ հավատալու ու աշխատելու շնորհիվ իրականացավ։ Շատ հավես ա արտասահմանցիների հետ սովորելը։ Չեմ ասի, որ շատ նոր բաներ եմ սովորում, բայց մենակ էն, որ գտնվում եմ իմ բնագավառի կենտրոնում ու շրջապատված եմ երաժշտությամբ՝ հերիք ա։ Էս ամենը բարդ, բայց կարևոր փորձ էր ինձ համար։ Նոր տեղ, նոր կյանք, նոր մտածելակերպ, նոր սովորույթներ... Հեշտ չէ նորից կայանալը նոր միջավայրում, բայց վստահ եմ, որ շատ եմ կարոտելու կյանքիս էս շրջանը։ 

Yellowheart, ինչպե՞ս ես ընտրել բեմական անունդ, ի՞նչ է այն խորհրդանշում ու չես կարծո՞ւմ, որ ավելի ուշ, երբ շատ հայտնի դառնաս գուցե արդեն ցանկանալ անուն ազգանունով ներկայանալ:

 

Բեմական անունս ինքն ա ինձ ընտրել)) Ինձ ճանաչողներն ասում են, որ ինձնից ու ժպիտիցս դեղին էներգիա, լույս ա գալիս։ Ես էլ սիրում եմ դեղինը, զգում եմ, որ իմ գույնն ա։ Իսկ yellowheart/Դեղին Սիրտ անունը եղբայրս ա «կնքել»։ Եղբորս դերն իմ երաժշտական կյանքում ու ընդհանրապես իմ ճանապարհի ընթացքում անսահման մեծ ա եղել։ Ինչքան էլ որ երաժշտությամբ ու կիթառով դեռ փոքր ժամանակից հետաքրքրված եմ եղել (վիդեոներ ու նկարներ կան, որտեղ կիթառով եմ, երգում եմ, առաջին լուրջ կիթառի խաղալիքս էլ քեռիս ա նվիրել), մեկ է, իմ երաժշտական սկզբնական ճաշակը ես վերցրել եմ եղբորիցս։ Պարզ հիշում եմ, թե ոնց էր ինձ ցույց տալիս 16 տարեկան Ջասթին Բիբեռի առաջին ելույթը, ոնց էր Keane, Avril Lavigne, Jonas Brothers լսում, երբ շատ փոքր էի։ Ես նույնիսկ վերջնական որոշել եմ «կիթառի գնալ», որովհետև եղբորս նվիրել էին գործիք ու ինքը չէր հասցրել սովորել /թինեյջերական փոփ-ռոք ժամանակներ էին/։ Մի խոսքով՝ մինչև իմ գիտակցական տարիքը երաժշտության մասին գրեթե ամեն ինչ եղբորիցս եմ սովորել, չնայած որ մասնագիտությամբ երաժիշտ չի։ Երբ մեծացա ու սկսեցի ինքնուրույն բացահայտել ամեն ինչ ու ստեղծագործել, եղբայրս որոշեց որ ինձ պիտի յելոհարթ ասի։ Երևի որովհետև դեղին, ոսկե սիրտ ունեմ)) Իսկ հետագայում փոխելու կամ փոշմանելու մասին նույնիսկ չեմ մտածել, որովհետև էս անունն իմ մասին ա, իմն ա, ու շատ կարևոր ա։ Միտք ունեմ արտասահմանում էլ փորձել կարիերաս ու կարծում եմ՝ շատ հարմար անուն ա։ Իսկ որպես Լիլի Առաքելյան՝ յութուբյան վլոգ ունեմ, կարող եք դիտել )))

Որտե՞ղ ես ծնվել, ովքեր են մասնագիտությամբ ծնողներդ, կպատմե՞ս համառոտ այն, ինչ կցանկանաս որ մենք իմանանք քո մասին:

