
Դժվար է հավատալ, բայց ուղիղ 20 տարի է անցել այն օրվանից, երբ ես՝ որպես սկսնակ լրագրող, Էլ Style ամսագրում ներկայացրեցի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանի առաջին հարցազրույցը հայկական մամուլում։ Որպես լրագրող՝ դա իմ կարիերայի ամենավառ պահերից մեկն էր, և ահա 20 տարի անց ես կրկին հարցազրույց եմ վերցնում արդեն բյութի աշխարհի լեգենդ Ֆրանսիս Քյուրքջյանից, այս անգամ՝ հենց Երևանում, Ազգային պատկերասրահում, որտեղ վերջերս տեղի ունեցավ Hermitage ընկերության բացառիկ երեկոն՝ նվիրված նրան։ Որպեսզի այս հարցազրույցն ավելի ամբողջական լինի, պետք է մի փոքր վերադառնամ 2000-ականներ։

2006 թվականն էր։ Հայաստանում ինտերնետը դեռ dial-up էր, անկախ լրագրողներս օգտվում էինք ժամավճարով ինտերնետ ակումբներից, և ես, Ամիրյան փողոցի փոքրիկ ակումբում նստած, փորձում էի կապ հաստատել Ֆրանսիս Քուրքջյանի հետ՝ նրան էլեկտրոնային նամակ գրելով։ Համաձայնությունը ստացվել էր, ուղարկվել էր նաև պրոֆեսիոնալ ֆոտոշարք տպագրության համար, իսկ ոլորտի մարդիկ շատ լավ գիտեն, թե այդ տարիներին որքան բարդ էր տպագրական նյութերի ստացումը։ Դեռ չկար Google Photos, նկարները ներբեռնում էինք ֆլոպի կրիչներով, ինչը մի քանի անգամ ավելի բարդացնում էր աշխատանքը։

Էլ Style ամսագրում տպագրվեց չորս էջանոց հարցազրույց մի պարֆյումերի հետ, ում Հայաստանում դեռ գրեթե ոչ ոք չէր ճանաչում, իսկ այսօր նա աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է։ Հարցազրույցի տպագրումից հետո Ֆրանսիսն առաջին անգամ այցելեց Հայաստան՝ ուղեկցելով Ժակ Շիրակին և լինելով նրա պատվիրակության կազմում։ Այդ ժամանակ էլ մենք առաջին անգամ հանդիպեցինք և քննարկեցինք արդեն տպագրված հարցազրույցը։

Ավելի ուշ պարֆյումերն ինձ հրավիրեց իր փարիզյան բուտիկ, որտեղ ես հայտնվեցի 2010 թվականին, իսկ 2012-ին Հայաստանում բացվեց Hermitage սրահը, որի պատվավոր հյուրը հենց Ֆրանսիս Քուրքջյանն էր։ 2016 թվականին հենց Հայաստանում տեղի ունեցավ արդեն այքոնիկ դարձած Baccarat Rouge բույրի շնորհանդեսը, որին անձամբ ներկա էր նաև Ֆրանսիսը։ Եվ հիմա՝ այդ բույրի շնորհանդեսից 10 տարի անց, Հայաստանի ազգային պատկերասրահում միջազգային բյութի ոլորտի ամենահայտնի դեմքերից մեկը կրկին հատուկ հյուր է՝ Hermitage ընկերության կողմից կազմակերպված բացառիկ միջոցառմանը։

20 տարի անց ես կրկին հարցազրույց եմ վերցնում Ֆրանսիս Քուրքջյանից, ով այսօր Maison Francis Kurkdjian-ի հիմնադիրն է, ինչպես նաև Dior-ի Perfume Creation Director-ն է: Իսկ ես էլ այլևս սկսնակ լրագրող չեմ և արդեն շատ ավելի վստահ եմ մեր այս հանդիպման ընթացքում։

