l

lifestyle

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

Երևանում կայացած հուշ-երեկոյի ընթացքում «Կաիսա» շախմատի դպրոցը պաշտոնապես անվանակոչվեց իր հիմնադրի՝ Տիգրան Նալբանդյանի անունով, իսկ ներկաները մեկ անգամ ևս արժևորեցին նրա անգնահատելի ներդրումը հայկական շախմատի զարգացման գործում։

  • Կամո Թովմասյան

Երևանում կայացավ շախմատի անվանի գործիչ, գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Տիգրան Նալբանդյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն՝ համախմբելով նրա ընտանիքի անդամներին, գործընկերներին, ընկերներին, աշակերտներին և շախմատային համայնքի ներկայացուցիչներին։ Միջոցառումը վերածվել էր ոչ միայն հիշատակի, այլև երախտագիտության ու մեծարման խորհրդանշական արարողության՝ նվիրված մի մարդու, որի կյանքն ու գործունեությունը տասնամյակներ շարունակ ձևավորել են հայկական շախմատի պատմությունը։

Երեկոյի գլխավոր իրադարձությունը «Կաիսա» շախմատի դպրոցին Տիգրան Նալբանդյանի անունը շնորհելու պաշտոնական արարողությունն էր։ Այսուհետ դպրոցը կկրի իր հիմնադրի անունը՝ շարունակելով նրա առաքելությունն ու պահպանելով այն արժեքները, որոնց շուրջ նա ձևավորել էր կրթական և մարզչական իր դպրոցը։ 

Տիգրան Նալբանդյանի մասին հնչեցին բազմաթիվ գնահատանքի խոսքեր։ Նրան հիշեցին որպես բացառիկ մանկավարժ, սկզբունքային մարզիչ, բարձրակարգ շախմատիստ և մարդկային բարձր արժանիքներ կրող անհատ։ Նրա սաներից շատերն այսօր հաջողություններ են գրանցում միջազգային հարթակներում՝ իրենց հաղթանակների հիմքում միշտ նշելով այն գիտելիքներն ու արժեքները, որոնք ստացել են հենց նրա շնորհիվ։ Նրա ներդրումը հայկական շախմատի զարգացման, նոր սերնդի կրթության և մարզչական դպրոցի ձևավորման գործում մասնակիցների կողմից գնահատվեց որպես բացառիկ և երկարատև ազդեցություն ունեցող ժառանգություն։

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց նաև «Կաիսա» շախմատի դպրոցի այն մարզիչներին, ովքեր եղել են դպրոցի ստեղծման ակունքներում և երկար տարիներ աշխատել Տիգրան Նալբանդյանի կողքին։ Նրանց հանձնվեցին պատվոգրեր և հուշանվերներ՝ տարիների նվիրումի, համատեղ աշխատանքի և ստեղծված ավանդույթները շարունակելու համար։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Տիգրան Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմը, որը ներկայացրեց նրա անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու այն անգնահատելի ներդրումը, որը նա թողել է հայկական շախմատի պատմության մեջ։

Հուշ-երեկոյի շրջանակում հայտարարվեց նաև Տիգրան Նալբանդյանի հիշատակին նվիրված Երկրորդ միջազգային սիրողական Open մրցաշարի անցկացման մասին, որը նպատակ ունի շարունակել նրա գաղափարներն ու խթանել շախմատի զարգացումը նոր սերնդի շրջանում։

Ծրագրի ամենահուզիչ և խորհրդանշական պահերից մեկն էլ միաժամանակյա խաղի սեանսն էր, որը վարեց միջազգային գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ Տիգրան Նալբանդյանի ամենահայտնի սաներից մեկը։ Այդ սեանսը դարձավ կենդանի վկայությունը, որ մեծ ուսուցչի թողած ժառանգությունը շարունակում է ապրել իր սաների հաջողությունների և նրանց փոխանցած արժեքների միջոցով։

Միջոցառման ավարտին ներկաները միաձայն ընդգծեցին, որ Տիգրան Նալբանդյանի անունը վաղուց արդեն միայն մեկ մարդու անուն չէ։ Այն դարձել է նվիրվածության, գիտելիքի, ազնվության և հաղթանակներ կերտող մարզչական դպրոցի խորհրդանիշ։ Նրա թողած ժառանգությունը շարունակելու է ոգեշնչել հայկական շախմատի նոր սերունդներին՝ հիշեցնելով, որ իսկական ուսուցիչները երբեք չեն հեռանում. նրանք ապրում են իրենց սաների հաղթանակներում և շարունակվող գործի մեջ։

BEST OF WEEK

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամենամյա Կանանց Բարեգործական Ընթրիքը

ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը

Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը

back-top