Ծնվել եմ Երևանում, մամաս անգլերենի ու հոգելեզվաբանության դասախոս ա։ Չկա մեկը, ով մայրիկիս չնկարագրի հրեշտակ բառով)) Հայրս հիմնականում մենեջմենթով ա զբաղվել, նրանից ամենաշատը անսահման բարի լինել եմ սովորել։ Հասարակ ընտանիք ենք, միշտ սիրել ենք դրականի մասին խոսել ու դրականություն տարածել... Եղբորս մասնագիտություններից դժվար կխոսեմ՝ շատ են )) Հաղորդավար, բանասեր-հեղինակ, դասախոս, վերջերս էլ IT աշխարհ է մտել... Բայց ամենաշատը սիրում եմ պոետ Համլետին, երևի գրելն էլ եմ իրենից սկսել սիրել.. Իրենց դերը մեծ ա, ես մեր տան ու մեր մեծ ընտանիքի փոքրն եմ, բայց ընտանիքումս բոլորը մի արվեստի գործ են, բոլորից մի բան սովորել եմ ու կարող եմ հավերժ խոսել ամեն մեկից և ամենակարևորն էն ա, որ մենք հասարակ ենք... Ուղղակի սիրում ենք զբաղվել մեր սիրած գործով։ Իսկ ես ուղիս սկսել եմ կիթառով, շարունակել եմ երգով, կիթառի դասեր տալով, music production-ով (հայերեն՝ գործիքավորում) զբաղվելով, երգեր գրելով։ Նաև շատ վաղուց վլոգինգով եմ զբաղվում ու սկզբնական լսարանս հենց դրա շնորհիվ եմ ձեռք բերել։

 

Ի՞նքդ ես գրում երգերդ, ովքեր են քեզ օգնում, որտեղ ես ձայնագրվում, թե ինչպես Բիլլի Էյլիշը պարզապես սկսել ես ննջասենյակումդ ոչ պրոֆեսիոնալ ձայնագրումներից:

Երգերս ինքս եմ գրում՝ միշտ... Երբեք բառը չեմ սիրում, բայց երբեք չեմ հասկանա indie/singer-songwriter արտիստի, ով ինքը չի գրում իր երգերը... Ինձ համար երգ գրելը պատմությունով կիսվելն ա, ոնց կարաս չունենաս պատմություն, չկարողանաս գրել, բա էլ իմաստը ո՞րն ա երգահան լինելու ու ալտերնատիվ երաժշտությամբ զբաղվելու...
 Իմ երաժշտական կրթությունը դասական ա եղել, սկսել եմ դասական կիթառից, հետո քիչ-քիչ հետաքրքրվել եմ ակուստիկ կիթառով՝ փոփ, ինդի երաժշտությամբ։ Երևանում սովորել եմ երաժշտական քոլեջում ու վերջին տարիներում հասկացել եմ, որ ինձ հետաքրքիր ա մյուզիք փրոդաքշն ասվածը։ Յութուբով ու փորձելով եմ սովորել, լրիվ ինքնուս եմ եղել։ Սկսել եմ երգերս ոչ միայն նվագել, այլ կարողանալ լավ կամ վատ հավաքել, գործիքավորել։ Ու այո, սկսել եմ հենց ննջասենյակումս)) Հիշում եմ, որ լափթոփիս միկրոֆոնով էի սկզբում ձայնագրում ինձ, հետո վերցնում էի հայտնի երգ ու փորձում նույն ձև հավաքել, պարապել..քիչ-քիչ աշխատել եմ ու հավաքել եմ գումար, որ պետք եղած մինիմալ տեխնիկան գնեմ։ Ինչ-որ ժամանակ հետո ընկերներիս հետ փոքրիկ սենյակ վարձեցինք՝ անունը դրեցինք ստուդիա)) Մի տարի միասին աշխատեցինք, դրանից հետո իմ անձնական ստուդիան ունեցա ու վերջին երգերս հենց էնտեղ էլ գրել եմ։

Որքան ներդրում է հարկավոր այսօր, եթե երիտասարդ աղջիկը, ով ցանկանում է երգչուհի դառնալ, որոշում է երգ ձայնագրել, տեսահոլովակ նկարահանել: Դու արդեն զգո՞ւմ ես որ քո երաժշտության հանդեպ սերն այսօր ամեն դեպքում նաև բիզնես է ու ներդրումներ է պահանջում: 

