l

lifestyle

OSAKA EXPO 2025! Ինչպե՞ս գնալ, ինչո՞ւ գնալ և ի՞նչ տեսնել այնտեղ

Հաշվի առնելով Ձեր բազմաթիվ հարցերն ու հետաքրքրությունը՝ որոշեցի կազմել ուղեցույց այս տարվա ամենասպասված և մասշտաբային իրադարձության՝ OSAKA EXPO 2025-ի վերաբերյալ։ Որպես մեկն առաջիններից, ով անձամբ այցելել է և մանրամասն ուսումնասիրել է էքսպոն, կիսվում եմ իմ փորձով ու տպավորություններով։ Դեպի Ճապոնիա ուղևորությունը ներկայացնում եմ իմ գործընկեր Evocabank-ի հետ միասին: 

  • Կամո Թովմասյան

Այս փոստի մեջ կպատմեմ OSAKA EXPO 2025-ի առանձնահատկությունների, կարևորագույն տաղավարների ու հետաքրքիր նորարարությունների մասին։ Իսկ եթե Դուք արդեն պլանավորում եք այցը՝ փոստի վերջում կգտնեք օգտակար լայֆհակեր ու խորհուրդներ, որոնք էականորեն կթեթևացնեն ձեր ճանապարհորդությունն ու այցի փորձառությունը։

OSAKA EXPO 2025-ը համաշխարհային ցուցահանդես է, որն անցկացվում է Ճապոնիայի Օսակա քաղաքում 2025 թվականի ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Էքսպոյի կարգախոսն է՝ “Designing Future Society for Our Lives” («Ապագայի հասարակություն՝ մեր կյանքի համար»), ինչը հստակ ցույց է տալիս, որ ուշադրության կենտրոնում են մարդակենտրոն նորարարությունները, տեխնոլոգիաները և կայուն զարգացումը։ Համաշխարհային ցուցահանդեսը (World Expo) միջոցառում է, որը կազմակերպվում է 5 տարին մեկ՝ տարբեր երկրներում, և ներկայացնում է նորարար գաղափարներ, մշակութային բազմազանություն և տեխնոլոգիական առաջընթաց։ OSAKA EXPO 2025-ը միավորում է ավելի քան 150 երկիր ու միջազգային կազմակերպություն՝ ստեղծելով համաշխարհային հարթակ համագործակցության ու ապագայի լուծումների համար։ Նախորդ Համաշխարհային ցուցահանդեսը տեղի էր ունեցել Դուբայում, եթե բաց եք թողել իմ ռեպորտաժը՝ դիտեք այստեղ:

Myaku-Myaku մասկոտը, որը ներկայացնում է էքսպոն, դարձել է մեծ ժողովրդականություն վայելող կերպար՝ ներգրավելով բազմաթիվ այցելուի ուշադրությունը։

Օսակա քաղաքը ընտրվել է՝ շնորհիվ իր արդյունաբերական ներուժի, տեխնոլոգիական կենտրոնացվածության և հարուստ մշակութային ժառանգության։ Սա նաև երկրորդ անգամն է, երբ Օսական հյուրընկալում է համաշխարհային էքսպո՝ առաջինը տեղի է ունեցել 1970 թվականին։ Էքսպոն անցկացվում է հատուկ այս նպատակով կառուցված արհեստական կղզու վրա՝ Յումեշիմա։ Կղզին դարձել է ապագայի քաղաքակրթության փորձադաշտ՝ հագեցած կանաչ տեխնոլոգիաներով, ինքնավար տրանսպորտով և ինտելեկտուալ կառավարման համակարգերով։ Յումեշիման ոչ միայն ճարտարապետական, այլև ինժեներական մեծ ձեռնարկ է, որն ապացուցում է Ճապոնիայի առաջատար դերը նորարարական քաղաքաշինության ոլորտում։ Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է՝ տեսնելու աշխարհի ապագան այսօր։ Եթե դուք հետաքրքրված եք տեխնոլոգիաներով, մշակույթով, ճարտարապետությամբ կամ պարզապես ուզում եք նոր փորձառություններ՝ OSAKA EXPO 2025-ը չեք ցանկանա բաց թողնել։

