
Նախորդ տարի ARMENIAN MUSIC VIDEO AWARDS մրցանակաբաշխությունը երկար տարիների ընդմիջումից հետո կրկին վերադարձավ։ Իրականում այս նախաձեռնությունն ունի շուրջ 20 տարվա պատմություն, և հենց այս տարի այն նշում էր իր 20-ամյակը։
Քաղաքական, պատերազմական, քովիդային և մի շարք այլ պատճառներով մրցանակաբաշխությունը երկար ժամանակ ընդմիջման փուլում էր, սակայն այժմ արդեն երկրորդ տարին անընդմեջ այն անցկացվում է ԱՄՆ-ի ամենահայտնի կենտրոններից մեկում՝ Dolby Theatre-ում։ Ի դեպ, մասշտաբները լիարժեք պատկերացնելու համար նշեմ, որ այս տարի մրցանակաբաշխության անցկացման նպատակով Dolby Theatre-ը ամրագրված էր ամբողջ երկու օրով, որպեսզի շոուն լինի անթերի։

Ասեմ ավելին՝ արդեն իսկ կա պայմանավորվածություն հաջորդ տարվա մրցանակաբաշխության անցկացման օրվա վերաբերյալ, այն տեղի կունենա 2026 թ.-ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին։ Այո՛, ես, իհարկե, հրավիրված եմ միջոցառմանը, սակայն երկար ճանապարհները շատ ծանր եմ տանում և արդեն երկրորդ տարին է՝ չեմ կարողանում անձամբ ներկա գտնվել։ Փոխարենը, այս պահին՝ գիշերվա 03:00-ին, պատրաստում եմ այս ծավալուն ռեպորտաժը, քանի որ կարևորում եմ նման մասշտաբի ցանկացած նախաձեռնություն այս բարդ շրջանում։ Սա այն նախաձեռնություններից է, որը մեծարում է հայ արտիստներին, հայկական մշակույթը ներկայացնում է բարձր մակարդակով և, վերջիվերջո, կազմակերպիչներն իմ գործընկերներն են, որոնց հաջողությամբ ես պարզապես շտապում եմ կիսվել։

ARMENIAN MUSIC VIDEO AWARDS մրցանակաբաշխությունը ամեն տարի շնորհվում է հայկական երաժշտական տեսահոլովակներին՝ ամփոփելով դրանց դիտումները, մասսայականությունը, հիթային տարածումն ու ժողովրդական սերը։ Մրցանակաբաշխությունը ներառում է նաև հատուկ մրցանակների շարք, այդ թվում՝ Life Achievement Award-ը, որը նախորդ տարի շնորհվեց Ռուբեն Մաթևոսյանին։ Այս տարի Life Achievement Award անվանակարգի դափնեկիրը Էնդին էր։ Դափնեկիր...ինչ հին բառա չէ, մի տեսակ: Տրվում են նաև այլ հատուկ մրցանակներ, օրինակ՝ Արթուր Գրիգորյանի անվան մրցանակը, որը նախորդ տարի ստացել էր Նունե Եսայանը, իսկ այս տարի արժանացավ Ալլա Լևոնյանը։ Բացի այդ, հայ երգարվեստը միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու համար սահմանվել է ևս մեկ նոր մրցանակ՝ Շառլ Ազնավուրի անվան։ Շատ ուրախ եմ, որ այս անվանակարգում առաջին մրցանակը ստացել է իմ սիրելի Սյուզաննա Մելքոնյանը, ով իրապես արժանի է ցանկացած մրցանակի։

Մի փոքր շեղվենք պաշտոնական հատվածից և այն համեմենք փոքրիկ սկանդալով։ Համացանցում շրջանառվում է Լիլիթ Հովհաննիսյանի խոսքը այն մասին, որ նա ստացել է հատուկ մրցանակ կազմակերպչի կողմից, ով նախկինում վատաբանել է իրեն։ Որպես լրագրող, կապ հաստատեցի Արա Ղազարյանի հետ և առաջարկեցի նրա խոսքը ներառել իմ ռեպորտաժում։ Գիտեք ես շաաատ եմ սիրում Լիլիթին, շատ լավ հարաբերությունների մեջ եմ նաև Արայի հետ, ու մի տեսակ ես միշտ այն ընկերն եմ, ով կոմպանիայում փորձում է հարթել իրավիճակը: Ինչպես և սպասում էի, Արան դրական արձագանքեց հարցիս՝ նշելով, որ Լիլիթի և Վահրամի հետ իրենց կապում են երկար տարիների հիշողություններ, որոնք հնարավոր չէ մոռանալ կամ ջնջել։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Լիլիթի խոսքը վերաբերում էր «Օձի լեզու» նախագծի ընթացքում երգչուհու աշխատանքներին տրված գնահատականներին։ Սակայն ամենակարևորը, ըստ Արա Ղազարյանի, այն է, որ Լիլիթ Հովհաննիսյանն մրցանակաբաշխության բեմում էր, զարմացրեց բոլորին իր շքեղ ելույթով և այս պահին որևէ տարաձայնություն չկա՝ շրջանցելով շոու բիզնեսի չգրված օրենքները։

Հատուկ մրցանակ՝ հատուկ երգչուհու համար։ Ինչպես միշտ՝ տարբերվող, վառ և աշխատասեր։ Լիլիթի մրցանակը հանձնեցին կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը և դերասանուհի Լիլի Վարդանյանը։ Թեև այս տարի Լիլիթը նույնքան ակտիվ էր, ինչ միշտ, ինչ-որ բան ինձ հուշում է, որ հաջորդ տարի մենք Լիլիթից ականատեսը կդառնանք ավելի մասշտաբային նորության։

Վերադառնանք ավելի պաշտոնական կողմին, թեև գիտեմ՝ սկանդալներն ավելի մեծ հավեսա կարդալ: Ինչպես արդեն նշեցի, Ալլա Լևոնյանը արժանացավ Արթուր Գրիգորյանի անվան հատուկ մրցանակին։ Բացի այդ, սահմանվել էր ևս մեկ նոր անվանակարգ՝ Նադեժդա Սարգսյանի անվան մրցանակը, որը նպատակ ունի ներկայացնելու և խրախուսելու երիտասարդ սերնդի արտիստներին։ Այս մրցանակը շնորհվեց Մաշա Մնջոյանին։ Ի դեպ, Էմմին մրցանակաբաշխության բեմում կրում էր Նադեժդա Սարգսյանի բեմական հագուստը՝ ստեղծված Վլադիմիր Յուդաշկինի կողմից, որը տարիներ առաջ կրել է հենց նրա մայրը։ Ափսոս այդ կադրը չունեմ, բայց հետո կփորձեմ գտնել:
Գրում եմ, գրում եմ, բայց փաստորեն պետք է սկսեի ամենակարևորից։ Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են՝ պրոդյուսեր, հաղորդավար և լրագրող Արա Ղազարյանը, «Հորիզոն» հեռուստաընկերության CEO Մարգարիտա Պետրոսյանը, ինչպես նաև Novus Entertainment-ի հիմնադիր Դավիթ Ադամյանը։ Մրցանակաբաշխության առանձնահատուկ և գովելի կողմն այն է, որ, մեծարելով հայ մշակույթի գործիչներին՝ կոմպոզիտորներին, երգահաններին, հեղինակներին և կատարողներին, ARMENIAN MUSIC VIDEO AWARDS-ը միաժամանակ ընդգծում է նաև նոր սերնդի արտիստներին՝ ճանապարհ հարթելով և խրախուսելով երիտասարդներին։

Կցանկանամ կարևորել նաև բրոնզագույն արձանիկը, որը հանդիսանում է մրցանակը և ստեղծված է հայտնի քանդակագործ Ռաֆի Մուսախանյանի աշխատանքն է։

Տաթև Ասատրյանը արժանացավ միանգամից երկու մրցանակի։ Նա ճանաչվեց Տարվա արտիստ, ինչը, կարծում եմ, լիովին տեղին ընտրություն էր, իսկ նրա «Ծովի ալիքները» տեսահոլովակը ևս արժանացավ մրցանակի՝ արդեն որպես տեսահոլովակ։ Ի դեպ, չգիտեմ՝ արդյոք դեռ կարելի է սա բարձրաձայնել, թե ոչ, սակայն ապրիլի 11-ին, իմ տեղեկություններով, Տաթևը նախատեսում է մեծ մենահամերգ Լոս Անջելեսi Peacock Theater-ում։ Հավանաբար շուտով կներկայացվի պաշտոնական անոնսը, իսկ այժմ ես պարզապես ձեզ հետ կիսվում եմ ներքին ինֆոյով։ Տարվա արտիստ անվանակարգը ներկայացվում է մրցանակաբաշխության գործընկեր՝ ֆրանսիական Baccarat ընկերության կողմից, և մրցանակը ունի այլ, առանձնահատուկ ձևավորում։

Կարծես ներկայացրեցի հիմնականը։ Նշեմ նաև Meridian Production-ին, որը իրականացրել է ամբողջ նկարահանման գործընթացը, ինչպես նաև բեմի դիզայնը՝ մի խոսքով, ամեն ինչ: Իսկ բեմադրությունների ռեժիսորը Մհեր Բաղդասարյանն էր։ Մրցանակաբաշխության վիդեո տարբերակը կհայտնվի այս նույն փոստում, երբ այն պատրաստ կլինի:

ARMENIAN MUSIC VIDEO AWARDS 2025
Մրցանակներ ստացողներն ու հանձնողները
Էրիկ Կարապետյանին մրցանակը հանձնեցին Վիկտորիա Մարտիրոսյանը և դիմահարդար Աշխեն Կոստանդյանը։
Արմենչիկ / Քրիստինե Պեպելյան դուետին մրցանակը հանձնեցին դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները։
Մաշա Մնջոյանը արժանացավ Նադեժդա Սարգսյանի անվան հատուկ մրցանակին, որը հանձնեցին երգչուհի Էմմին, Մարջան Ավետիսյանը և Ռուզաննա Դոլչևիտան։
ԴիԼիթ և Արամե դուետին, ինչպես նաև Տաթև Ասատրյանի «Ծովի ալիքը» տեսահոլովակին մրցանակները հանձնեցին Մհեր Բաղդասարյանը և Անի Երանյանը։
Տիգրան Ասատրյանին մրցանակը հանձնեց դերասան Վարդգես Բարսեղյանը։
«Էթնո Քալրս» խմբին մրցանակը հանձնեց հաղորդավար Ստեփան Փարթամյանը։
Անդրեին մրցանակը հանձնեցին իրավաբան Մարիա Մելքոնյանը և ստենդափ կատակերգու Արման Անտիկ Մարգարյանը։
«Ռեինկառնացիա» նախագծին մրցանակը հանձնեցին «Էմփերադոր Լո Գրուպ»-ի իրավաբանները։
Արկադի Դումիկյանին և Արսեն Գրիգորյանին մրցանակը հանձնեցին դերասանուհի Գայանե Ավետիսյանը և դիզայներ Վոն Վեմյանը։

Սարգիս Եղիազարյանին մրցանակը հանձնեցին դերասանուհի Աննա Մանուչարյանը և իրավաբան Աննա Գրիգորյանը։
Ալլա Լևոնյանը արժանացավ Արթուր Գրիգորյանի անվան հատուկ մրցանակին, որը հանձնեցին Արա Ղազարյանը և Տաթևիկ Եկեզյանը։
Սյուզաննա Մելքոնյանը ստացավ Շառլ Ազնավուրի անվան հատուկ մրցանակը՝ Նազենի Հովհաննիսյանի և Ավետ Բարսեղյանի կողմից։
Նանուլին և Մարտա Կիրակոսյանին մրցանակ հանձնեց երգչուհի Էմմա Ասատրյանը։
Մարգարիտա Խլղաթյանին մրցանակը հանձնեց դերասանուհի Մերի Մակարյանը։
Արմեն / Հակոբին մրցանակը հանձնեց լրագրող Սոնա Աբրահամյանը։
Լեահ և Գասոյա դուետին մրցանակը հանձնեց ինֆլուենսեր Լուիզա Շահնուբարյանը։

Ռազմիկ Ամյանին և Սոֆի Մխեյանին մրցանակները հանձնեցին Ռաֆայել և Լիլիթ Քալաշյանները։
Մոնիկա Նազարյանին մրցանակը հանձնեցին պարուսույցներ Վարդան և Սոնա Գևորգյանները։
Օքսի Ավդալյանին մրցանակը հանձնեցին դերասանուհի Մերի Հակոբյանը և իրավաբան Արման Գրիգորյանը։
Էնդին արժանացավ մեծարման հատուկ մրցանակի, որը հանձնեցին մրցանակաբաշխության գլխավոր հովանավորները՝ բարերարներ Մայք և Էվելինա Սարյանները։
Լիլիթ Հովհաննիսյանին մրցանակը հանձնեցին կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը և դերասանուհի Լիլի Վարդանը։
Տարվա ռեժիսոր ճանաչվեց Արթուր Մանուկյանը, մրցանակը հանձնեց Արա Ղազարյանը։
Տարվա արտիստ ճանաչվեց Տաթև Ասատրյանը՝ ստանալով Baccarat ֆրանսիական բրենդի հատուկ բյուրեղապակյա աստղ մրցանակը, որը հանձնեցին ինֆլուենսեր Թինա Օջախյանը և Baccarat-ի ներկայացուցիչ, Venus Gifts-ի հիմնադիր Արա Աբրահամյանը։
ARMENIAN MUSIC VIDEO AWARDS 2025-ը ևս մեկ անգամ հաստատեց իր կարևոր դերը՝ որպես հարթակ, որտեղ մեծարվում են փորձն ու ավանդը, և միաժամանակ բացվում են ճանապարհներ նոր անունների համար։

հ.գ. Իհարկե, կարելի էր շատ հավեսով անցնել բոլոր հյուրերի լուքերի ներկայացմանը, դուք էլ կգնահատեիք, բայց եկեք տարեվերջին «օձի լեզու» չդառնանք և ընդունենք, որ ունենք այն, ինչ ունենք։
















































