Մի սկզբունք ունեմ՝ փորձում եմ ամեն ինչ իմ ուժերով անել, որքան որ հնարավոր ա... Էսքան ժամանակ բոլոր գործերիս համար բոլոր ծախսերս ինքս եմ հոգացել՝ իմ աշխատելու շնորհիվ, փորձել եմ ինքնուրույն անել ու իմ ռեսուրսները օգտագործել, կամ էլ բարի ու տաղանդավոր ընկերներս են օգնել) Վերջին շրջանում ԱՄՆ-ում ծանոթացել եմ music producer Լազարոյի հետ ու վերջին երգերիս հետ կապված ինչ-որ հարցերով իրեն եմ դիմում ու վստահում, ինքն էլ էնքան բարեսիրտ ա, որ չի մերժում!
 Իրականում ձևերը տարբեր են, կարող ես դիմել պրոֆեսիոնալին ու տալ շատ գումար, կարող ես դիմել ընկերներիդ ու հույս ունենալ, որ չեն մերժի, կամ կարող ես միջին մասնագետի դիմել ու միջին մի բան ստանալ... Համենայն դեպս չեմ կարծում, որ միտքը հասցնելու համար շատ մեծ գումար ա հարկավոր՝ մանավանդ սկզբի շրջանում, երբ նոր սկսում ես... Կարևորը ասելիք ունենաս ու սիրես գործդ, էդ դեպքում ամենափոքր ու ուղղակի ընկերական արած բանն էլ կսիրվի, իմ փորձից եմ ասում))

Քեզ ուղորդո՞ւմ են թե ինչ ոճի երգեր է պետք երգել հայտնի դառնալու, կամ ապագայում գուցե կոմերցիոն առումով հաջողված երգչուհի դառնալու համար:

Եթե անկեղծ, ես ինձ երգչուհի չեմ համարում, ես ինձ առաջին հերթին համարում եմ երաժիշտ-երգահան։ Գուցե արտիստ, գուցե ստեղծագործող, բայց ոչ հենց երգչուհի)) Ես մտածում եմ միայն այն մասին, որ կարողանամ մարդկանց կյանքում էնպիսի դեր խաղալ իմ արվեստով, ոնց իմ սիրելի արտիստներն են իմ կյանքի վրա ազդել.. Ուզում եմ, որ իմ փորձն ու պատմություններն օգնեն մարդկանց իրենց էմոցիաները հասկանալ։ Իսկ ոճի հետ կապված՝ ուղղակի գրում եմ էն, ինչ կամ։ Երբեք չեմ մտածել կոմերցիոն գործ անելու մասին ու իրականում խոստովանեմ, որ միշտ անգլերեն եմ գրել, բայց վերջին պատերազմից հետո շատ հետաքրքիր ու բնական ձևով սկսեցի հայերեն գրել... Ես ուրախ եմ, որ հայ երիտասարդներն ու մեծերն էլ կարողանում են լսել ալտերնատիվ երաժշտություն, որ հասկանում ու գնահատում են։ Ես հոգուս համար եմ հայերեն գրում, ուրիշ ոչ մի բանի, ու կարծում եմ դեռ կշարունակեմ մայրենիով գրել, որովհետև դեռ ունեմ երգեր։

Ինչպիսի՞նն են պլաններդ հենց այս տարի, դեպի ուր ես շարժվում ու ինչ ես կարծում, ինչքա՞ն կարող ես առաջ գնալ մաքուր, պարզ սիրո մասին աղջկական երգերով:

Իմ հայերեն երգերից դեռ թեթևներն եմ հրապարակել)) Ալբոմս լսելու դեպքում ինձ թվում ա «թեթև աղջկական» բնորոշումը կջնջվի ու կփոխվի) Երգերիս մեջ միշտ ենթատեքստ կա, եթե նույնիսկ թվում ա, որ թեթև սիրո մասին երգ ա՝ ամենայն հավանականությամբ դրա մասին չի) Ու ինձ հետաքրքիր ա հետևել, թե ամեն մեկը ոնց ա հասկանում երգերս։ Կապված ապագայի հետ՝ դեռ հայերեն երգերս եմ հրապարակելու, զուգահեռ փորձում եմ աշխատել ու կատարելագործվել անգլերեն songwriting-ում, որ սկսեմ կիսվել անգլերեն երգերովս արտասահմանյան շուկայի հետ։

 Կարծում եմ՝ ԱՄՆ-ի ուսանողութոյւնը լրիվ տարբերվում է մեզանից: Ինչպես ես գտնում այդ ոսկե միջինը՝ շփվելով ԱՄՆ-ի մենթալիտետով երիտասարդության, ու հետո մեր՝ ավելի կոնսերվատիվ հասարակության հետ: Որն է ավելի քոնը, կամ ավելի պարզ ասած՝ որտեղ ես Դու քեզ զգում ինչպես ձուկը ջրում:

