l

lifestyle

Գնացել էինք «Վարչաբենդ» խմբի առաջին փարթիին

ՕԿ, եկեք անկեղծ լինենք․ բոլորիս համար անակնկալ էր, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է «Վարչաբենդ» երաժշտական խումբ, նվագում է հարվածային գործիքներ և առցանց գրանցվողների հրավիրում է խմբի առաջին փարթիին (ավելի օֆիցիալ՝ դիսկոտեկի)։ Բայց ի՞նչ դիսկոտեկ առանց ԿամոԲլոգոյի, ու մենք որոշեցինք գնալ Ջրվեժում գտնվող Afina by Palladium, տեսնելու՝ ինչ է այնտեղ կատարվում։

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

Նախ եկեք հիշենք, թե որ քաղաքական գործիչներն են ունեցել հատուկ սեր երաժշտության հանդեպ։ Բիլ Քլինթոնը (ԱՄՆ նախկին նախագահ) սաքսոֆոն էր նվագում, Ռիչարդ Նիքսոնը (ԱՄՆ նախկին նախագահ) լավ դաշնակահար էր և նվագում էր նաև ջութակ։ Բարաք Օբաման (ԱՄՆ նախկին նախագահ) պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, բայց հայտնի էր իր երգելով․ soul երգեր էր կատարում հանրային միջոցառումների ժամանակ, ու դա շատերին էր տպավորում։ Ռոնալդ Ռեյգանը (ԱՄՆ նախկին նախագահ) ավելի շատ դերասան էր, բայց ֆիլմերում երգել է և երաժշտական միջավայրի հետ կապ ունեցել դեռ Հոլիվուդի տարիներին, իսկ Բորիս Ջոնսոնը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ) նվագում էր դաշնամուր։

Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին երաժշտության հետ ասոցացվեց իր ամենօրյա ռիլսերով՝ Զեմֆիրայից մինչև Maroon 5, Eminem և այլ կատարողներ։ Չգիտեմ՝ եթե անկեղծ, դրանից առաջ նա ինչ-որ կերպ ընդգծո՞ւմ էր իր սերը երաժշտության հանդեպ, թե ոչ։ Հետո հայտնվեց մի վիդեո, որտեղ նա հարվածային գործիքներ է նվագում, իսկ ավելի ուշ՝ իր իսկ կազմավորած երաժշտական բենդի մասին լուրը, որը անվանվեց «Վարչաբենդ»։

Եթե ճիշտ եմ դիտարկում, երևի այս խումբը կունենա շարունակական համերգներ, որոնց առաջինը հենց Afina by Palladium-ն էր։ Երևի մեծ սրահ ունենալու պատճառով, թեև եթե անկեղծ լինեմ, ես էլ չէի պատկերացնում, որ հազարավոր մարդիկ են լինելու, ու մի լավ հոգնեցինք նկարահանումների ընթացքում։

Երաժիշտները բոլորը երիտասարդներ են, նվագում են թե՛ ռոք, թե՛ սոուլ հիթեր, նաև հայկական հայտնի գործեր։ Ես երաժշտագետ չեմ, չեմ կարող ասել՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից ինչպես էին նվագում, բայց ամեն դեպքում մարդիկ ուրախ էին ու հավանում էին։

Արդյո՞ք սա նախընտրական քարոզարշավի շրջանակներում է։ Կարծում եմ՝ տարվա սկզբից սկսած գրեթե ամեն ինչ արդեն ունի քաղաքական ենթատեքստ։ Եթե այդպես է, ապա քայլը հետաքրքիր է՝ անսովոր և, մարքեթինգային լեզվով ասած, թրենդային ու մտածված։ Իմ այս լուսաբանումն էլ, ինչքան էլ ոչ քաղաքական ու ժամանցային լինի, միևնույն է դիտարկվելու է այդ դիտանկյունից։ Դա շատ լավ հասկանում եմ։ Բայց քանի որ ներկայացնում եմ քաղաքի բոլոր հետաքրքիր համերգային միջոցառումները ու փարթիները, չէի կարող այս մեկը բաց թողնել։ Որպես երևույթ՝ հետաքրքիր է։

back-top