— Ինձ համար մեծ պատիվ է կրկին ձեզ հանդիպել և հարցազրույց վերցնել։ Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք ինձ։
Շատ ուրախ եմ կրկին Երևանում լինելու համար։ Այստեղ չէի եղել արդեն 10 տարի։ Վերջին անգամ եկել էի 2016 թվականին, ուստի հիմա շատ հուզված ու ոգևորված եմ։ Ես տեսնում եմ այնքան շատ դրական փոփոխություններ։ Քաղաքը ավելի մաքուր է, քան երբևէ, կան բազմաթիվ նոր ռեստորաններ և սրճարաններ։
— Սա, թերևս, ձեր հինգերորդ այցն է հայրենիք։ Դուք հասցրե՞լ եք այստեղ ունենալ ձեր սիրելի անկյունները, վայրերը, գուցե փողոցները կամ թանգարանները։ Այսօր ի՞նչի հետ եք ասոցացնում Երևանը, Հայաստանը։
Ես զգում եմ դրական էներգիա։ Ես այնքան էլ լավ չեմ խոսում հայերեն, և նկատեցի, թե մարդիկ որքան վարժ են խոսում անգլերեն։ Դա հիանալի փոփոխություն է։ Հայաստանը իրականում իմ հայրենիքը չէ, քանի որ ես ծնվել և մեծացել եմ Փարիզում, ինչպես նաև մի քանի տարի ապրել եմ ԱՄՆ-ում։ Այդ պատճառով ես շատ եմ ցանկանում ավելի լավ ճանաչել Հայաստանը և նրա մշակույթը։

— Hermitage ընկերության հետ ձեր համագործակցությունն արդեն շուրջ 15 տարվա պատմություն ունի, իսկ 10 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ձեր Baccarat Rouge բույրի շնորհանդեսը։ Դուք միշտ շատ հետևողակա՞ն եք գործընկերների ընտրության հարցում և նախընտրում եք երկարաժամկետ համագործակցություններ։
Ժամանակը շատ կարևոր դեր ունի արհեստագործության և վարպետության աշխարհում։ Ես միշտ հավատացել եմ, որ իմաստալից համագործակցությունները ձևավորվում են ժամանակի ընթացքում։ Մենք միշտ շատ ուշադիր ենք եղել Հայաստանում, ինչպես նաև այն բոլոր երկրներում, որտեղ ներկայացված ենք, մեր գործընկերներին ընտրելիս։ Դա չափազանց կարևոր է, քանի որ նրանք դառնում են իմ ստեղծագործությունների իրական դեսպանները իրենց երկրներում, նրանք ներկայացնում են ինձ։ Երկարաժամկետ համագործակցությունները հնարավորություն են տալիս ավելի խորությամբ հասկանալ իմ աշխատանքը, ինչը, ի վերջո, հաճախորդների համար ստեղծում է ավելի անկեղծ և բարձրակարգ փորձառություն։
— Շատերը Baccarat Rouge-ը համարում են ձեր մինչ օրս ստեղծած լավագույն բույրը։ Իսկ դուք ինքներդ ո՞ր բույրը կնշեիք որպես ձեզ համար ամենանշանակալին։
Ստեղծագործության առումով ես երբեք հետ չեմ նայում։ Ես չեմ սիրում անցյալին վերադառնալ։ Ինձ համար լավագույնը դեռ առջևում է, որովհետև դա նշանակում է անընդհատ վերաիմաստավորել և վերաստեղծել ինքս ինձ։ Եվ քանի որ դուք հիշատակեցիք Rouge 540-ը, կան նաև բազմաթիվ այլ բույրեր, որոնք մեծ հաջողություն ունեն՝ Gentle Fluidity, Grand Soir, OUD Satin Mood… Կարող եմ նշել դեռ շատ ուրիշներ։

