Ուղիղ 25 տարի առաջ Հայաստան ժամանեց Շերլին Լապիեր Սարգսյանը: 3 օր անցկացնելով մութ ու ցուրտ Երևանում՝ նա անսպասելի մեկնեց: Ի՞նչ էր փնտրում հոլիվուդյան աստղը հայրենիքում, և որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ նա մի օր նորից կգա Հայաստան

Շերն իր հոր՝ Ջոն Սարգսյանի հետ սկսել է շփվել միայն 11 տարեկանից, երբ Շերի մայրը՝ բրիտանուհի Ջորջիան հաշտվել էր ամուսնու հետ, որից բաժանվել էր, երբ Ջոնը խաղատանը մեծ գումար էր տանուլ տվել: Այդ տարիների ողջ ընթացքում Ջոնն իր ֆերմայում զբաղվում էր մեքենաշինությամբ: Երբ Շերը 14 տարեկան էր, նրա ծնողները կրկին բաժանվեցին, և հոր հետ Շերի հաջորդ հանդիպումը կայանում է միայն 25 տաիր անց՝ 1985-ին, երբ Ջոնը մահանալուց առաջ խնդրում է իր մոտ բերել սիրելի դստերը: Նա խնդրում է Շերին խոստանալ, որ կայցելի իրենց հայրենիք՝ Հայաստան, և կգտնի հարազատներին, որոնց կորցրել էր 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Շերը չէր կարող մերժել հորը, սակայն նա իր խոստումը կատարեց միայն 8 տարի անց՝ 1993-ին: Սա ամերիկյան PEOPLE հեղինակավոր ամսագրի վարկածն է, որի հատուկ թղթակից Սյուզան Չիվերն ուղեկցել է երգչուհուն Հայաստան: Շերի հետ Երևան էին ժամանել մոտ 2 տասնյակ լրագրողներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ, ինչպես նաև նրա մենեջեր Պոլետ Բեթսը և 28-ամյա ընկերը՝ Ռոբ Քամիլիեթին: Շերը Հայաստան էր եկել Անգլիայից, ուր մեկնել էր հանդիպելու իր 17-ամյա որդու՝ Էլաջային, որն այն ժամանակ սովորում էր բրիտանական լավագույն ուսումնական հաստատություններից մեկում: Հայաստանն այդ տարի ապրում էր իր ամենածանր ժամանակաշրջանը: Շերի երգերը հնչում էին միայն ռադիոյի, մասնավորապես «Ստերեո ստուդիայի» եթերով, իսկ տեսահոլովակները հազվադեպ ցուցադրվում էին Արմեն Ամիրյանի «Խճանկար» ծրագրում: Հայաստանում Շերին ճանաչում էին, սակայն որպես փոփ-աստղ նա մեզ մոտ սիրվեց իր 1997-ի Believe ալբոմից հետո, ուստի նրա այցն ավելի հետաքրքրեց արտասահմանյան մամուլին, որը մեկնաբանեց այցը՝ որպես երգչուհու հերթական բարեգործական ակցիա: Իր հետ Շերը բերել էր 45 տոննա օգնություն՝ դեղորայք, գրենական պիտույքներ և խաղալիք: Ժողովրդի շրջանում երգչուհու այցի հետ կապված ամենատարածված լուրն այն էր, որ Շերն օգնության հետ մեկտեղ բերել էր զենք՝ղարաբաղյան մարտերին աջակցելու համար: Այս վարկածը տարածվել էր պետական մարմիններից մեկի աշխատակցի այն արտահայտության պատճառով, թե երգչուհին իր հոգևոր մասնակցությունն է բերել նաև Արցախին: Հայկական մամուլը հետևում էր ոչ թե Շեր-երգչուհու և դերասանուհու, այլ Շեր-հայուհու այցին:

Հայկական կողմից քչերն էին մասնակցում այս իրադարձությանը: Նրանց թվում էր լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը: «Ֆոտոլուրի» թղթակիցը նշում է, որ Շերի այցը հենց առաջին վայրկյաններից վերածվեց բեմականացված ներկայացման, որին երգչուհին, կարծես, պատրաստվել էր վաղուց: Նրա յուրաքանչյուր բացականչությունը ձայնագրվում էր լրագրողների կողմից, իսկ ցանկացած շարժում հավերժացվում ռեժիսորների և նկարիչների կողմից, որոնք հավանաբար աստղի մասին ֆիլմ էին նկարում: Զվարթնոց օդանավակայան իջնելով՝ երգչուհին ասաց.«Աստվա´ծ իմ, որքան դուք՝ ամենքդ, նման եք ինձ…»: Հետաքրքիր է՝ ում նկատի ուներ 46-ամյա աստղը, որը պլաստիկ վիրահատությունների շնորհիվ հազիվ 30-ի տեսք ուներ: Շերը հանգրվանեց «Արմենիա» հյուրանոցում, որը, չնայած այն ժամանակ լավագույնն էր, բայց, միևնույն է, զուրկ էր կենցաղային հարմարություններից: Երևանում շրջելիս երգչուհին անընդհատ նկարվում էր կոտրած ծառերի հետ՝ կարծելով, թե դրանք պատերազմի հետքերն են՝ չհասկանալով՝ ինչու են բնակիչները կոտրատում դրանք այրելու և տաքանալու համար: Արդեն երեկոյան հյուրանոց վերադառնալով՝ նրա հարցերը պատասխան ստացան: PEOPLE-ը նշում է, որ Շերն իր մաշկը խնամում էր մոմի լույսի ներքո, քնում էր տաքացվող վերմակների մեջ և ամենուր հայտնվում էր բանդանայով կամ կովբոյի գլխարկով՝ թաքցնելով այդպես իր չխնամված մազերը, որոնք Երևանում այպես էլ մնացին անլվա տաք ջրի բացակայության պատճառով: Երևանի պետական համալսարանում հանդիպելով մոտ 1000 ուսանողների՝ Շերն անկեղծացել է. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչու եմ այստեղ, բայց ես ինչ-որ պատքի զգացում ունեմ, եթե եկել եմ»:

Համալսարանի ուսանողուհի Անահիտ Դավթյանը հիշում է, որ Շերին ուսանողներն այնքան էլ լավ չէին ճանաչում, սակայն նրանց տեղեկացրել էին ամերիկահայ երգչուհու այցի մասին և խնդրել էին դիմավորել հայրենակցուհուն ծափողջույններով: Ամենացնցող պահերից մեկը Շերի այցն էր մանկատուն, ուր երեխաները նրա համար հայկական երգեր և բանաստեղծություններ կատարեցին: Որպես շնորհակալություն՝ Շերը գրկեց յուրաքանչյուրին և նվիրեց հագուստ ու Բարբի տիկնիկ: Շերի հաջորդ քայլը հայկական ընտանիքներ հաճախելն էր, որի ժամանակ նրան ուղեկցել են միայն ամերիկացի լրագրողները: Երևանում, այցելելով Քերոբյանների ընտանիք, նա հյուրասիրվել է բրնձով, կարտոֆիլով, կաթով և տանտիրուհու՝ տիկին Ալվարդի հետ անկեղծ զրույցի է բռնվել: Տիկին Ալվարդը պատմել է, թե իր՝ 40-ն անց կնոջ համար ինչ դժվար է աշխատել այնքան, որ կարողանա հոգալ 18-ամյա որդու՝ Վահանի ուսման ծախսերը (ի պատասխան Շերը հավանաբար անկեղծացել է, թե իր՝ 40-ն անց կնոջ համար ինչ դժվար է 18 տարով երիտասարդ սիրեկան ունենալ): Նույն օրը Շերը կատարում է իր հեթական հայրենասիրական քայլը: Աղաբեկյանների ընտանիքում նա հանդիպում է փոքրիկ Քրիստինեին, որը ծննդյան օրից ի վեր մասնակի կաթվածահար էր: Ընտանիքի ընկերներից մեկը, մեկնելով ԱՄՆ, կարողացել էր հանձնել Շերին նամակ, որում Աղաբեկյանները խնդրում էին օգնել աղջկան՝ բուժվելու համար տեղափոխվել ԱՄՆ:
