Նրանք, ովքեր առավոտյան էին գնացել, կարելի է ասել՝ շահել էին։ Ճանապարհները դեռ հարմար էին, հողոտ չէր, և եղանակն էլ բավական հաճելի էր (եթե նկատեցիք)։ Սակայն արդեն երեկոյան համացանցում հայտնվեցին տասնյակ տեսանյութեր, որտեղ այցելուները կիսվում էին իրենց կարծիքներով․ մի մասը գովում էր, մյուս մասը՝ բողոքում։ Ինչպես արդեն նշել եմ, ես ընկերներիս հետ որոշեցի գնալ երեկոյան։ Մոտ 40 րոպեում հասանք Եղվարդ, բայց այն հատվածը, որտեղ տաքսիները կանգ էին առնում և մենք պետք է ոտքով մոտենայինք մուտքին, այսպես ասեմ՝ մոտ 3 կմ պետք է քայլեինք լրիվ մթության և ավազի միջով։ Մենք որոշեցինք հետ դառնալ, քանի որ պատրաստ չէինք նման փորձությանը։ Այնուամենայնիվ, ուզում եմ անկեղծ արտահայտել կարծիքս այս մասին։

Ես արդեն մոտ երկու տասնյակ փառատոններ եմ լուսաբանել և ներկայացրել ամբողջ աշխարհում։ Եվ հիմա, երբ եկել է ժամանակը հայաստանյան փառատոնները ներկայացնելու, չեմ ցանկանում չափազանց խիստ գնահատական տալ։ Կարծում եմ՝ կազմակերպիչները հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեն և կշտկեն թերությունները։ Պետք է նկատի ունենալ, որ նման մասշտաբի միջոցառում կազմակերպելը ահռելի դժվար գործ է, և ես ողջունում եմ բոլորին, ովքեր աշխատել են այս նախագծի իրականացման վրա։ Ես արձակուրդում եմ, ուստի, երբ կապ հաստատեցին ինձ հետ, սկզբում հրաժարվեցի այն լուսաբանել։ Սակայն տեսնելով այդ գեղեցիկ գույները, ինքնուրույն դիմեցի այնտեղ աշխատող լուսանկարիչ Անդրանիկին և խնդրեցի նրա ֆոտոշարքը տեղադրել կայքում։ Կարծում եմ՝ պետք է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեզ մոտ ևս կարող են կազմակերպվել նման հրաշալի փառատոններ։

Օգոստոսի 9-ին, Եղվարդում մեկնարկեց «ԱրևՕԴ» ամառային փառատոնը, որը շարունակվեց մինչ լուսաբաց: Այն միախմբեց տեղական և միջազգային երաժիշտների, արվեստագետների ու հազարավոր այցելուների՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ, որտեղ հանդիպեցին երաժշտությունը, արվեստը և ազատությունը։ Փառատոնի մի քանի ստեյջերում ելույթ ունեցան մի շարք հայտնի արտիստներ, այդ թվում՝ Meggi Gogitidze, YELLOWHEART, Reincarnation, Hogh, Socko, Katil Band, 3.33, D’Litte, Gor Sujyan, Arto Tunçboyaciyan, Jinj, The Triangulum և ուրիշներ։ Երեք բեմերի վրա հնչեց ամենատարբեր ոճերի երաժշտություն՝ էլեկտրոնայինից մինչև ռոք, ֆոլկ և ջազ, ապահովելով բազմազան փորձառություն յուրաքանչյուր հյուրի համար։

Բացի երաժշտական ծրագրից, փառատոնը հագեցած էր ինտերակտիվ արվեստային հարթակներով, ֆիլմերի ցուցադրություններով, վարպետաց դասերով, ֆլեշմոբերով և արվեստային ինստալյացիաներով։ Տեղում գործեցին ավելի քան 30 սննդի կետեր և բարեր, առաջարկելով ամառային թարմ ու յուրօրինակ համեր։ Ճիշտ է, պետք է անկեղծ ասել, որ հերթերը շատերին ստիպում էին հրաժարվել սննդից, իսկ արդեն երեկոյան ջուր անհնար էր գտնել: Հավանաբար կազմակերպիչները չէին նախատեսել այդքան մեծ հոսքը և կար նման տեխնիկական խնդիր: Հյուրերի հարմարավետության համար ապահովվել էր նաև անվճար shuttle ծառայություն (սահմանափակ տեղերով), որը կազմակերպված էր Երևանից դեպի փառատոնի վայր և հետ։ Ցավոք տրանսպորտը հաջորդ խնդիրն էր, տաքսիները կայանում էին բավական հեռու, որտեղից անհնար էր նույնիսկ հասնել մուտքի մոտ՝ հաշվի առնելով փոշին, քամին և մթությունը. սա հաջորդ մինուսն էր, որը հաջորդ փառատոնին կարծում եմ կուղղեն:

«ԱրևՕԴ»-ի գաղափարախոսությունն էր՝ Music. Art. Freedom.։ Այն դարձավ ամառային կարևոր մշակութային իրադարձություններից մեկը, որտեղ մարդիկ հավաքվեցին ոչ միայն երաժշտության համար, այլև՝ նոր ընկերություններ, ստեղծագործական ներշնչանք և անմոռանալի հիշողություններ ստեղծելու նպատակով։

























