— Այսօր, երբ դուք ղեկավարում եք ձեր սեփական տունը՝ Maison Francis Kurkdjian-ը, և միաժամանակ հանդիսանում եք Perfume Creation Director Dior-ում, ինչպե՞ս եք կարողանում համատեղել այս երկու մեծ ստեղծագործական աշխարհները։
Երկու դեր միաժամանակ կրելը, իհարկե, մարտահրավեր է, բայց միևնույն ժամանակ՝ մեծ արտոնություն։ Նախ և առաջ, դա կազմակերպվածության հարց է։ Իմ օրակարգը շատ հստակ բաժանված է երկու Տների միջև։ Շաբաթվա օրերը ամբողջովին նվիրված են կամ մեկին, կամ մյուսին, և իմ երկու անձնական օգնականները հետևում են, որպեսզի այս ճշգրիտ ռիթմը պահպանվի։ Maison Francis Kurkdjian-ում ես արտահայտում եմ օծանելիքի արվեստի շատ անձնական, գրեթե ինտիմ տեսլականը՝ առաջարկելով բույրերի ժամանակակից ընկալում, որը հիմնված է ֆրանսիական բարձրակարգ օծանելիքագործության գերազանցության վրա։ Dior-ում իմ դերը տարբեր է․ այստեղ խոսքը Տան ժառանգությունը հարգելու, haute couture-ի ոգին բույրերի միջոցով փոխանցելու մասին է, որոնք արձագանք են գտնում ամբողջ աշխարհում։
Օծանելիք ստեղծելը նման է դերասանությանը։ Դու ստեղծագործում ես ուրիշների համար, խաղում ես նրանց սցենարով։ Երբ ստեղծում եմ մեկ այլ բրենդի համար, աշխատում եմ նրանց սեփական աշխարհի հետ՝ փոխանցելու նրանց յուրահատուկ զգացողությունները։ Իմ սեփական Տունը նույնպես ունի իր աշխարհը, և հենց այնտեղ կարող եմ լիովին արտահայտել ինքս ինձ, որովհետև Maison Francis Kurkdjian-ը առաջնորդվում է իմ ստեղծագործական տեսլականով։

— Ցավոք, ես չհասցրեցի ներկա լինել Expanded Drops ցուցահանդեսին․ այն շատ կարճ տևեց։ Գուցե ապագայում պլանավորո՞ւմ եք ավելի մեծ, մասշտաբային ցուցահանդես՝ նվիրված ձեր աշխատանքներին կամ ձեր ստեղծագործական աշխարհին։
«Perfume, Sculpture of the Invisible» ցուցահանդեսը կարևոր միջոց էր իմ ստեղծագործական տեսլականը տարածության մեջ փոխանցելու համար, և ես միշտ բաց եմ նոր ձևաչափեր ուսումնասիրելու գաղափարի նկատմամբ, որոնք մարդկանց հնարավորություն կտան բույրերն այլ կերպ զգալ ու ընկալել։ Երբ նշում էի իմ կարիերայի 30-ամյակը, զգացի, որ հենց ճիշտ ժամանակն էր այս նախագծի համար։ Սակայն ես հետադարձ հայացք չնետեցի իմ աշխատանքին նոստալգիայով։ Ավելի շուտ ցանկանում էի իմաստավորել անցած ճանապարհը, միացնել իմ աշխատանքի տարբեր արտահայտություններն ու շերտերը։ Գաղափարը դասական ռետրոսպեկտիվ ստեղծելը չէր, այլ ավելի ինտիմ մի բան բացահայտելը և աշխարհին բույրերի իմ տեսլականը փոխանցելը՝ այն անտեսանելի թելը, որն անցնում է իմ ամբողջ աշխատանքի միջով՝ թանգարաններում, օպերաներում և հանրային տարածքներում իրականացված օլֆակտիվ ինստալյացիաներից մինչև արվեստագետների հետ ստեղծագործական երկխոսությունները։ Ցուցահանդեսը շարունակելու է ճանապարհորդել, սակայն ես դրան չեմ մոտենում հստակ նախապես մշակված ծրագրով։ Ես նախընտրում եմ, որ ճիշտ միջավայրը, վայրը և համագործակիցները ուղղորդեն նախագիծը, որպեսզի ցուցահանդեսը զարգանա և փոխվի, այլ ոչ թե ամենուր մնա նույնը։
— Կուզեի ձեզ տալ մի քանի հարց, որոնց դուք պատասխանել էիք նաև 20 տարի առաջ։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կպատասխանեք դրանց այսօր, որովհետև տարիների ընթացքում բոլորիս հայացքներն ու ընկալումները փոխվում են։
Օծանելիք ընտրելը կարող է բարդ լինել, եթե այն քեզ համար ինքնարտահայտման միջոց է՝ բույրի միջոցով։ Այդ դեպքում ընտրությունը իսկապես կարևոր է դառնում։ Երբ ընտրում ես օծանելիք, կարող ես սիրահարվել առաջին իսկ ակնթարթից կամ ժամանակի կարիք ունենալ՝ «քոնը» գտնելու համար։ Հնարավոր է՝ նախընտրես տարբեր բույրեր կրել կամ ունենաս մեկ բույր ամբողջ կյանքի համար։ Ամենակարևորը զգացմունքն է և այն բույրը գտնելը, որն ամենից լավ արտացոլում է, թե դու ով ես տվյալ պահին։ Բույրի հետքը՝ կամ ֆրանսերեն ասած sillage-ը, ինձ համար օծանելիքի ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Օծանելիքը ստեղծվում է, որպեսզի այն կրվի․ այն կենդանանում է մաշկի վրա։ Պետք է մի քանի օր փորձել բույրը մաշկի վրա, մինչև հնարավոր լինի այն լիովին հասկանալ և զգալ։ Բույրը աքսեսուար է, որը լրացնում է քո կերպարը և հետևում է քո տրամադրությանը։

