l

lifestyle

EXCLUSIVE! Աշոտ Գրիգորյանը Dolce & Gabbana-ի Alta Saltoria ցուցադրությանը

Քիչ առաջ Հռոմի պատմական Castel Sant’Angelo-ի կամրջի վրա կայացավ Dolce & Gabbana-ի բարձր նորաձեւության՝ Alta Saltoria հավաքածուի շքեղ ցուցադրությունը։ Եթե երեկ աշխարհի ուշադրությունը գրավեց կանանց հավաքածուն՝ որտեղ նաև հյուր էր Շերը, ապա այսօր ներկայացվեց տղամարդկանց նոր հավաքածուն։ Ուրախությամբ նշում եմ, որ այս բացառիկ միջոցառման մասնակիցներից էր նաև մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանը։ Ո՞վ է Աշոտը, և ինչպե՞ս նա հայտնվեց աշխարհահռչակ դիզայներների ցուցադրության քայլահարթակում՝ կարդացեք իմ էքսկլյուզիվ հարցազրույցում նրա հետ, որը անցկացրեցի հենց ցուցադրությունից առաջ։

  • Կամո Թովմասյան

 Alta Saltoria և Alta Moda ցուցադրությունները փակ միջոցառումներ են, որոնց մասնակցում են աշխարհի ամենահարուստ և նշանավոր անձիք՝ կինոաստղեր, արիստոկրատներ, մշակութային հեղինակություններ ու Dolce & Gabbana-ի VIP հաճախորդներ։ Alta Moda և Alta Saltoria շոուները տեղի են ունենում Իտալիայի խորհրդանշական ու պատմական վայրերում՝ Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում, Սիցիլիայի հնագույն ամրոցներում կամ Castel Sant’Angelo-ի կամրջին։ Alta Saltoria-ն ավելի շատ արվեստի թանգարանային ցուցադրություն է, քան պարզապես նորաձևության ցուցադրում։ Այս զգեստները չունեն հանրային գներ. դրանց արժեքը կարող է հասնել տասնյակ կամ հարյուր հազարավոր եվրոների և հաճախ վաճառվում են միայն ըստ անհատական պատվերի։

Անկեղծ ասած, զարմացա և, իհարկե, անչափ ուրախացա, երբ տեսա, որ ցուցադրության մոդելների շարքում է նաև մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանը։ Հապաղելով չկորցրի պահը՝ կապ հաստատեցի նրա հետ և հենց շոուից առաջ առաջարկեցի կազմակերպել օնլայն հարցազրույց։ Վստահ եմ՝ ձեզ բոլորիդ հետաքրքիր է իմանալ, թե ով է Աշոտը, ինչպես է նա հայտնվել լեգենդար Dolce & Gabbana-ի շոուի պոդիումին, և ևս ինչ պետք է իմանանք մեր հայրենակցի մասին՝ նրա հաջողություններով հպարտանալու համար։

INSTAGRAM / ASHOT.GRI

Աշոտ, ողջույն։ Առաջին անգամ եմ քեզ տեսնում ու իսկապես զարմացած եմ։ Որտե՞ղ ես ծնվել, քանի՞ տարեկան ես, և ինչպե՞ս հայտնվեցիր մոդելային աշխարհում։  

