
Ընկերսուհիս՝ Ֆաինան, վաղուց էր պատմել այս նոր վայրի մասին և նույնիսկ նշել, որ ցանկանում են ինձ հետ համագործակցել, բայց քանի որ սովորաբար քաղաքից դուրս նկարահանումներ չեմ իրականացնում, հրաժարվել էի։ Օրերս, Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում, արտերկրից ժամանած հյուրերին հրավիրել էին «Ահարոնյան դիստիլերիա», և ես ևս միացա նրանց։ Այնքան տպավորված էի և այնքան հավանեցի այս վայրը, որ հենց այցից հետո որոշեցի օգտվել առիթից ու կիսվել Ձեզ հետ։ Ցանկանում եմ ներկայացնել, թե ինչքան ճաշակով, յուրօրինակ և բարձրորակ նոր վայրեր են բացվում Հայաստանում՝ ընդամենը մի քանի րոպե ճանապարհ՝ Երևանից, հենց Աշտարակի սկզբում։ Ավելի կոնկրետ հասցե՝ Արագածոտնի մարզ, Աշտարակի համայնք, հողամաս 25:

Արամ և Լուսինե Ահարոնյաններն են՝ Aharonyan Distillery-ի հիմնադիրները։ Երեք տարի առաջ, նրանց ջանքերով, հայկական հողի սրտում՝ ծիրանի, խնձորի և դեղձի բազմամյա այգիների մեջ, ստեղծվեց այս յուրահատուկ դիստիլերիան։ Այն հիմնվեց Հայաստանի իսկական, մաքուր և կենդանի համը վերականգնելու երազանքի հիման վրա։ Այգիներն էին մեկնարկային կետը․ զորացվեցին նոր տնկած ծառերով, ձևավորվեցին landscaped այգիներ, և կառուցվեցին շենքեր՝ տեղական տուֆից՝ երկրի շունչը պահող քարով։ Ինտերիերը մշակվել է տաղանդավոր դիզայներների հետ համատեղ, որպեսզի յուրաքանչյուր սրահ և յուրաքանչյուր մանրուք փոխանցի նույն ջերմությունը, ինչ դիստիլերիայի ստեղծած ըմպելիքները։ Aharonyan Distillery-ն մի վայր է, որտեղ յուրաքանչյուր կաթիլ պատմում է ընտանիքի, հողի, վերադարձի և սիրով ստեղծած համի պատմությունը։

Ահարոնյան թորման գործարանը կառուցվել է խոր հարգանքով հայկական հողի, նրա հիշողության և բնական նյութերի նկատմամբ։ Շենքերը կառուցված են տուֆից՝ այն նույն տեղական քարից, որը դարեր շարունակ ձևավորել է հայկական եկեղեցիների ու տների տեսքը։ Տուֆը տարածքին հաղորդում է պատմության շունչ և ջերմ, ճանաչելի հյուսվածք։ Շրջակա այգիները ժամանակի կենդանի վկաներ են․ այստեղ տասնամյակներ շարունակ աճել են պտղատու ծառեր, և հիմնադիրները շարունակել են այդ գիծը՝ ավելացնելով նոր տնկարկներ և պահպանելով բնական ռելիեֆը։ Բնությունը այս վայրում պարզապես դեկոր չէ, այլ՝ կենտրոնական արժեք։ Դիստիլերիայի տարածքի յուրաքանչյուր կետից բացվում է Հայաստանը խորհրդանշող լեռների՝ Արարատի, Արագածի և Արալեռների հիասքանչ տեսարանը։

Երևանի կենտրոնից ընդամենը 18 կմ հեռավորության վրա, Աշտարակ տանող ճանապարհին, տարածված են շուրջ 10 հեկտար խնամված այգիներ և թորման գործարան, որտեղ համը ծնվում է հողից, արևից և բնական մրգերից։ Սա պարզապես արտադրամաս չէ, այլ մի տարածք, որտեղ բնությունը, լռությունը և լեռնային տեսարանները ձևավորում են եզակի մթնոլորտ։ Այստեղ ամեն ինչ իսկական է՝ մրգերը, օդը և այն տպավորությունները, որոնք այցելուն տանում է իր հետ։ Մեզ հրավիրել էին Ահարոնյան թորման գործարան՝ այնտեղ, որտեղ ծնվում է համը։

Շրջագայությունը տանում է այգիներով, թորման և արհեստավորական արտադրամասերով՝ հնարավորություն տալով մոտիկից տեսնելու, թե ինչպես են մրգերը վերածվում բարձրորակ ոգելից խմիչքների՝ իրենց բնական ճանապարհով՝ պտղից մինչև բաժակ։ Այցի ընթացքում հյուրերը հնարավորություն էին ստանում փորձելու խմիչքները հենց իրենց ստեղծման վայրում՝ այն ձևով, ինչպես համը առավել մաքուրն ու անկեղծն է։ Սա պարզապես համտես չէր. սա փորձառություն էր, որը կմնա մեզ հետ դեռ երկար։

Փորձեցինք նրանց eau-de-vie-ները, բրենդիներն ու կոկտեյլները, իսկ խոհանոցի մասին կպատմեմ փոքր-ինչ ուշ։ Պարզվեց՝ այստեղ գործում է հատուկ դեգուստացիոն տուր․ թեթև ծանոթացում թորման գործարանին, ֆիրմային ըմպելիքներ և մտածված խորտիկներ՝ ուղեկցված այգիներով և արտադրական հատվածներով շրջայցով։ Հիանալի տարբերակ է առաջին այցելության համար։

Առկա է նաև անհատական տուր, որտեղ այցելուն ինքն է ընտրում այցի ձևաչափը՝ խմիչքներից մինչև ճաշացանկ։ Արժեքները, եթե չեմ սխալվում, սկսվում են մոտ 4 500 դրամից, սակայն հղումը կթողնեմ ստորև, որպեսզի այցելությունից առաջ կարողանաք ճշտել մանրամասները, քանի որ այցի ընթացքում ուղղակի անհնար էր մտածել հոդված գրելու մասին և տեղում չքննարկեցի մանրամասները։ Այցը կարող եք ամրագրել այստեղ՝ (հղումը)։

Աշխատանքային օրերն են ամեն օր՝ 09.00-ից 18.00-ն: Թողնում եմ կայքի և սոցիալական էջերի հղումները, հեռախոսահամարը, կարծում եմ Ձեզ դուր կգա այս վայրը:
Արագածոտնի մարզ
Աշտարակի համայնք, հողամաս 25
+374 60 680 888

Կարծում եմ՝ Ահարոնյանները ստեղծել են բացառիկ ճաշակով հանգստի և հյուրասիրության վայր, որտեղ կարելի է կազմակերպել ամենահիշարժան միջոցառումները՝ ծննդյան տոնակատարություններից մինչև հարսանիքներ և այլ հատուկ իրադարձություններ։ Բայց այն նույնքան հարմար է նաև փոքր ընկերական շրջապատով այցելելու համար։

Արտերկրյա հյուրերի համար այցելությունը պարզապես ֆանտաստիկ փորձառություն էր․ նրանք բառացիորեն ապշած էին տեսածից ու զգացածից։ Ես ինձ խոստացել եմ հաջորդ տարի վերադառնալ այստեղ արդեն ավելի աշխատանքային այցով՝ ավելի մանրամասն և դետալային ներկայացնելու համար «Ահարոնյան դիստիլերիան»։ Մինչ այդ, կարող եք միանալ դիստիլերիայի հարթակներին, հետևել նրանց նորություններին, գնահատել նախաձեռնությունը և սպասել նաև իմ հաջորդ անդրադարձին։

Մի փոքր էլ «Live Chef»-ի մասին։ Դա դեգուստացիոն սեթ էր, որտեղ համադրված էին բազմատեսակ մսեր, երշիկներ և բանջարեղեն՝ ստեղծելով եզակի և հիշվող համային փորձառություն։ «Live Chef»-ը պարզապես ուտեստ չէ, այլ ամբողջական շոունման ներկայացում․ հյուրերը կարող են անմիջապես հետևել պատրաստման գործընթացին՝ վայելելով բույրերի, կրակի, տեսարանների և սպասարկման ներդաշնակությունը։ Այցի ընթացքում նրանք հետևեցին, թե ինչպես էին բաց գրիլի վրա պատրաստվում ժենգյալով հացը, տոլման և տարբեր բանջարեղեններ, իսկ դահլիճում մատուցվող ղափաման պարզապես հրաշալի տպավորություն թողեց հյուրերի վրա՝ դառնալով նրանց սիրելի ուտեստը։

Հետաքրքիր էր նաև համտեսի նկուղը։ Քարե պատերը պահպանում են զով և հանգիստ մթնոլորտը, կաղնե տակառները լցնում են օդը հնեցված ըմպելիքների խորը բույրով, մեծ փայտե սեղանները հրավիրում են հանգիստ զրույցի, իսկ դասական երաժշտությունը հաճելի ուղեկցություն է։ Սա այնպիսի փորձառություն է, որը չի կարող կրկնվել սովորական սենյակում։

Պատճառ՝ ընկերների հետ հավաքվելու այգիների ստվերում։ Պատճառ՝ քաղաքից փախչելու, կյանքը վայելելու՝ դանդաղ, բաժակը ձեռքին և սիրելի մարդկանց կողքին։

Այստեղ ամեն քայլը նման էր ֆիլմի կադրի՝ ծառեր, լռություն, բույրեր և ապշեցուցիչ տեսարաններ։ Մենք ինքներս կարծես դառնում էինք այս բնապատկերի մի մասը։






