— Ձեր ստեղծած բույրերից կա՞ն այնպիսիք, որոնց սրվակի դիզայնը այսօր կցանկանայիք փոխել։
Ես հակված եմ յուրաքանչյուր օծանելիք ընկալել որպես ամբողջական ստեղծագործություն, որտեղ բույրն ու շիշը ի սկզբանե ստեղծվում են լիակատար ներդաշնակությամբ։ Ինձ համար դիզայնը պարզապես տարա չէ, այլ բույրի ինքնության և մտահղացման շարունակությունը։ Ժամանակի ընթացքում, իհարկե, իմ տեսանկյունը կարող է փոխվել, բայց ես հազվադեպ եմ զգում արդեն ստեղծվածը վերանայելու կամ փոփոխելու անհրաժեշտություն։ Ես նախընտրում եմ այդ զարգացումն ուղղորդել դեպի նոր նախագծեր, այլ ոչ թե վերաշարադրել անցյալը։
Maison Francis Kurkdjian-ի հիմնադրումից՝ 2009 թվականից ի վեր, շշերի դիզայնը ոգեշնչված է բյուրեղապակյա շշերից, որոնց անկյուններն այնպես են մշակված, որ լույսը խաղա յուրաքանչյուր բույրի հետ։ FK կրկնակի մոնոգրամը, շշի հատակի տակ ձուլված «Fabriqué en France» գրությունը և յուրահատուկ կափարիչները արտացոլում են ավանդույթի և արհեստագործության հանդեպ խոր նվիրումը։ Ես շատ գոհ եմ այս դիզայնից․ ցանկանում էի ստեղծել ժամանակից անկախ ձև, ոչ թե պարզապես նորաձև մի բան։