Ես շատ եմ սիրում Երևանը, ամեն անկյունը։ Անկեղծ, ես հենց Երևանը՝ որպես քաղաք, շատ եմ սիրում։ Շատ էմոցիաներ եմ ապրել մեր քաղաքում, իմն ա մի տեսակ, իրոք ինձ ձուկը ջրում եմ զգում։ Բայց ցավոք մեր հասարակությունը երբեք չի ունենա էն ազատությունը, որը կա էստեղ։ Ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես հագի, ոչ մեկ ժամանակ չունի հասկանալու կամ մեկնաբանելու քեզ, իսկ էդ էնքան կարևոր ա ինքնաարտահայտվելու ու ինքդ քեզ գտնելու համար։ Միաժամանակ տպավորություն կա, թե ԱՄՆ-ում անընդհատ շարժ կա, աժիոտաժ, բայց իրականում ես չեմ սիրում էստեղի մարդկանց ու ուսանողության «հանգիստ, chill» վիճակը։ Մի տեսակ արհեստական ա էստեղ ինձ համար, կամ ռոբոտային, օֆիցիալ։ Գուցե նրանից ա, որ ես սովոր եմ ուրիշ միջավայրի, չգիտեմ։ Բայց էս ամենի հետ մեկ տեղ ինձ էստեղ շատ կարևոր հարցերում ավելի կոմֆորտ ա, քան Հայաստանում, թե մասնագիտական, թե կյանքի հարմարավետության... Մի խոսքով՝ դժվար ա էս տարիքում նոր կյանք ստեղծելը, երբ արդեն շատ բան հասցրել էիր ստեղծել քո քաղաքում, դրա համար դժվարանում եմ խոսել էս մասին, լավ ու վատ կողմերը հավասար են ինձ համար, կարելի ա ասել։ Պայքարը էմոցիայի ու գործի մեջ ա))

Ինձ թվու՞մ է, թե բոլոր 4 երգերդ որոնք կան ալիքում տխուր սիրո, կորցնելու, մենակության մասին են: 21 տարեկանում մի՞թե դեռ շուտ չի հիասթափվելու ու դրամաների համար:

Ինչի տարիքո՞վ ա որոշվում տխրելը)) ինձ թվում ա հենց 17-25 ն ա էն ժամանակը, երբ դու ամեն ինչ ապրում ու զգում ես, երբ մոտենում ես իրական կյանքին։ Ես շատ եմ հարցեր տալիս ու շատ եմ ամեն ինչի իմաստը փնտրում, դրա համար ընկերներիս ինձ հետ հեշտ չի։ Երբ կիսվում են հետս ես ավտոմատ կերպով սկսում եմ հարցեր տալ ու իրենցից շատ անհանգստանալ, մտածել։ Ես չեմ սիրում թեթև մտքեր, անիմաստ արարքներ.. Երևի շատ մտածելու ու խորանալու պատճառով եմ շատ էմոցիաներ ապրել ու դրանց հիման վրա երգեր գրել։ Դեռ իմ հայերեն ամենատխուր երգը չեք լսել, հետաքրքիր ա՝ ինչ կմտածեք)) Ի դեպ՝ երգ գրելը ինձ համար պատմություն պատմելն ա։ Զգացում, էմոցիա, վիճակ առաջացնելն ա, միտք հասցնելը։ Ես երգ ունեմ, որ կարող ա մի անգամից ավել չլսեք, որովհետև ինքը ավելի շատ ասելիք ա քան երգ, բայց էդ մի անգամը հերիք լինի ինչ-որ բան հասկանալու համար։

Ի՞նչ ֆորմատում կուզենայիր համերգ ունենալ հենց հիմա, ու ինչ ես կարծում արդեն կլցնե՞ս ակումբը կամ դահլիճը: Միգուցե արդեն ունեցել ես, ես պարզապես չգտա նման ինֆո:

Ես միշտ որպես կիթառահար-նվագակցող եմ ելույթ ունեցել, առանձին ու մենակ շատ քիչ եմ կանգնել, երգել ու նվագել, իսկ իմ հեղինակային գործերը ընդհանրապես հանդիսատեսի համար լայվ ֆորմատով չեմ կատարել։ Բայց շատ եմ ուզում, ու շատ ափսոսում եմ, որ հիմա Երևանում չեմ։ Եթե լինեի, հաստատ համերգ կունենայի ու այն կլիներ որևէ ակումբում՝ մաքսիմալ անմիջական ձևով։ Իսկ մարդկանց լցնելու հետ կապված, եթե հինգ անծանոթ մարդ էլ գա ինձ լսելու, ինձ համար արդեն լցված կլինի դահլիճը)

Որ հայ և միջազգային երաժիշտներն են քեզ վրա ազդեծություն ունեցել, ում ես դու հիմա լսում կամ այդտեղ՝ ԱՄՆ-ում ո՞ւմ համերգի տոմսը կգնես:

Շատ են՝ անկեղծ։ Կան արտիստներ, ում սովորաբար չեմ լսում, բայց իրենց անգամ մի երգը շատ բան ա փոխել իմ կյանքում։ Փորձեմ մի քանի անուն տալ ամեն դեպքում՝ Biig Piig, Dodie, Coldplay, Tom Misch, Billie Eilish, Passenger, Boombox, Shawn Mendes, Harry Styles, Ed Sheeran, ու լիքը ոչ շատ հայտնի ինդի դեմքեր։ Ինձ թվում ա նաև իմ դասական կրթությունն ու դասական լսել/նվագելն էլ ա ազդել ճաշակիս վրա։ Հայերից սիրում եմ Գարիկի փախած ու ոչ հայտնի երգերը, Մի քանի հոգի եմ լսում.. հներից Հախվերդյանը երգեր ունի, որ շատ եմ սիրում..

 

Ովքեր են այն աղջիկները, ում հետ Դուք ձայնագրել ես ՄԵՏՐՈՆ, ԷՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ երգերը, ՄԵՆՔ-ը դա առանձին խո՞ւմբ է, ոչինչ չեմ հասկանում: Նաև ուզում եմ հարցնել, այ ինչո՞ւ եք Դուք բոլորդ, այսինքն երիտասարդ երգչուհիները ՄԵՂՈՒ, ՅԵԼՈՀԱՐԹ, ՍՈՆԱՇԱՅՆ բեմական անուններով, կարծում ես դա Ձեր սերնդի առանձնահատկությո՞ւնն է նման բեմական անուններով հանդես գալը:

Ես իմ երաժշտական կարիերան սկսել եմ փոքրիկ EP-ով, որտեղ հայկական ժողովրդական երգերի իմ մշակումներն էին։ Հետո առաջին հեղինակային երգը եղել ա «Մետրո»-ն, որը գրել եմ տիկտոկեր Սոնայի հետ՝ հավեսի համար։ Ինսթագրամի սթորիներով մեր հետևորդների հետ զրուցելով ենք գրել, հետո մեր սթորիները մեծ արձագանք են ստացել ու որոշել ենք երգը թողարկել։ «ՄԵՆՔ» երգը գրել ենք «Էն աղջիկներով»։ Էդ երգը շատ թանկ ա ինձ համար, ու էն մարդիկ, ում հետ գրել ենք երգը՝ իրենք էլ են շատ թանկ ինձ համար։ «Էէէն աղջիկները» իմ, Բրյունետի ու Մեղուի խումբն ա եղել, կամ ավելի ճիշտ ա ասել՝ պրոյեկտը։ Մենք ընկերներ էինք ու հաճախ էինք նվագում իրար հետ, հետո ստուդիա վարձեցինք, սկսեցինք երգեր գրել, նվագել, իրար հետ զարգանալ ու մեծանալ, դրսում նվագել-գումար աշխատել, էդ գումարով տեխնիկա գնել, իվենթների նվագել, ձայնագրումներ անել... Ճիշտ ա, հետո որոշեցինք ամեն մեկս մեր առաձին կարիերան ունենանք, բայց էէէ՜ն աղջիկների միտքը միշտ կմնա կարծում եմ... Ով իմանա, գուցե էլի երգ թողարկենք միասին) Իսկ անունների հետ կապված, մի տեսակ, որ հարցը կարդացի իրոք տարօրինակ թվացին անունները, բայց հավատացեք ամեն անուն շատ նուրբ ա ընտրված ու մեծ պատմություն ունի, ձևի համար չի)

 

Ողջ աշխարհում քո տարիքի անձինք հիմա շատ են խոսում բոդիպոզիտիվից, էյջիզմից, կանանց/տղամարդկան իրավունքների հավասարությունից, ֆեմինիզմից, վեգան ապրելակերպից, կենդանիների պաշտպանությունից …այս ամենը ինչքանով է Քեզ հուզում ու ինչ թեմաներ ես դու կարևորում կյանքումդ, ինքդ ակտիվիստ ես արդյոք, եթե այո, ապա ի՞նչ շարժման:

Ես կարծում եմ, որ ամեն մարդ ունի իր ապրելու ձևն ընտրելու իրավունք։ Ամեն մարդ թող ապրի էնպես, ինչպես ուզում ա, եթե իհարկե իր արարքները չեն վնասում կողքինին։ Ոչ մեկ իրավունք չունի դատելու կողքինին, կամ կարծիք պարտադրելու... Հասարակության տափակ ստանդարտներն էլ տանել չեմ կարողանում) Ինչի՞ պետք ա ես ինչ-որ բան անելուց անհանգստանամ, թե ինչ ա մտածում կողքիս անծանոթ մեկը, կամ նույնիսկ ինձ հարազատ մեկը։ Էնքա՜ն լավ բաներ մարդիկ չեն անում, որ հանկարծ կարծիք կամ քննադատություն չստանան.. Երանի բոլորը հասկանային, որ էս կյանքը շատ կարճ ա ուրիշի կյանքով ապրելու համար, ու որ իրենց կարծիքը իրենցն ա, ոչ թե աշխարհինը... Չնայած էսպես ասում եմ, բայց մեր մեջ էնքան ավանդական բաներ կան «նստած», որ շատ դժվար ա փոխելը) Իսկ նշված երևույթներից մի բան կա, որ ամենածանրն եմ տանում... Ինձ համար կենդանու հանդեպ բռնությունը սարսափելի բան ա, եթե աչքիս առաջ տեսնեմ որ շուն են ծեծում՝ պատասխանատու չեմ լինի արարքներիս համար)) Մնացած հարցերում՝ երջանիկ ա պետք լինել, ոչ թե միշտ «ճիշտ»։

Էլի ես ու դու…երգը հիմա լսում են ամենուր, ունես արդյոք հրավերներ, համագործակցության առաջարկներ, միգուցե պարզապես սոցէջերում կտրուկ ավելացել են հետևորդնե՞րդ:

Հաաա՜, էնքան եմ վիդեոներ ստանում, որ Երևանի տարբեր անկյուններում իմ երգն ա լսվում, էնքան վիդեոներ են նկարում երգիս տակ, էնքա՜ն են գրում։ Շատ-շատ հաճելի ա ու ես շատ կուզեի, որ էս ընթացքում լինեի Երևանում ու հենց էդտեղ զգայի էս ամենը, ոչ թե վիդեոներով ու օնլայն)) բայց ամեն դեպքում կարծում եմ իմ ԱՄՆ-ում լինելն էս պահին մեծ դեր ունի իմ կարիերայում։ Շատ են հետաքրքրվողներն ու առաջարկները, փորձում եմ ըստ սկզբունքներիս ֆիլտրել, ու դե իհարկե շատացել են նաև հետևորդներս։

Ինչ է մեզ սպասվում մոտակա ամիսներին, ինչ անակնկալներ և որտեղ է ճիշտ հետևել Քեզ՝ նոր կոնտենտի համար:

 

Մոտակա ամիսներին Ձեզ սպասվում ա հեղինակային ալբոմ։ Ինչքան ուզում եմ հայերեն երգերս շուտ թողարկել անցնել անգլերեններից՝ չի ստացվում) Նոր երգեր եմ գրել, ու հետևաբար կլինեն նաև մի քանի սինգլներ ալբոմից հետո։ Ինձ կարող եք հետևել

իմ յութուբյան էջով, տիկտոկով կամ ինստագրամով - @yellowheart.lily էնտեղ եմ հիմնականում կիսվում նորություններով ու իմ կյանքով։ Շնորհակալ եմ ինձ հետևելու ու երգերս լսելու համար:

 

back-top