Նախ առցանց գնեք տոմսերը, այդպես ավելի հեշտ կլինի: Տոմսերը էլեկտրոնային են, բայց եթե դժվարանում եք առցանց գնել, հնարավոր է նաև գնել Ճապոնիայում գտնվող ճանապարհորդական գործակալություններից կամ որոշ հարմարավետ խանութներից։ Արժեքը՝ 1 000-ից 30 000 իեն (2 500-80 000 դրամ): Տոմսեր կարող եք գնել ԱՅՍՏԵՂՏոմս գնելուց հետո անհրաժեշտ է նախապես ամրագրել այցելության ամսաթիվն ու ժամը։ Սա կարելի է անել պաշտոնական կայքի միջոցով, դժվար չէ: Yumeshima Station մետրոյի կայարանը բացվել է 2025 թվականի հունվարի 19-ին և գտնվում է անմիջապես էքսպոյի Արևելյան մուտքի մոտ։ Օսակայի կենտրոնից (օրինակ՝ JR Osaka կամ Namba կայարաններից) կարելի է հասնել Yumeshima կայարան՝ մոտ 30–40 րոպեում՝ փոխելով գծերը Bentencho կամ Hommachi կայարաններում։ Գործում են ուղիղ շաթլ ավտոբուսներ դեպի էքսպոյի Արևմտյան մուտք։ Տաքսիները կարող են ուղիղ տեղափոխել ձեզ Yumeshima Transportation Terminal 1-ը, որը գտնվում է էքսպոյի Արևմտյան մուտքի մոտ։ Օսակայի կենտրոնից տաքսիով ճանապարհը տևում է մոտ 30–35 րոպե, իսկ արժեքը կազմում է մոտ 4,700–6,100 իեն՝ կախված մեկնարկային կետից։ Լրացուցիչ տեղեկությունների և ուղեցույցների համար կարող եք այցելել պաշտոնական կայք:

Էքսպոյի տարածքը բաց է ամեն օր՝ 09:00-ից մինչև 22:00։ Տաղավարները և մյուս հաստատությունները գործում են 09:00-ից մինչև 21:00։ Պաշտոնական խանութները բաց են մինչև 21:30։ Ընդհանուր տաղավարների քանակը՝ մոտ 188 և 5 տաղավար՝ կառուցված էքսպոյի կազմակերպիչների կողմից (Տիպ X)։ Տարբեր տաղավարներում գործում են ռեստորաններ, սննդի կետեր և բարեր, բայց Էքսպոյի տարածքում էլ գործում էին մի քանի սննդի հատվածներ՝ առաջարկելով տարբեր երկրների խոհանոցներ։ Եթե անկեղծ, այս անգամ սննդին ինչ-որ հատուկ ուշադրություն էր հատկացված և ամենուր բույրեր էին, բույրեր, բույեր: Ամեն դեպքում Ձեզ հետ ունեցեք կանխիկ գումար, որոշ վայրերում միայն կանխիկ էր վճարումը: 

Էքսպոյի խորհրդանիշն էր ճապոնացի ճարտարապետ Սոու Ֆուջիմոտոյի նախագծած Grand Ring կառույցը, որը ճանաչվել է որպես աշխարհի ամենամեծ փայտե ճարտարապետական կառույցը՝ ընդգրկելով 61,035.55 քմ տարածք։Այն կառուցված է ավանդական ճապոնական փայտամշակման տեխնիկայով՝ առանց մետաղական ամրացումների:

 

OSAKA EXPO 2025-ի այցելուների համար նախատեսված է հատուկ «Պաշտոնական դրոշմային անձնագիր» (Official Stamp Passport), որը հնարավորություն է տալիս հավաքել հուշադրոշմներ տարբեր տաղավարներից և վայրերից՝ ստեղծելով հիշարժան հավաքածու։ Այս անձնագիրը նախատեսված է այցելուների համար, ովքեր ցանկանում են հավաքել հատուկ դրոշմներ էքսպոյի ընթացքում։ Դրանք կարելի է ստանալ տարբեր տաղավարներում, ներառյալ՝ միջազգային, ներքին, ստորագրային տաղավարներում, ինչպես նաև «Ապագայի քաղաք» և «Ապագայի կյանքի գյուղ» հատվածներում։ 

Որոշ տաղավարներ կարող են պահանջել նախապես ամրագրում՝ դրոշմ ստանալու համար։ Բացի ֆիզիկական անձնագրից, էքսպոն առաջարկում է նաև թվային դրոշմային ծրագիր՝ համագործակցելով «Virtual Expo – YUMESHIMA ISLANDS IN THE SKY», «EXPO 2025 Digital Wallet» և «EXPO 2025 Personal Agent» հարթակների հետ։ Գնել այս անձնագրերը 1000 իենով կարող եք Էքսպոյի տարածքում գտնվող պաշտոնական խանութներից:

Ճապոնիայում անցկացվող «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ Կառավարությունը` էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ, ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարական տաղավարը։ Ներկայացնելով Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու նորարարական ներուժը՝ տաղավարում ցուցադրվում է, թե ինչպես է մեր երկիրը համադրում իր մշակութային ինքնությունն ու նորարարությունը կառուցելու համար հնարավորություններով լի ապագա։

Տաղավարը բաղկացած է ութ «սյուներից», որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է Հայաստանը ներկայացնող մի հիմնարար ուղղություն՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ և խաղաղությանն ուղղված հանձնառություն։ Տաղավարում ներկայացված են նաև մեգանախագծեր, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»: Տաղավարում արտացոլվում են նաև Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրն ու գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, որոնցից օգտվել են խոշոր միջազգային կազմակերպությունները՝ ընտրել Հայաստանը որպես բիզնես ուղղություն:

Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաև կրթական նորարարական նախաձեռնությունները՝ Թումո, ՔՈԱՖ, Արմաթ, ինչպես նաև՝ Հայաստանի տեսլականն ուսուցման և կրթության ապագի վերաբերյալ:

 Տարբեր ժամերի այցելության փորձը կարող է էականորեն տարբերվել՝ կախված մարդկանց հոսքից և տաղավարների հասանելիությունից։ Վաղ առավոտյան (08:30–10:00) առավել հանգիստ ժամանակահատված է՝ նվազագույն հերթերով։ Հարմար է տաղավարների և հիմնական ցուցադրությունների այցելության համար։ Խորհուրդ եմ տալիս մուտք գործել Արևմտյան դարպասով՝ 08:30-ից սկսած։ Կեսօրից հետո (14:00–16:00) հանգիստ ժամեր են՝ ճաշից հետո, երբ այցելուների հոսքը նվազում է։ Հարմար է հանգիստ զբոսանքի և տաղավարների ուսումնասիրության համար։ Երեկոյան (18:00-ից հետո) լուսավորության շքեղություն՝ տաղավարների և տարածքի գիշերային լուսավորությամբ։ 

Հնարավոր է որոշ տաղավարներում հերթերի կուտակումներ։ Հարմար է լուսանկարների և գիշերային մթնոլորտի սիրահարների համար։ Ապրիլից հունիս ամիսները համարվում են լավագույն ժամանակահատվածը՝ հաճելի եղանակի և նվազագույն մարդկանց հոսքի պատճառով։ 

Միանգամից առաջանում է հարց՝ քանի օր է պետք նախատեսել էքսպոյին լիարժեք մասնակցելու համար։ Մինիմալ այցելություն – 1 օր: Եթե Օսակայում եք կարճ ժամանակով, մեկօրյա այցը նույնպես կարող է արժե իր փորձառությունը: Կարող եք այցելել 5-7 կարևորագույն տաղավար՝ նախապես կազմված ցանկի համաձայն։ Լավագույն տարբերակ՝ 2–3 օր: Եթե ցանկանում եք ամբողջովին ներգրավվել էքսպոյի մեջ և ամեն ինչ տեսնել ու զգալ՝ առաջարկում եմ 4–6 օրվա այց։ Հասցնում եք ուսումնասիրել բոլոր գոտիները՝ «Ապագայի քաղաք», «Ապագայի գյուղ», ծովեզերք, բիզնես գոտի։ Կարող եք ներկա լինել ոլորտային կոնֆերանսների, պրեզենտացիաների։ Լավ տարբերակ է մասնագիտական խմբերի, հետազոտողների համար, փորձագետների, ակադեմիական կամ բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար:

Ինչպես հագնվել: Երբ ես այնտեղ էի՝ անձրև էր, բայց նաև լավ տոթ էր, հանգիստ կոշիկներ, շորտեր, շապիկ և գլխարկ:

Ես, իհարկե չեմ հասցրել լինել բոլոր տաղավարներում, բայց հետազոտելով բոլորը, առանձնացրել եմ լավագույնները: 