— Երբ տարիներ առաջ ես ձեզ հարցրեցի, թե որ երեք կանանց կցանկանայիք, որ կրեին ձեր բույրերը, դուք նշեցիք Սոֆիա Կոպոլային, Իզաբել Յուպերին և քանդակագործ Լուիզ Բուրժուային։ Իսկ այսօր ո՞ր երեք կանանց անունները կնշեիք։
Լսել եմ, որ Սոֆիա Կոպոլային դուր է գալիս À la Rose բույրը, որը ես ստեղծել եմ որպես կանացիությանը նվիրված օծանելիք՝ ոգեշնչված Մարի Անտուանետի խորհրդանշական դիմանկարով։ Իսկ Իզաբել Յուպերը սիրում է մեր Elixir շարքի օծանելիքները։ Նա իր պայուսակում միշտ տարբեր Elixir-ներ ունի։ Այսօր ես կառանձնացնեի Էմմա Սթոունին և Սքարլեթ Յոհանսոնին։

— Չեմ կարող չհարցնել ձեզ արհեստական բանականության մասին։ Որքանո՞վ է այն առնչվում պարֆյումերի աշխատանքին, և որքանո՞վ եք դուք բաց դրա զարգացման ու կիրառման հանդեպ։
Տեխնոլոգիաներն ինձ շատ են գրավում, որովհետև դրանք նոր հնարավորություններ են բացում՝ առաջ նայելու և ավելի հեռուն տեսնելու համար։ Արհեստական բանականությունը ազատում և օգնում է օծանելիքագործներին՝ բարդ առաջադրանքները շատ ավելի արագ և հեշտ իրականացնելու միջոցով։ Սակայն ես չեմ հավատում, որ արհեստական բանականությունը կարող է ստեղծել նոր ուղղություններ, որովհետև իսկական ստեղծագործությունը պահանջում է էմոցիոնալ մակարդակով ներդաշնակ և կապված լինել աշխարհի հետ։

— Հետաքրքիր է՝ ինչպես եք զգում եք Հայաստանի և հայ հասարակության կողմից ձեր հանդեպ հպարտությունն ու ջերմ վերաբերմունքը։ Չէ՞ որ մենք, որտեղ էլ լինենք, տեսնելով ձեր անունը կամ ձեր ստեղծած բույրերը, մեծ երախտագիտություն ու հպարտություն ենք ապրում։
Մեծ պատիվ ու օրհնություն եմ զգում՝ տեսնելով այդքան սեր և հետաքրքրություն իմ աշխատանքի ու ստեղծագործությունների հանդեպ։ Դա ինձ շատ է հուզում։ Դա ցույց է տալիս, որ օծանելիքը համամարդկային լեզու է, որը բոլորը կարող են հասկանալ և «խոսել»։
— Եվ վերջում՝ ամեն անգամ Հայաստան վերադառնալով, ի՞նչ եք տանում ձեզ հետ այստեղից՝ ձեզ համար կամ գուցե ձեր հարազատների համար։
Հուշանվերներ, հանդիպումներից հիշողություններ, համեր, փորձառություններ, ընկերություն… և նվերներ։ Իմ ամենասիրելի նվերը Նյու Յորքում հիմնված Hayeli բրենդից է․ ես ստացել եմ գեղեցիկ սև սվիտեր, որի վրա գրված է․ «Kiss me, I am an artist!»։

Նկարահանման վայր՝ Հայաստանի ազգային պատկերասրահ
Լուսանկարիչ՝ Արտաշես Մարտիրոսյան



20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով
Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»
«Արմենիա Վայն»-ը հյուրընկալեց «Մոնդիալ դե Բրյուսել»-ի շուրջ 450 հյուրերի
Parz Blour․ Դիլիջանում ձևավորվում է նոր կենսակերպի մշակույթ
100 ՇԻԿ հյուր՝ Կամոյի ՇԻԿ ծնունդին
EXCLUSIVE! Մանուկ Ալեքսանյանի ցուցադրությունը Visa Fashion Week Almaty 2026-ում
Նոր շուրջօրյա vibe Երևանում․ բացվել ա AMAZON Lounge Bar-ը
Ինչպես կազմակերպվեց «THE DEVIL WEARS PRADA-2» ֆիլմի նախադիտումը