Դուրս գալով եկեղեցուց՝ Շերը հանդիպում է քանդակագործների, ովքեր խաչքար էին փորագրում: Մոտենալով վարպետներին՝ նա խնդրում է օգնել իրեն նույնպես փորագրել: Մխիթարն այս պահի հետ կապված հիշում է. «Այդ մի քանի րոպեները նման էին մի մեծ շոուի, որը բաց չթողեցին լուսանկարիչներն ու ռեժիսորները»: PEOLPE-ն այդ պահը լուսաբանել է ավելի պատկերավոր. «Շերի սև հագուստն ամբողջովին պատվել էր թեփով, երբ երգչուհին թափ տվեց այն և հայտարարեց. «Այս պահից ես սկսեցի զգալ հայրենիքս…»: Ցավոք, հայրենիքն զգալուն պես Շերը հավաքում էր իր ճամպրուկները, որտեղ գերակշռում էին կաշվե տաբատները և բաճկոնները. ի դեպ՝ այդ 3 օրերի ընթացքում նա երևում էր միայն դրանցով: Նա հայտնել էր, որ 7 օրվա փոխարեն Հայաստանում կմնա 5 օր, սակայն 3-րդ օրվա գիշերը երգչուհին անսպասելի մեկնում է: Ըստ PEOLPE-ի՝ հայրենիքի հետ հանդիպումը չափազանց էմոցիոնալ էր Շերի համար, և երգչուհին Հայաստանում չէր կարող անցկացնել ոչ մի օր այլևս: «Արմենիա» հյուրանոցի այն տարիների աշխատակիցներից մի քանիսը, ովքեր հերթապահել էին այդ գիշեր, վկայում են, որ երգչուհին ողջ գիշեր վիճել է իր ընկերոջ՝ Ռոբի հետ, որը նույնիսկ փորձել էր հեռանալ հյուրանոցից: Այն ժամանակ հյուրանոցի աշխատակազմն անգլերենով «զինված» չէր, սակայն, ըստ էության, 28-ամյա դերասանը, չդիմանալով հայաստանյան պայմաններին, փորձել է հեռանալ երկրից և Շերը միացել է նրան: 11 տարի անց հայուհին ստիպված է լինում վերհիշել ուղևորությունը: Իր հրաժեշտի շրջագայության սահմաններում 58-ամյա երգչուհին առաջին անգամ այցելում է Մոսկվա, 2004-ի հունիսին: Նրա մենեջերներն օդանավակայանում հավաքված լրագրողներին և լուսանկարիչներին զգուշացնում են, որ եթե երգչուհու թիկնապահները դուրս գան բութ մատը վերև պահած, ուրեմն կարելի է նկարել, ներքև պահած՝ նկարել խստիվ արգելվում է…

Լրագրողներից մեկն ուղղեց ամենահետաքրքիր հարցը. « Սիլվա Կապուտիկյանն իր գրքերից մեկում նշում է, որ երբ Կոլումբոսը մոտեցել է Ամերիկայի ափերին, նրա նավում եղել է 2 հայ: Ուրեմն ո՞վ է բացահայտել Ամերիկան»: Շերին այնքան է դուր եկել հարցը, որ երգչուհին թույլատրել է լրագրողին համբուրել իր ձեռքը: Ավելի ուշ, Ararat Park Hyatt-ում երգչուհին մասնակցել է իր պատվին կազմակերպված ճաշկերույթին, որին ներկա են եղել նաև Արա Աբրահամյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, UNIASTROM բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը և այլ անձինք: Արմեն Սմբատյանը հենց ճաշկերույթի ժամանակ հրավիրել է երգչուհուն ևս մեկ անգամ այցելել հայրենիք՝ խոստանալով, որ այս անգամ շրջագայությունն ավելի տպավորիչ կլինի նրա համար: Շերը խոստացել է մտածել առաջարկի մասին ու մոտ ապագայում ժամանակ գտնել Հայաստան այցելելու համար: Որպես նվեր՝ Շերին հնձնվել է իր պատկերով հայկական տարազ, հայկական գորգ և կոնյակ:

Մեկնումից առաջ՝ Կարմիր հրապարակում զբոսնելուց և գնումներ կատարելուց հետո, Շերը վերադարձել է ավտոբուս, որտեղ ակամա դարձել է «հնդկական ֆիլմի հերոսուհի»: Դեպի ավտոբուսն էր վազել մի տարեց տղամարդ և ցույց տալով զինվորական համազգեստով մի տղամարդու նկար՝ բղավել էր Շերի հոր անունը: Մանվել Սարգսյանի պնդմամբ՝ իր հայրը՝ Վարդանը և Շերի հայրը եղբայրներ են եղել: Երգչուհու հոր անունը եղել է Կարապետ, որն իր 2 եղբայրների հետ մեկնել է պատերազմ: Եղբայրները սպանվել են, իսկ Կարապետը, փախչելով Բուլղարիա, ավելի ուշ տեղափոխվել է Ամերիկա, որտեղ և դարձել է Ջոն Սարգսյան: Մանվելը պատրաստ էր նույնիսկ հանձնել արյան ԴՆԹ-ի թեսթ՝ հաստատելու համար իր արյունակցական կապը երգչուհու հետ: Շերը, չլսելով այս պարզաբանումները, մեկնել է՝ նշելով միայն. «Այս տղամարդն իրոք տվեց իմ հոր անունը»: Մանվել Սարգսյանը երգչուհու միակ «եղբայրը» չէ: Մեկ այլ հայ՝ Վարզադատ Սարգսյանը, որն ապրում է Երևանում, համոզված է, որ նա Շերի իսկական եղբայրն է: Հայկական մամուլում նա նշել է, որ Շերը Հայաստան կատարած այցի ժամանակ ցույց է տվել իր հոր լուսանկարը և փորձել է գտնել բարեկամներին: «Այն ժամանակ երգչուհու հետ կապ հաստատելու ոչ մի հնարավորություն չկար»,- ասել է Վարազդատը: Նրա պնդմամբ Ջոն Սարգսյանը մինչև Ամերիկայում հայտնվելը ապրել է Աբովյան քաղաքում: 40-ականներին նա մեկնել է պատերազմ ու անհետ կորել: «Ջոն Սարգսյանը իմ հայրն է, Թաղիանոս Սարգսյանը, որի մահվան մասին չնայած լուր էր ստացվել,սակայն ընտանիքի անդամները համոզված են եղել, որ նա ողջ է,-նշում է Վարազդատը և ավելացնում:- Ինձ ոչինչ պետք չէ, ուղղակի ցանկանում եմ հանդիպել քրոջս: Մեր հայրն աշուղ է եղել, ահա թե ինչու է Շերն այպես լավ երգում»:

Շերի « 2 եղբայրներն էլ» բացի լուսանկարից ոչ մի այլ ապացույց չեն կարողանում ներկայացնել, իսկ Շերն առանց այն էլ ոգևորված չէ եղբայրների հայտնաբերմամբ: Իր սկանդալներով, սիրային կապերով և տարօրինակ հագուստներով հայտնի հայուհին առանց այն էլ խնդիրներ շատ ունի: Այս տարի մայիսի 20-ին նա նշեց իր 60-ամյակը: Նախորդ ամիս Vanity Fair ամսագրի երեկոյին հայտնվելով Կարլ Լագերֆելդի հետ՝ նա նշել է, որ բացի իր ես-ից՝ այժմ իրեն ոչինչ չի հետաքրքրում:
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը