Որպես պրոդյուսեր և Հայաստանի Կինոռեժիսորների և Պրոդյուսերների գիլդիայի անդամ, իմ այցը Կաննի կինոփառատոն 2025-ին դարձավ փորձառություն, որը շատ ավելի խորն էր, քան պարզապես ֆիլմ դիտելն է։ Դու քայլում ես կարմիր գորգով, բայց միևնույն ժամանակ մասնակցում ես միջազգային կինոդաշտի կենդանի զրույցին՝ սուրճի սեղանի շուրջ, պրեմիերայից հետո փոքր երեկույթներում կամ մշակութային ցուցահանդեսներում։
Կաննը այն վայրն է, որտեղ դիզայնը, նորաձևությունը և կինոն հանդիպում են ամեն օր։ Այս տարվա իմ տեսքը համադրել էի զգեստներով, որոնք փոխանցում էին ներքին հանգստություն և նրբագեղություն, բայց երբեք ցույց չեին տալիս ավելորդ շքեղություն։ Այստեղ էլ հասկանում ես՝ ինքդ քեզ ներկայացնելը նույնքան արվեստ է, որքան ֆիլմ ստեղծելը։
Իսկ ֆիլմերը… այս տարվա line-up-ը պարզապես փայլում էր։ Ես մասնակից եղա մի քանի ազդեցիկ պրեմիերաներին՝
Wes Anderson-ի The Phoenician Scheme – գեղագիտական վայելք ամեն վայրկյան։ Անդերսոնը նորից ապացուցեց, որ իր ֆիլմերը պարզապես պատմություններ չեն, այլ ճարտարապետական կառույցներ են՝ կինոի լեզվով կառուցված։
Ari Aster-ի Eddington՝ Հոակին Ֆենիքսով և Էմմա Սթոունով։ Ֆիլմ, որ սահմանի մեջ էր իրականության ու մղձավանջի, փխրունության ու ուժի միջև։ Դու դուրս ես գալիս դահլիճից և դեռ երկար լուռ մնում ես, մտածելով տեսածիդ մասին։
Andrew Dominik-ի Bono: Stories of Surrender – դոկումենտալ ֆիլմ, որը սրտով էր ստեղծված։ Բոնոն՝ առանց դիմակի, առանց բեմի։ Մի ֆիլմ, որը ցուցադրում էր, որ իսկական փառքը սկսվում է խոցելիությունից։
???? Dominik Moll-ի Case 137 – մթնոլորտային, ճնշող, բայց նաև շատ հստակ ֆիլմ, որը հարց էր տալիս՝ արդյո՞ք ճշմարտությունը միշտ ազատագրող է։
Բայց Կաննը միայն ֆիլմեր չէ։ Դա նաև ստեղծագործ մարդկանց հանդիպելու վայր է։ Ինձ համար կարևոր էր շփվել պրոդյուսերների, ռեժիսորների, դերասանների հետ՝ տարբեր երկրներից, տարբեր մշակույթներից։ Մենք խոսում էինք կինոյի լեզվով, բայց յուրաքանչյուրի աչքում կար նույն բանը՝ սերը դեպի արվեստ։
Իմ Կաննը այս տարի ոչ թե պարզապես փառատոն էր, այլ՝ պատուհան դեպի աշխարհ։ Այն ինձ ավելի վստահ դարձրեց որպես կինոաշխարհի մասնակից, բայց նաև՝ որպես կին, ով ներկայացնում է իր երկիրը միջազգային ամենահեղինակավոր մշակութային հարթակներում։
Դիանա Դայան
Պրոդյուսեր, ստեղծագործական ռեժիսոր, Հայաստանի Կինոռեժիսորների և Պրոդյուսերների գիլդիայի անդամ: