l

lifestyle

«ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՅԿՈ». ՀԱՅԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ

Հայկոյի ծննդյան օրն էր այսօր և «Ադանա Կոմպլեքսի» AURA բացօթյա հարթակում կայացավ տարվա ամենասպասված երաժշտական երեկոներից մեկը՝ «Սիմֆոնիկ Հայկո» համերգը։ Ամեն տարի սիրված երգչի ծննդյան օրը վերածվում է մասշտաբային հուշ-երեկոյի, ու այս տարին բացառություն չէր: 

  • Կամո Թովմասյան

Օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, «Ադանա Կոմպլեքսի» AURA բացօթյա հարթակում կայացավ տարվա ամենասպասված երաժշտական երեկոներից մեկը՝ «Սիմֆոնիկ Հայկո» համերգը։ Երեկոն նվիրված էր երգիչ, երգահան և կոմպոզիտոր Հայկո Հակոբյանին, ում երգերը տարիներ շարունակ եղել են հայկական փոփ երաժշտության ամենասիրված ստեղծագործությունների շարքում։ Այս անգամ դրանք հնչեցին սիմֆոնիկ նոր շնչով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգը կազմակերպել էին «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ադանա Կոմպլեքսը»։

Կազմակերպիչներն իմ ընկերներն են, և ես ամեն իմաստով նրանց կողքին եմ, բայց միևնույն ժամանակ անկեղծ եմ իմ հետևորդների հետ, ուստի չեմ կարող չխոսել նաև որոշ տեխնիկական և կազմակերպչական խնդիրների մասին, որոնք առկա էին երեկոյի ընթացքում։ Նախ՝ համերգային համալիրը բավականին հեռու էր։ Իհարկե, այն շքեղ էր, մեծ, հարմարավետ և նման մասշտաբի միջոցառման համար տպավորիչ տարածք ուներ, սակայն այնտեղ հասնելը բավական բարդ էր․ անձամբ ես մոտ մեկ ժամում մի կերպ հասա։ Ամենամեծ խնդիրներից մեկը ավտոկայանատեղին էր։ Մոտ 4000 հանդիսատեսի պայմաններում մեքենաների կայանումը լուրջ խնդիր էր դարձել, և շատերը հենց այդ պատճառով ուշանում էին համերգից։

Մեկ այլ անսպասելի խնդիր էին մոծակները․ դրանք իսկապես շատ էին։ Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ կազմակերպիչները նախապես մտածել էին նաև այդ մասին․ տարածքում հատուկ հակամոծակային միջոցներ էին տեղադրված, և բոլորս օգտվում էինք տրամադրված սփրեյներից։ Համերգի ընթացքում եղան նաև տեխնիկական խնդիրներ։ Միջոցառումը մի քանի անգամ ընդհատվեց, ինչը, բնականաբար, նման մասշտաբի և այդքան սպասված համերգի դեպքում հատկապես նկատելի էր։ Այնուամենայնիվ, բարեբախտաբար, այս խնդիրները չկարողացան ստվերել համերգի գլխավոր գաղափարը, Հայկոյի երաժշտությունը և այն առանձնահատուկ զգացմունքային մթնոլորտը, որը տիրում էր ամբողջ երեկոյի ընթացքում։

 

Բեմում երեկոյի ընթացքում միմյանց հաջորդեցին սիրված արտիստները՝ Սոնա Ռուբենյանը, Էրիկ Կարապետյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Ռոբերտո Կել Տորեսը, Սյուզաննա Մելքոնյանը, Սարո Գևորգյանը, Մաշա Մնջոյանը, Ներսես Ավետիսյանը, Սրբուհի Սարգսյանը, Անահիտ Շահբազյանը, Սոնա Սարգսյանը, Գոռ Սուջյանը, Խորեն Լևոնյանը և այլք։

Յուրաքանչյուր կատարող Հայկոյի երաժշտությունը ներկայացրեց իր ձայնով ու մեկնաբանությամբ, սակայն ամբողջ երեկոյի ընթացքում պահպանվում էր ամենակարևորը՝ Հայկոյի ստեղծած երաժշտության տրամադրությունն ու ճանաչելի ձեռագիրը։ Եվ հենց այստեղ էր համերգի ամենահուզիչ կողմերից մեկը. բեմում Հայկոն ֆիզիկապես չկար, բայց նրա ներկայությունը զգացվում էր գրեթե յուրաքանչյուր երգի, երաժշտական անցման ու հանդիսատեսի արձագանքի մեջ։

Համերգի առանձնահատուկ իրադարձությունը Հայկոյի՝ մինչ այժմ չհնչած «Արարատ» ստեղծագործության պրեմիերան էր։ Սա երեկոյին լրիվ այլ նշանակություն էր տալիս։ «Սիմֆոնիկ Հայկոն» միայն արդեն բոլորիս ծանոթ ու սիրելի երգերը կրկին լսելու հնարավորություն չէր. հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու նաև Հայկոյի ստեղծագործական ժառանգությունից մի գործ, որը մինչ այս չէր հնչել հանրության համար։ Պատահական չէր նաև երեկոյի «Արարատը սրտում» խորագիրը։ Բաց երկնքի տակ, Արարատի ուղղությամբ, Հայկոյի երաժշտությունն այդ երեկո ստացավ լրացուցիչ խորհրդանշական իմաստ։

Համերգին ներկա էին հազարավոր հանդիսատեսներ։ Տարբեր սերունդների մարդկանց միավորում էր նույն երաժշտությունը. մեկի համար Հայկոյի երգերը երիտասարդության հիշողություններ են, մյուսի համար՝ սիրո պատմություն, մեկ ուրիշի համար՝ պարզապես հայկական փոփի այն շրջանը, որը դժվար է պատկերացնել առանց Հայկոյի։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն լսում էր կատարումները, այլև երգում արտիստների հետ։ Շատ երգերի առաջին իսկ ակորդներից արդեն ամբողջ հարթակը ճանաչում էր երաժշտությունը։ Սա թերևս ամենալավ ապացույցն է, որ լավ երգերը հեղինակի կյանքով չեն սահմանափակվում։ Դրանք շարունակում են ապրել մարդկանց հիշողություններում, մեքենաներում, տներում, սիրո պատմություններում ու համերգային բեմերում։

Վարում էին Ավետ Բարսեղյանը և լուսինե Թովմասյանը: 

Հայկոյի երաժշտության առանձնահատկությունն այն է, որ այն շատ արագ դարձավ մարդկանց անձնական պատմությունների մի մասը։ Նրա երգերում միշտ եղել են պարզ, հասկանալի զգացմունքներ՝ սեր, բաժանում, կարոտ, սպասում։ Հենց դրա համար էլ տարիներ անց դրանք չեն կորցնում իրենց արդիականությունը։ «Սիմֆոնիկ Հայկո» համերգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը շարունակվում է ապրել՝ արդեն նոր ձևաչափերով, նոր գործիքավորմամբ և նոր կատարումներով։ Եվ գուցե նման համերգների ամենակարևոր իմաստը հենց սա է. ոչ թե պարզապես հիշել արտիստին, այլ շարունակել լսել նրա ստեղծած երաժշտությունը։

Օգոստոսի 25-ին Հայկոյի ծննդյան օրը նշվեց այնպես, ինչպես երևի ամենաճիշտն էր՝ նրա երաժշտությամբ։ Ու երբ հազարավոր մարդիկ միասին երգում են տարիներ առաջ գրված երգերը, հասկանում ես՝ արտիստը շարունակում է ապրել այնքան ժամանակ, քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը։ Հայկոն այդ երեկո կրկին բեմում էր՝ իր երգերով։

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՅԿՈ». ՀԱՅԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ

ԶՈՎՔ-ը շարունակում է ընդլայնվել․ Շենգավիթ վարչական շրջանում բացվեց ևս մեկ Շուրջօրյա մասնաճյուղ

Արդեն 8-րդը․ Shelby Travel-ը նոր մասնաճյուղ բացեց Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեում

White House-ը վերաբացվեց Պապ Թագավոր 24-ում՝ ավելի մեծ ու ընդլայնված ձևաչափով

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

back-top