Ողջույն: Ծնվել եմ Վանաձորում՝ մի վայրում, որտեղ լեռներն ավելի մոտ են, քան մոդայի պոդիումները։ Մեծացել եմ Ֆրանսիայում՝ Սեն-Էտյենում, մի քաղաք, որը գտնվում է Լիոնի հարևանությամբ։ Դպրոցն ավարտել եմ այնտեղ։ Ի դեպ, օգոստոսի 3-ին կնշեմ իմ 24-ամյակը։ Մոդելային ասպարեզում ընդամենը կես տարի եմ, բայց ինձ համար թվում է, թե ամբողջ կյանքս նախապատրաստվում էի այս քայլերին։ Վերջին վեց տարիներին՝ դեռ ուսանողական տարիներից սկսած, Ինստագրամում հաճախ էին գրում տարբեր երկրներից մոդելային գործակալներ։ Հրավիրում էին՝ աշխատել իրենց հետ, բայց ես այդ շրջանում կենտրոնացած էի ուսման վրա։ Այս տարի ավարտեցի մագիստրատուրաս՝ վերջապես կարողանալով ժամանակ հատկացնել նորաձևության աշխարհի համար: Միևնույն ժամանակ, ես բռնցքամարտով եմ զբաղվում՝ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, բայց մեծ սիրով։ Բոքսի դաշտն էր ինձ ավելի հարազատ թվում. ուժ, կոնտրոլ, նպատակամղվածություն։ Մոդելային աշխարհը, ճիշտն ասած, թվում էր հեռու, նույնիսկ՝ մի քիչ անհասանելի։ Բայց ինչպես հաճախ է լինում կյանքում՝ ամենահավանական ճանապարհը սկսվում է մի փոքր կասկածով ու մեծ սիրով։ Որոշեցի պարզապես փորձել… և ահա՝ ինքս էլ մինչև հիմա ինձ երբեմն բռնում եմ այն մտքի վրա, որ քայլում եմ Dolce & Gabbana-ի Alta Moda հավաքածուի ցուցադրության ընթացքում։ 

Մի քանի բառով պատմիր՝ ինչպես անցավ շոուն «ներսից»։ Արդյոք սա քո առաջին համագործակցությու՞նն էր Dolce & Gabbana-ի հետ։ 

 Դե պատկերացնում եք, չէ՞, թե որքան դժվար էր այստեղ հայտնվելը։ Այն, ինչ տեսաք, պարզապես շոու չէր՝ դա իրական թատերական ներկայացում էր՝ բարձր նորաձևության լեզվով։  Քասթինգին մասնակցել են շուրջ երեք հազար տղամարդ մոդել, որոնցից ընտրվել է ընդամենը հարյուրը։ Եվ հենց այդ հարյուրի մեջ լինելը՝ արդեն իսկ մեծ ձեռքբերում է։  Ամբողջ գործընթացը երկար ու լուրջ էր։ Երեք անգամ մասնակցել եմ քասթինգի փուլերին, ունեցել ենք նախապատրաստական հանդիպումներ՝ մինչև վերջնական հաստատումը, որ ես լինելու եմ այսօրվա ցուցադրության մոդելներից մեկը։  Անկեղծ ասած՝ հենց սկզբից ինձ դուր եկավ այն կերպարը, որ ինձ վստահել էին։ Այն հագուստը, որ կրում էի՝ առաջին իսկ պահից իմն էր, ամբողջությամբ համապատասխանում էր իմ ներքին աշխարհին։ Քիչ անց արդեն կտեսնեք ինձ պոդիումի վրա՝ հենց այդ կերպարով։  Ի՞նչ ասել... անկեղծորեն հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ։ Սա, անկասկած, մի մեծ հաղթանակ է ինձ համար։

 

 Նկատեցի, որ աշխատում ես միջազգային մոդելային գործակալությունների հետ։ Ի՞նչ բրենդների հետ ես համագործակցել մինչև հիմա և ինչ պլաններ ունես առաջիկայում։ 

 Եվ գուցե սա զարմանալի հնչի, բայց մոդել դառնալու մասին երբեք անգամ չեմ էլ մտածել։ Այդ աշխարհն ինձ թվում էր հեռու և նույնիսկ մի փոքր անհասանելի։ Այս պահին արդեն ունեմ պայմանագրեր, որոնք կնքել եմ Միլանում, Համբուրգում և Լոնդոնում։ Գիտեմ նաև, որ հետաքրքրվածություն կա Նյու Յորքում, Փարիզում ու Լոս Անջելեսում գործող մոդելային գործակալությունների կողմից։ Եվ, անկեղծ ասած, հենց այսօրվա մասնակցությունս Dolce & Gabbana-ի շոուին կարող է շրջադարձային դեր խաղալ իմ ապագա կարիերայի համար։ Մինչ այժմ աշխատել եմ հիմնականում քիչ հայտնի, բայց սիրված եվրոպական բրենդերի հետ։ Դրանք կարևոր քայլեր էին իմ ճանապարհի սկզբում։ Բայց Dolce & Gabbana-ի հետ համագործակցությունն այլ մասշտաբ է։  Ի դեպ, հաճախ եմ լսել, որ ես հենց այն տիպաժն եմ, որը հետաքրքիր կարող է լինել Dolce & Gabbana-ին։ Ասում էին՝ իմ արտաքինն ու էներգետիկան համապատասխանում են նրանց տղամարդ մոդելների դիմագծին։  Երբ մոտ երկու շաբաթ առաջ իմացա, որ ընտրվել եմ մասնակցելու շոուին, չեք պատկերացնի՝ ինչ զգացում էր։ Կարծես ֆիլմից տեսարան լիներ՝ ֆանտաստիկ ժանրից։

Արդյո՞ք սա եղել է քո երազանքը, որին դու ձգտել ես:

  Անկեղծ ասած՝ երբեք չեմ երազել դառնալ մոդել։ Իմ տարերքը միշտ եղել է բոքսը։ Դա այն աշխարհն է, որտեղ ես ինձ ամբողջությամբ բնական եմ զգում։ Եվ ես դեռ հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ ավելի պրոֆեսիոնալ կերպ զբաղվել բռնցքամարտով։ Ըստ ինձ՝ հենց բոքսն է դարձել այն հիմքը, որի վրա հիմա փորձում եմ ներկայացնել ինձ նաև նորաձևության ոլորտում։ Բռնցքամարտը շատ բան է ինձ տվել՝ ինքնավստահություն, կարգապահություն, ճիշտ կազմվածք ու կեցվածք։ Այդ ամենը հիմա բնական կերպով արտահայտվում է նաև իմ մոդելային աշխատանքում։

Կայի՞ն արդյոք միջազգային հայտնի մոդելներ, ումից ոգեշնչվել ես ու երազել նրանց պես հայտնվել պոդիումին։ Օրինակ՝ Դևիդ Գենդի, Թայսոն Բալոու, Շոն Օփրայ։ 

Իրականում երբեք չեմ հետևել միջազգային մոդելներին կամ դիզայներներին։ Այդ աշխարհը ինձ համար հեռու ու անծանոթ էր։ Բայց մի մոդել կար, որին ես իսկապես ուշադրությամբ հետևում էի՝ ազգությամբ չեչեն Իսլամ Դուլատովը։ Նա նույնպես բռնցքամարտիկ էր, հետո սկսեց զբաղվել մոդելային կարիերայով։ Հենց նրա օրինակով էլ սկսեցի հետաքրքրվել այս ոլորտով և բացահայտել նորաձևության աշխարհը՝ իմ աչքերով։  Նրա պատմությունը մոտ էր ինձ, ու երևի հենց դա էլ ինձ ներշնչեց՝ փորձելու։

Ո՞ր ուղղությամբ ես շարժվում հիմա։ Որտե՞ղ ես քեզ տեսնում հինգ տարի անց։ 

Անկեղծ ասած՝ նույնիսկ չեմ պատկերացնում, թե հաջորդ ամսին որտեղ եմ լինելու։ Այս ոլորտում ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում՝ նոր աշխատանքային առաջարկ, նոր պայմանագիր, նոր նկարահանում։ Այդ պատճառով ես պետք է միշտ պատրաստ լինեմ՝ ֆիզիկապես և հոգեպես։ Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում թե՛ իմ արտաքինին, թե՛ մենթալ վիճակիս, որովհետև միայն ներդաշնակ ինքնազգացողությամբ կարող ես վստահ քայլել պոդիումի վրա։ Շատ կցանկանայի, որ մի օր Հայաստանը նույնպես մեծ քայլեր աներ նորաձևության ոլորտում։ Իսկ ինչո՞ւ ոչ՝ երազում եմ մի օր նաև հայկական բեմում քայլել՝ հենց իմ երկրում։ Բայց մինչ այդ, ես հպարտությամբ ներկայացնում եմ Հայաստանն աշխարհի առաջատար բրենդների շոուներում։ Դա մեծ պատասխանատվություն է, բայց միևնույն ժամանակ՝ անչափ մեծ պատիվ։

Հազարավոր հայեր այսօր հպարտությամբ հետևում են քեզ, իսկ Երևանում ապրող հարյուրավոր տղաներ երազում են մոդել դառնալ։ Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց։ 

 Եղեք անկեղծ՝ նախևառաջ ձեր անձի հանդեպ։ Մի փորձեք դառնալ այն մեկը, ով պարզապես ավելի հեշտ կընդունվի հասարակության կողմից։ Ոգեշնչվեք, վերցրեք լավագույնը շրջապատից, բայց երբեք մի կորցրեք ձեր ինքնությունը։ Հենց դա է ձեր իրական ուժը։ Միայն իսկական, ինքնատիպ անհատներն են նկատվում ու հասնում հաջողության։ Եվ մի բան էլ՝ զբաղվեք սպորտով։ Սպորտը միայն առողջ մարմնի մասին չէ։ Այն ձևավորում է ձեր մտավոր դիմակայությունը, տալիս է ինքնավստահություն, զարգացնում է կամքի ուժը։ Այն ձեզ դարձնում է ավելի ազատ՝ շփումներում, նոր ծանոթությունների, նույնիսկ աշխատավայրում։ Անկեղծորեն կարող եմ ասել՝ իմ հաջողության մեծ մասը հենց սպորտի շնորհիվ է։

Եվ վերջում՝ կա՞ մի բան, որի մասին ես չհարցրեցի, բայց կցանկանայիր կիսվել։

Իմ արտաքին տեսքը, բարձր հասակը և սպորտի հանդեպ սերն իրականում ժառանգել եմ պապիկիցս։ Նա միշտ կենդանի է իմ հուշերում՝ որպես ուժեղ, արժանապատիվ մարդ, ումից շատ բան եմ վերցրել։ Շատ շնորհակալ եմ նրան՝ ինձ փոխանցելու ոչ միայն իր արտաքինը, այլև իր աշխատասիրությունը, սպորտի հանդեպ ունեցած սերն ու վճռականությունը։ Այդ բոլոր հատկանիշներն ինձ այսօր բերել են նորաձևության աշխարհի կիզակետ։ Նրա օրինակն ինձ մոտիվացնում է ամեն օր՝ մնալ ուժեղ, հավատարիմ ինքս ինձ ու պատրաստ ամեն պահի առաջ գնալու՝ անկախ բեմից կամ պոդիումից։ 

Աշոտ, 30 րոպեից սկսվում է շոուն: Քեզ հաջողություն եմ մաղթում ու ինքս օնլայն պատրաստվում եմ հետևել շոուին ու կիսվել:

Շնորհակալություն, որ կիսվեցիր իմ պատմությամբ։ Ջերմ ողջույններ բոլոր հայերին։ Թող մեր Հայաստանում միշտ լինի խաղաղություն, և մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ, առանց սթրեսի ու տագնապի։ Մեր հայ ժողովուրդը, որտեղ էլ որ լինենք աշխարհում, պարտավոր է հպարտությամբ ներկայացնել իր հայրենիքը։ Ես էլ իմ փոքրիկ ներդրումն եմ բերում այդ մեծ գործին։

 

back-top