Ֆրանսիայի տաղավար
Ֆրանսիայի տաղավարը, որը կոչվում է «Բնության թատրոն», նախագծվել է Coldefy և Carlo Ratti Associati-ի կողմից։ Այն առաջարկում է սենսորային ճանապարհորդություն՝ ներկայացնելով Ֆրանսիայի էկոհամակարգերը և մարդու ու բնության միջև կապը։ Սա շաաաաատ, շատ գեղեցիկ տաղավար էր, հենց այստեղից էլ սկսեք:

Ճապոնիայի տաղավար
Ճապոնիայի տաղավարը, նախագծված Nikken Sekkei-ի կողմից, կենտրոնանում է «Կյանքի ցիկլեր» թեմայի վրա։ Այն ունի շրջանաձև կառուցվածք՝ պատրաստված տեղական փայտից, և ներկայացնում է ճապոնական մշակույթն ու էկոլոգիական ժառանգությունը։

 ԱՄՆ-ի տաղավար

ԱՄՆ-ի տաղավարը կենտրոնանում է արհեստական ինտելեկտի, բնության և տիեզերքի թեմաների վրա։ Այն առաջարկում է ինտերակտիվ ցուցադրություններ՝ ներկայացնելով երկրի տեխնոլոգիական առաջընթացը։

 Սաուդյան Արաբիայի տաղավար
Սաուդյան Արաբիայի տաղավարը համարվում է ամենաառաջատարներից մեկը՝ ներկայացնելով տեղեկատվություն և նորարարություններ։ Այն առաջարկում է բազմազան ցուցադրություններ՝ ընդգծելով երկրի մշակույթն ու տեխնոլոգիական զարգացումը։

 Իսպանիայի տաղավար
Իսպանիայի տաղավարը, հատկապես Կատալոնիայի շաբաթվա ընթացքում, ներկայացնում է կատալոնական արվեստը, երաժշտությունը, գաստրոնոմիան և տեխնոլոգիան։ Այն ընդգրկում է Ժոան Միրոյի ցուցադրություն, Սանտ Ժորդիի կոմիքսների արհեստական ինտելեկտով վերարտադրություն և կատալոնական ռումբա։

Cartier Women's Pavilion-ը, որը կենտրոնանում է կանանց դերի վրա հասարակությունում, ներկայացնում է գենդերային հավասարության և կայունության թեմաները՝ ընդգծելով կանանց դերը ժամանակակից աշխարհում։

 null² ստորագրային տաղավար

«null²» ստորագրային տաղավարը, որը նախագծվել է Յոիչի Օչիաիի կողմից, առաջարկում է ինտերակտիվ փորձառություն՝ համադրելով թվային և ֆիզիկական աշխարհները։ Այն ունի հայելային կառուցվածք, որը փոխվում է այցելուների շարժումներին համապատասխան։

GUNDAM Next Future տաղավար

Այս տաղավարը առաջարկում է անիմե և ռոբոտիկայի համադրություն՝ ներկայացնելով Gundam ֆրանշիզայի ապագան։ Այն ներառում է հապտիկ տեխնոլոգիայով հատակ և 16.7 մետր բարձրությամբ Gundam արձան։

 Pasona Natureverse տաղավար
Pasona Natureverse տաղավարը առաջարկում է ինտերակտիվ փորձառություն՝ համադրելով բնությունը և տեխնոլոգիան։

Մայիսի 31-ին էքսպոն գրանցեց օրական այցելությունների նոր ռեկորդ՝ 162,000 մարդ, ինչը գերազանցեց նախորդ ռեկորդը՝ 139,000 այցելու մայիսի 23-ին։ Այս ցուցանիշները զգալիորեն բարձր են՝ համեմատած բացման օրվա 124,339 այցելուների հետ։ Ի դեպ, բացման օրը՝ ապրիլի 13-ին, REDCLIFF Inc. ընկերությունը կազմակերպեց աշխարհում ամենամեծ օդային դրոն շոուն՝ օգտագործելով 2,500 դրոն, որոնք ստեղծեցին ծառի պատկեր երկնքում։ Այս շոուն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։

 

OSAKA EXPO 2025-ը ոչ միայն տեխնոլոգիական և մշակութային նորարարությունների հարթակ է, այլ նաև ռեկորդների ցուցահանդես, որը արժե այցելել՝ անձամբ տեսնելու այս բացառիկ ձեռքբերումները։

back-top