l

lifestyle

«Սիմֆոնիկ Հայկո»․ Իմ տպավորությունները Գառնիի համերգից

Օգոստոսի 31-ի երեկոն, վստահ եմ, շատերի կյանքում իր հետքը թողեց։ Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ մեր սիրելի Հայկոյին նվիրված «Սիմֆոնիկ Հայկո» բաց երկնքի տակ բացառիկ համերգը։ Տաճարի հնագույն պատերը կարծես կենդանանում էին, երբ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և սիրված արտիստները ներկայացնում էին Հայկոյի անմահ ստեղծագործությունները։

  • Նարեկ Արշակյան
  • Կամո Թովմասյան

Միջոցառումը կրում էր «Սիմֆոնիկ Հայկո» խորագիրը։ Այս բացառիկ համերգը ներկայացնում էր «Հայկո Հակոբյան Հիմնադրամ»-ը՝ Հայաստանի Հանրային Հեռուստատեսության, «Արմենիա» հեռուստաընկերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Դա պարզապես երաժշտական երեկո չէր, այլ հիշատակի ու սիրո խորհրդանշական արարողություն՝ նվիրված մի մարդու, որի երգերը հավերժ մեր սրտերում են։ Եթե ճիշտ եմ հիշում, սա նրանց արդեն երրորդ նախագիծն է ոգեշնչված երգիչ, կոմպոզիտոր Հայկո Հակոբյանի ստեղծագործություններով։ Մթնշաղը, լուսավորված բեմը և երաժշտության հզոր հնչյունները ստեղծում էին մթնոլորտ, որը բառերով գրեթե անհնար է ամբողջությամբ փոխանցել։ Իմ ինստագրամյան էջում պատմությունների շարքում պահպանված է այդ պահերի մի մասը։

 

 Ես ընտրել էի ամենամոտ նստատեղը, քանի որ Հայկոյի երաժշտության մեծ երկրպագու եմ դեռևս 90-ականներից։ Այդ տարիներին, երբ աշխատում էի Հայ FM ռադիոկայանում, նրա առաջին երգերն էի հեռարձակում եթերում։ Հասարակությունը բազմազան էր՝ երիտասարդներ, ընտանիքներ, արվեստասերներ։ Կարծում եմ՝ Հայկոն այն եզակի երգիչներից էր, ում երաժշտությունը միավորում էր բոլորին։ Այդ երեկո մենք բոլորս միացել էինք նույն հիշողության ու սրտի կանչի շուրջ։ Սիմֆոնիկ գործիքավորումը Հայկոյի երգերին տալիս էր նոր շունչ, դարձնում դրանք ավելի ընդգծված ու հզոր։ Ես ինձ զգում էի այնպես, կարծես Հայկոն ինքն այնտեղ էր՝ բեմի վրա, իր երգերով համախմբած բոլորիս։

 

 Բեմում էին Լիպարիտ Ավետիսյանը, Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Ներսես Ավետիսյանը, Բրյունետը, Մաշա Մնջոյանը, Կամո Սեյրանյանը և Սեդա Սեյրանյանը, Սրբուհի Սարգսյանը, Խորեն Լևոնյան, Ռոբերտո Կէլ Տոռռեսը, Սյուզաննա Մելքոնյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Սևակ Ավանեսյանը, Աննա Անդրեասովան,Դավիթ Թադևոսյանը: Հատկապես հիշվող էր Հայկոյի չթողարկված երգի կատարումը նվագախմբի ուղեկցմամբ, որտեղ հնչում էր երգչի ձայնը հենց դեմո տարբերակով: Բացառիկ համերգի ռեժիսորն էր Հրաչ Քեշիշյանը:

Երբ վերջին ակորդները հնչեցին, հանդիսատեսը դեռ երկար չէր շտապում հեռանալ։ Տաճարի լռության մեջ գիտակցում էի, որ սա պարզապես համերգ չէր․ դա հիշատակի ու շնորհակալության յուրահատուկ արարողություն էր։ Հայկոն շարունակում է ապրել իր երգերի մեջ, և այդ օրը մենք բոլորս միասին ապացուցեցինք դա։

Երեկոյի ամենահուզիչ պահերից էր «ՀԱՎԱՏԱ» երգի պրեմիերան: Երգն այս երբևէ չէր թողարկվել, այն կարծես նույնիսկ դեմո տարբերակով է, Հայկոյի վերջին գործերից է, պաշտոնապես թողարկվել է երեկ, այն մենք առաջին անգամ լսեցինք հենց միջոցառման ընթացքում: 

back-top